facebook

ԱՅՍՕՐ ՈՒՐԲԱԹ 13 Է


Այսօր երևի շատերն են արթնացել ու օրացույցին նայելով սարսափահար ասել. «Այսօր ուրբաթ 13 է»: Ուրեմն վերջ, ամեն ինչ այսօր անհաջող է լինելու: Իսկ եթե հանկարծ պարզվեր, որ դեռ լիալուսին է լինելու, արդեն հաստատ սատանայի մատը խառը կլիներ: Բայց ինչու՞: Չէ՞ որ ուրբաթն էլ բոլոր օրերի պես սովորական օր է, այն էլ օր, որն ազդարարում է աշխատանքային շաբաթվա վերջը: Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ ուրբաթ 13-ը համարում սարսափելի վատ ու անհաջող օր:

Ամեն ինչ սկսվել է դեռ շատ վաղուց: Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսին խաչել են ուրբաթ օր, իսկ խորհրդավոր ընթրիքի 13-րդ ներկան Հիսուսի  դավաճան աշակերտն էր՝ Հուդան: Թե ինչ դուրս եկավ այս ամենից, բոլորը գիտեն: 13 թիվը անհաջող է համարվել դեռ հեթանոսակաան ժամանակներում: Հոմերոսը, Ցիցերոնը նույնպես վախենում էին այս թվից: Պատմության մեջ բազմաթիվ տխուր իրադարձություններ են կատարվել, որոնք զարմանալիորեն համընկել են հենց այս օրվա հետ՝ դավաճանություններ ու սպասնություններ, պետականության անկում ու պարտությամբ ավարտված ճակատամարտեր:

1791 թվկականին բրիտանական իշխանությունները որոշեցին վերջ դնել ուբաթ 13-ի հետ կապված սնահավատություններին և հենց այդպիսի մի օր սկսեցին մի մեծ նավի շինարարություն: Այն անվանեցին «Որբաթ», և, բնականաբար, նավն իր առաջին նավարկությանը դուրս եկավ ուրբաթ օր, ամսի 13-ին, սակայն… հետ չվերադարձավ: Այդ օրվանից անգլիացի նավավարները, ցանկացած պատճառաբանությամբ, դուրս չեն գալիս ծով ուրբաթ, ամսի 13-ին:

Ուրբաթ 13-ից վախենում են ոչ միայն  նավավարները, այլև բժիշկները ու ձգտում այդ օրը ոչ մի բարդ վիրահատություն չկատարել: Այդ օրերին չեն կնքվում գործարքներ ու չեն կատարվում ամուսնական արարողություններ: Կան մարդիկ, ովքեր անգամ վախենում են այդ օրը դուրս գալ իրենց բնակարաններից:

Ուրբաթ 13-ը անհաջող օր են համարել նաև շատ հայտնի մադրիկ. Յոհան Վոլֆգանգ Գյոթեն այս օրերը նախընտրում էր անցկացնել տանը՝ անկողնում, Նապոլեոն Բոնապարտը զերծ էր մնում ռազմական գործողություններից, իսկ Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը և Անգլիայի  թագուհի Ելիզավետա Առաջինը այսպիսի օրերին ոչ մի պայմանագիր չէին ստորագրում:

Ուրբաթ 13-ից վախի երևույթը նույնիսկ իր գիտաբժշկական անվանումն ունի՝ պարասկավեդեկատրիաֆոբիա (ուրբաթ և տասներեք բառերի լատինական անվանումների միացությունն է): Այս չափազանց դժվար անվանումով վախից ամենից շատ տառապում են անգլիացիներն ու ամերիկացիները: Անգլիայում գրեթե կրկնակի ավելանում են դժբախտ պատահարներն ու շտապօգնության կանչերը: ԱՄՆ-ում ավելի քան 21 միլիոն մարդ սարսափում է այդ օրվանից ու ձգտում ոչինչ չնախաձեռնել: Այդ վախի պատճառով երկրի տնտեսությունը կրում է 1 միլիարդ դոլարի վնաս:

Անգլիայում կինոթատրոններում չեք գտնի 13 համարի նստատեղը, նավերում՝ 13 համարի նավախուցը և ինքնաթիռներում նույնպես 12-րդ նստատեղին անմիջապես հաջորդում է 14-րդը: Շատ հյուրանոցներում նույնպես բացակայում է ոչ միայն 13-րդ սենյակը, այլև 13-րդ հարկը: Այո, այո, այն կոչում են 12+1 հարկ կամ պարզապես 14-րդ:  Ֆրանսիայում էլ, եթե ընթրիքին հրավիրված են լինում 13 մարդ, ապա սեղանի մոտ ավելացնում են նաև 14-րդ աթոռը և վրան խրտվիլակ նստեցնում: ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում էլ մի զարմանալի օրենք է գործում: Սև կատու պահող բոլոր մարդիկ պարտավոր են զանգակ կապել իրենց կատուների վզին և ուրբաթ 13-ին թույլ չտալ, որ նրանք դուրս գան տնից:

Եվ միայն Իսպանիայում ու Պորտուգալիայում են ուրբաթը համարում հաջողակ օր, քանի որ հենց ուրբաթ օրն է Կոլումբոսը սկսել իր ճամփորդությունը եւ հայտնաբերել Ամերիկան:

Ինչեր ասես, որ չեն մտածի մարդիկ, ինչ զգուշություն ասես, որ չեն ձեռնարկի՝ մոռանալով, որ յուրաքանչյուր վախի պատճառ ու «դեղամիջոց» հենց մեր ներսում է: Սարսափելի բաների մասին մտածելու փոխարեն պատուհանից դուրս նայեք. գարնանային հրաշալի օր է, որը մենք կարող ենք լցնել բարձր տրամադրությամբ և ուրախ պահերով: Իսկ հիմա օրացույցի այսօրվա էջին մի ուրախ ժպտացող դեմք նկարեք, դուք էլ ժպտացեք նրա նման ու հավատացեք, ոչինչ չի կարող փչացնել ձեր օրը, եթե դուք չցանկանաք…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՈՒՐԲԱԹ 13 Է