ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՔՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Հիանալի տոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քնել՝ այսօր նշվում է քնի միջազգային օրը: Ճիշտ է, քնկոտների համար տոներ ու առիթներ պետք չեն երկար քնելու համար, բայց սա այն օրն է, երբ երկար ու հանգիստ քունը ոչ միայն խրախուսվում է, այլև ցանկալի է:

Առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին և այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր: Սակայն 2011թ.-ին այս տոնը նշեցին մարտի 18-ին, 2012 թ.-ին էլ՝ մարտի 16-ին, իսկ ահա այս տարի` 2013-ին, այս հաճելի տոնը նշվում է հենց այսօր` մարտի 15-ին:

Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Քնի ընթացքում ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, ինչպես նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Արթնանալուն պես ավելի թարմ ու առույգ ես լինում: Ապացուցվել է, որ երկար տարիներ առաջ, երբ դեռ չէր ստեղծվել հեռուստատեսությունը, մարդիկ քնում էին մեկ ժամ ավելի, քան հիմա, իսկ հետագայում, երբ ի հայտ եկավ համացանցը քնելու համար նախատեսված ժամանակը կտրուկ կրճատվեց:

Մենք ամեն կերպ փորձում ենք քնից գողանալ իրեն հատկացված ժամանակը՝ դասերի, աշխատանքի, երեկույթների համար: Սակայն դա ամենևին էլ ճիշտ չէ: Քունը օրգանիզմին թարմություն է հաղորդում, և նպաստում ողջ օրվա ակտիվությանը: Անքնության պատճառով կարող է ընկնել  դիմադրողականությունը, ամբողջ օրվա ընթացքում կարող ես թուլություն զգալ, ինչպես նաև երկար ժամանակ չքնելը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ: Այնպես որ քնելը պետք չէ ավելորդություն համարել և զոհել որևէ նպատակով:

Թեև մի շտապեք մտածել, թե որքան երկար է քունը տևում, այնքան մարդն ավելի առողջ է լինում: Երկարատև քունն էլ իր բացասական ազդեցությունն ունի: Փոքրիկների համար նորմալ է համարվում 10 ժամ գիշերային քունը, իսկ մեծերի համար՝ 7-8 ժամ: Այսպիսով՝ եթե ձեր քունն անկանոն է, փորձեք այօրվանից այն կանոնավորել ու լինել ավելի առողջ և առույգ: Ինչպես ասել է հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը՝ «Ես իմ քնի մեջ եմ անցկացնում կյանքիս  մեկ երրորդ մասը` ոչ ամենավատը»:

Մաղթում եմ ձեզ լիարժեք ու հաճելի քուն: Իսկ եթե ուզում եք, որ ձեր քունը հենց հիմա սկսի տանել, կարող եք կարդալ ահա այս հրաշալի հեքիաթը քնի մասին:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։