ԵՐԿԻՆՔ ԹՌՉՈՂ ՀՐԱՇՔԸ. ՕՃԱՌԵ ՊՂՊՋԱԿՆԵՐ

Երբեմն մտածում եմ, տեսնես ինչո՞վ են խաղացել երեխաները հարյուրավոր տարիներ առաջ, երբ չկային մեր ժամանակների բոլոր խաղալիքները, համակարգչային խաղերն ու մյուս զվարճանքները: Պարզվում է, նրանք շատ լավ էլ գտնում էին տարբերակներ, դե օրինակ, երբ մայրիկներն ավարտում էին իրենց լվացքը, վազում էին լվացքաջրերի մոտ ու սկսում խաղալ դրանց հետ, օճառե պղպջակները թռչում էին օդ ու անսահման երջանկություն պարգևում զարմացած ու հիացած փոքրիկներին:

Երևի գուշակեցիք. խոսելու ենք հենց օճառե պղպջակների մասին: Թեև դժվար է պատկերացնել, բայց նրանք հազարավոր տարիների պատմություն ունեն, ստեղծվել են դեռ այն ժամանակ, երբ գոյություն չունեին անգամ կենցաղային ամենասովորական իրերը: Չէ՞ որ այս հրաշալի պղպջակները ստանալու համար միշտ էլ այնքան քիչ բան է հարկավոր եղել:

baby-girl-playing-with-soap-bubbles-1

Իսկ հիմա խոսենք արդեն թվերով ու փաստերով: Օճառե պղպջակները ոչ միայն ամենապարզ ու սիրված, այլև ամենավաճառվող խաղալիքներն են: Ամեն տարի վաճառվում է ավելի քան 200 միլիոն սրվակ՝ լցված այս կախարդական հեղուկով: Օճառե պղպջակների դարավոր պատմության մասին անգամ հնագետներն են վկայում: Պոմպեյ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե փորագրություններ, որոնց վրա պատկերված են օճառե պղպջակներ բաց թողնող երեխաներ: Նույնպիսի պատկերներ կան նաև եգիպտական պապիրուսների մեջ:

Սկզբում իսկապես լվացքաջուրն էր ծառայում նյութ օճառե պղպջակների համար, իսկ այն փչելու համար սնամեջ ծղոտներ էին օգտագործվում: Բայց 1886 թվականին «Pears Soap Company» ընկերությունը սկսեց արտադրել հատուկ հեղուկ պղպջակների համար: Այն կարելի էր գտնել միայն մասնագիտացված խանութներում, իսկ հետո դարձավ հասանելի ամեն տեղ: Հեղուկը վաճառվում էր շատ ցածր գնով և ֆանտաստիկ հաջողություն էր վայելում:

Օճառե պղպջակների իսկական հաղթարշավը սկսվեց 1960-ական թվականներից հիպպիների ենթամշակույթի հետ: Այո, այո, պայծառ գույների այդ սիրահարները, ովքեր խաղաղություն էին քարոզում ամբողջ աշխարհում, այս ծիածանային պղպջակներն ընտրեցին որպես իրենց շարժման խորհրդանիշ:

Թեև օճառե պղպջակների ամենամեծ սիրահարները երեխաներն են, բայց մեծահասկաներն էլ չեն կարող հրաժարվել այդ հրաշք զվարճանքից: Շատ գիտնականներ օճառե պղպջակներ բաց թողնելիս մեծագույն հայտնագործություններ էին կատարում: Պղպջակին երկար նայելը նրանց օգնում էր կենտրոնանալ իրենց հուզող հարցի շուրջ ու կտրվել շրջապատող աշխարհից: Այդպես էին վարվում ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնը, Ուիլյամ Թոմսոնը, Չարլզ Բոյսը և ուրիշներ: Ի դեպ Չարլզ Բոյսը օճառե պղպջակների մասին մի ամբողջ գիրք է հրատարակել՝ մանրամասն բացատրելով, թե դրանք ինչպես են առաջանում ու ինչ առանձնահատկություններ ունեն:

1994 թ. Թիմ Կեխոեն նպատակ դրեց իր առջև ստեղծել գունավոր պղպջակներ: Նրա առաջին փորձերն անհաջող էին, պղպջակները միայն թույլ երանգավորում էին ստանում, իսկ տարիներ անց նա ստացավ իդեալական բաղադրատոմսը: Կեխոեն կոչեց իր հայտնագործությունը «Zubbles» և պատենտավորեց: Այս գունավոր պղպջակները ոչ մի հետք չեն թողնում մակերևույթի վրա:

Ի դեպ, օճառե պղպջակների մասին կարող ենք գտնել նաև Գինեսի ռեկորդների գրքում: 1996 թվականին Ալան Մակքեյը բաց է թողել ֆանտաստիկ երկարությամբ պղպջակ՝ 32 մետր: 1997 թվականին Ֆեն Յանգը օճառե պղպջակներից պատ է «կառուցել», որն ուներ 50 մետր բարձրություն և ընդգրկում էր 370 մ/ք տարածք: Իսկ  2007 թվականին Սեմ Հիսթը օճառե պղպջակի մեջ (1,5 x 3,3 մ) կարողացել է տեղավորել 50 մարդու:

Ինչեր ասես, որ չեն լցնում մարդիկ ջրի մեջ պղպջակներ ստանալու համար, օճառ, շամպուն, լվացքի փոշի ու մաքրող այլ միջոցներ: Միայն թե այդ տարբերակով ստացված պղպջակները ամուր չեն լինում և շատ արագ են պայթում: Իսկ ամուր ու «երկարակյաց» պղպջակներ ստանալու գաղտնիքը շատ պարզ է: Ահա թե որն է այն. վերցրեք 600 մլ ջուր, լցրեք 200 գր. մաքրող որևէ միջոց, շամպուն կամ օճառ և 100 գր գլիցերին: Գլիցերին հեշտությամբ կարելի է գտնել դեղատանը: Հենց գլիցերինի շնորհիվ են խանութներում վաճառվող օճառե պղպջակներն ավելի ամուր ստացվում, քան «ինքնաշենները»:

Ահա այսքանը, իսկ հիմա մի զսպեք ձեր թաքուն մանկական ցանկությունը, շտապեք հրաշագործությամբ զբաղվելու: Եվ ոչինչ, եթե ձեր ներքևի հարկում ապրող հարևանները կրկին սկսեն բողոքել ու փնթփնթալ… Նրանք պարզապես չեն հասկանում փոքրիկ պղպջակի հետ դեպի երկինք թռչող հրաշքը…

Անահիտ Ալեքսանյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի