ՀԵՔԻԱԹԻ ԲԱՐԻ ՏԱՏԻԿԸ. ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆԸ

Այն մասին, որ ինքը գալիս է հեքիաթի միջից, շվեդուհի Աստրիդ Լինդգրենը բավական ուշ իմացավ: Իսկ մինչև կիմանար, նա հասցրեց ամուսնանալ, երկու բալիկ ունենալ և աշխատել որպես քարտուղարուհի: Եվ նրա մտքով չէր էլ անցնում, որ մի օր հայտնի հեքիաթագիր է դառնալու:
Բայց մի օր նրա աղջիկը` Կարինը, ծանր հիվանդացավ և մի քանի ամիս պառկած մնաց անկողնում: Եվ ամեն օր նա մայրիկին խնդրում էր իր համար հեքիաթ պատմել: Մի երեկո Աստրիդ Լինդգրենը էլ չգիտեր, թե ինչի մասին կարելի է հեքիաթ հորինել, և Կարինը նրան հուշեց. «Պատմիր ինձ Երկարագուլպա Պեպպիի մասին»: Աստրիդը էլ չհարցրեց, թե ով է Պեպպին և սկսեց պատմություններ հորինել նրա մասին:

Պեպպիի մասին հեքիաթը Աստրիդ Լինդգրենի առաջին հեքիաթն էր: Սակայն շուտով նրա հետ մի ձախորդություն էլ եղավ: Նա սայթաքեց և կոտրեց ոտքը: Իսկ մինչև կառողջանար, շարունակեց հեքիաթներ գրել Պեպպիի մասին:

Մի օր նա դրանք ուղարկեց թերթի խմբագրություն, և խմբագրությունը անսպասելիորեն որոշեց հրատարակել գիրք Պեպպիի մասին: Աստրիդ Լինդգրենին սկսեցին ճանաչել ու սիրել բոլորը և նրան բազմաթիվ մրցանակներ շնորհեցին: Աստրիդ Լինդգրենի մյուս հայտնի հերոսի մասին իր մայրիկին կրկին Կարինը հուշեց: Նա պատմեց մայրիկին, որ երբ մեծերը տանը չեն լինում, իր սենյակի պատուհանից մի զվարճալի թռչող մարդուկ է ներս գալիս, և եթե հանկարծ ինչ-որ մեկը սենյակ է մտնում, նա թաքնվում է նկարի հետևում: Այդպես հայտնվեցին Կառլսոնը և նրա մասին հեքիաթները:

Կառլսոնի և Պեպպիի մասին հեքիաթները թարգմանվեցին տարբեր լեզուներով և նրանց մասին մուլտեր ու ֆիլմեր նկարահանվեցին ողջ աշխարհում:

-Ես չեմ ուզում գրել մեծերի համար,- հաճախ էր ասում Աստրիդ Լինդգրենը:

Եվ այդպես էլ արեց: Բարի տատիկը երբեք չմեծացավ, որովհետև ամեն անգամ երեխա էր դառնում իր երեխաների, թոռնիկների ու ծոռնիկների հետ` նրանց նոր ու զարմանալի հեքիաթներ պատմելով: Աստրիդ Լինգրենն այսօր էլ ապրում է իր հեքիաթների հետ ու հեքիաթների մեջ, և առանց դրանց անհնար է պատկերացնել հեքիաթների մեծ աշխարհը:

Անահիտ Ալեքսանյան

3 մոծաբանություն ՀԵՔԻԱԹԻ ԲԱՐԻ ՏԱՏԻԿԸ. ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????