ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր գրքերն ու դասագրքերը մեր ամենամեծ հարստությունն են: Մեզ համար դասագրքեր կարոող են լինել նաև մեծ բանաստեղծների  իմաստուն ու բարի խոսքերը: Քեզ ենք ներկայացնում բանաստեղծություններ դասագրքերի մասին, որոնց հեղինակներն են Լիպարիտ Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը և Սուրեն Մուրադյանը:

Հարստություն

Թերթեր՝ դարսած իրար վրա,
Մի վերնագիր ու մի անուն,
Համեստ ու լուռ դրված է նա,
Դրված է նա պահարանում:

Եթե բացես, եթե կարդաս,
Նա քեզ թևեր կտա անտես,
Կհասցնի բարձունք անհաս,
Նոր աշխարհներ կտանի քեզ:

Ուժ կլցնի նա քո հոգում,
Նա կօգնի քեզ դժվար ժամին,
Կսովորեցնի ապրել կյանքում,
Ապրել հպարտ, ապրել ազնիվ:

Երա՜զ, երգե՜ր, թովքե՜ր գարնան,
Հույս ու ընկեր, կյանք ու գալիք,
Հարստությունն այս անսահման
Մի պարզ բառով կոչվում է գիրք…

 Սիլվա Կապուտիկյան

Իմ գրադարանը

Նկարազարդ շատ գրքեր կան
Իմ գեղեցիկ պահարանում,
Եվ նորերն են ամեն անգամ
Այնտեղ էլի ավելանում:

Փոքրիկ, խելոք մի Գիքոր կա,
Որին հայրն է քաղաք տարել,
Մի փիսո կա՝ շատ սուտասան՝
Շան գդակը դեռ չի կարել…

Մի ճպուռ կա՝ ծույլ ու անբան,
Ու մրջյուններ աշխատասեր,
Մի քաջ Արեգ, որ համարձակ
Մութ աշխարհն է անգամ հասել:

Մի պառավ կա՝ անկուշտ, ագահ,
Եվ մի պապիկ՝ բարի ու հեզ,
Ոսկե մի ձուկ կախարդական,
Որ կտա քեզ՝ ինչ որ ուզես:

Շատ գրքեր կան, որոնք հետո,
Հետո պիտի դեռ ունենամ,
Երբ հայրիկի նման մի օր,
Այ, այսքա՜ն շատ ես մեծանամ…

Լիպարիտ Սարգսյան

Իմ դասագրքերը

Ճիշտ է, գրքերը
Գիտելիքներ են
Ինձ տվել կյանքում,
Թևեր պարգևել,
Իմ մտքին, հոգուն,
Բայց թե ինչպես եմ
Սիրել աշխատանք,
Սիրել բնություն,
Հողը, վար ու ցանք,
Սովորեցրել են
Գրքերից էլ լավ
Հորս կոշտացած
Հողոտ ձեռքերը,
Որոնք դարձել են
Իմ ամենալավ
Դասագրքերը:

Ճիշտ է, մանկության
Հեքիաթներով եմ
Բարությամբ սնվել,
Չարի դեմ կռվող
Հերոսներն են ինձ
Արիություն տվել,
Սակայն մայրական
Քնքշանքնու սերը,
Օրհնանքով օժտված
Բարի խոսքերը,
Ջերմությամբ լցված
Գորովանքները
Դարձել են կյանքում
Իմ առաջին սուրբ
Դասագրքերը:

Սուրեն Մուրադյան

Կորած «հինգերը»

Մեր գյուղի ծայրին,
Մի ջրհորի մոտ
Կանգնել էր Արմիկն՝
Աչքերն արցունքոտ:
-Ինչո՞ւ ես լալիս,-
հարցրի կամաց,
Նա լաց լինելով
Հազիվ կմկմաց.
-Տես օրագիրս
Ընկավ ջրհորը…
-Ոչինչ, ասում եմ, –
Կգնես նորը:
Նա ավելի է
Կիտում հոնքերը.
-Իսկ ինչպե՞ս գտնեմ
Կորած «հինգերը»:

Սուրեն Մուրադյան

ԳԻՐՔ

Ասա տեսնեմ,
Իմ սիրուն գիրք,
Էս ինչե՞ր կան
Ծոցիդ միջին.
Ճստան մուկը,
Ոսկի ձուկը,
Թիթեռ, բզեզ
Գույն-գույն, պես-պես.
Բադն ու բուլիկ,
Գառն ու ուլիկ,
Կաքավ ու լոր,
Շլոր, սալոր:
Ասա՜, պատմի՜ր
Իմ ականջից,
Շատ բան գիտես
Ամեն ինչից:

Դե՛հ, շո՜ւտ պատմիր,
Իմ խելոք գի՜րք,
Մատաղ կանեմ
Քեզ խաղ ու միրգ:

Աթաբեկ Խնկոյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի