ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ԵՐԵԽԱՆԵՐ


Գիտեմ՝ դժվար է պատկերացնել, բայց օրվա մեջ կար մի ժամ, երբ մեր բոլորի մայրիկներն ու հայրիկները վազում էին հեռուստացույցի մոտ հեքիաթ լսելու: Այո, այո, երեկոյան ժամը 20:00-ին նրանց սիրելի Բարի գիշեր, երեխաներ հեռուստահաղորդման ժամն էր:

Բարի գիշեր, երեխաներ հաղորդումը ոչ միայն Խորհրդային միության, այլև ողջ աշխարհի ամենահաջողված հեռուստատեսային նախագծերից մեկն էր: Այս հաղորդումը հիմա իր հերթին է սպասում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար որպես ամենաերկարակյաց մանկական հաղորդում: Առաջին անգամ այն եթեր հեռարձակվեց 1964 թ. սեպտեմբերի 1-ին և առանց դադարի եթերում է առ այսօր: Այժմ Բարի գիշեր, երեխաներ-ը դիտում է արդեն 3-րդ սերունդը:

21 Այն ժամանակ դեռ չկար հեռուստաալիքների այս բազմությունը և ընդամենը 1-2 հեռուստաալիք գոյություն ուներ: Մանկական հաղորդումների խմբագիր Վալենտինա Ֆյոդորովա նախ որոշեց, որ երեխաներին հարկավոր է հեքիաթ պատմել քնելուց առաջ: Հետո ծնվեց այն հրաշալի երգը, որ մեզ բոլորիս քաջ ծանոթ է: Երգի հեղինակը Արկադի Օստրովսկին է, իսկ կադրում պատկերվող պլաստիրնե մուլտֆիլմի հեղինակը՝ Ալեկսանդր Տատարսկին:

Առաջին հաղորդումները ընդամենը նկարներ էին և նրանց ետևում հնչող ձայն, որ հեքիաթ էր պատմում: Հետո եթեր մուտք գործեցին նաև տիկնիկային թատրոնի դերասաններն ու տիկնիկները: Ի դեպ, հաղորդման անունը որոշելու համար երկար քննարկումներ են եղել և միայն առաջին եթերի նախորդ օրը ընտրվել է Բարի գիշեր, երեխաներ տարբերակը:

Անցավ ևս մի քանի տարի և Բարի գիշեր, երեխաներ հաղորդումը գտավ իր իսկական դեմքը: Հայտնվեցին Խրյուշան, Ստեպաշկան, Կարկուշան և Ֆիլյան: Երեխաները անմիջապես սիրեցին այս կերպարներին: 1980-ական թվականներին փորձ արվեց տիկնիկներին փոխարինել մարդկանցով: Միլիոնավոր հեռուստադիտողներ այնպես վրդովվեցին, որ տիկնիկներին այևս ոչ ոք ձեռք չտվեց:

спокойной-ночи

Խրյուշան մինչև 2002 թվականը խոսում էր հաղորդման ամենատարեց աշխատակցի՝ Նատալյա Դերժավինայի ձայնով: Դերասանուհին գրեթե ողջ կյանքը նվիրել էր այդ տիկնիկին: «Նա երբեմն դուրս է գալիս իմ վերահսկողությունից ու սկսում է խոսել ինքն իրեն. քիչ է մնում ներողություն խնդրեմ նրա փոխարեն: Ինձ թվում է մեր մեջ նույն արյունն է հոսում», – ասում էր Նատալյա Դերժավինան: Նրա խռպոտ ձայնը բոլորն էին ճանաչում, իսկ դերասանուհու տունը լցված էր հեռուստադիտողների նվերներով: Դրանց մեծ մասն, իհարկե, խոզուկ խաղալիքներ էին: Եվ միայն նրա մահից հետո Խրյուշան ստիպված եղավ խոսել մեկ ուրիշ ձայնով:

Ֆիլյային հնչյունավորում էր Գրիգորի Տոլչինսկին: Նա կատակով ասում էր. «Թոշակի անցնեմ, գիրք եմ գրելու. 20 տարի մորաքույր Վալյայի շրջազգեստի տակ» վերնագրով»: Բանն այն է, որ հաղորդման ընթացքում տիկնիկավարները ստիպված թաքնվում էին հաղորդավարուհի Վալենտինա Լեոնտևայի  ոտքերի մոտ՝ կադրում չհայտնվելու համար:

Կարկուշայի դերի համար բազմաթիվ դերասանուհիների փորձեցին, մինչև հայտնվեց Գերտրուդա Սուֆիմովան ու զվարճալի ագռավին այլևս հնարավոր չէր պատկերացնել այլ ձայնով:

Իսկ Ստեպաշկան խոսում է Նատալյա Գոլուբենցևայի ձայնով: Դերասանուհին շատ հաճախ մոռանում է և իրական կյանքում էլ է այդպես խոսում: Ստեպաշկայի զվարճալի ձայնը լսելով՝ անգամ պետավտոտեսուչներն են ուրախանում ու մոռանում դերասանուհուն տուգանելու մասին: Անգամ նրա վկայականի մեջ լուսանկարում նա միայնակ չէ, այլ Ստեպաշկայի հետ:

Առաջինը այս տիկնիկներից եթերում հայտնվեց շնիկ Ֆիլյան. դա 1968 թվականի մայիսի 20-ն էր: Խրյուշայի ծննդյան օրը համարվում է 1971 թվականի փետրվարի 10-ը: Երբ այդ օրը մորաքույր Վալյան ողջունեց հեռուստադիտող երեխաներին, հանկարծ սեղանի տակ ինչ-որ մեկը տրորեց նրա ոտքը:

-Օյ, այդ ո՞վ էր, – հարցրեց մորաքույր Վալյան:
Եվ սեղանի տակ լսվեց փոքրիկ խոզուկի խռպոտ ձայնը:
-Խրյուշան…

Խաղալիքներին ստուդիայում մեծ հոգատարությամբ են վերաբերվում, նրանց խնամում են, հագցնում ու լողացնում: Յուրաքանչյուր հաղորդումից հետո նրանք հանգստանալու իրավունք ունեն, քանի որ հաղորդման ընթացքում տիկնիկավարը նրանց մեծ քանակի էներգիա է տալիս, որպեսզի նրանք կենդանանան: Այնպես, որ երեխաներին բարի գիշեր մաղթելուց հետո նրանք էլ են գնում քնելու:  Տիկնիկներն անգամ իրենց զգեստապահարանը ունեն: Ինչե՜ր ասես, որ չկան այստեղ: Բայց տիկնիկներն էլ ի վերջո մաշվում են և ամեն 3 տարին մեկ նոր տիկնիկներ են պատրաստվում, իսկ հները նույնպիսի խնամքով պահվում են իրենց համար նախատեսված սենյակում:

upload-03

Տիկնիկների գլխին ինչ ասես որ չի եկել այս տարիների ընթացքում, հատկապես Խրյուշայի: Դելֆինարիումում նկարահանումների ժամանակ դելֆիններից մեկը Խրյուշային իր հետ ջուրն է տարել, մի անգամ էլ արջն է կերել Խրյուշայի գլուխը՝ շփոթելով իսկական խոզուկի հետ:

Տարբեր տարիների հաղորդումը վարել են տարբեր դերասաններ ու հաղորդավարներ: Նրանք բոլորն էլ սիրվել են թե մեծահասակ, թե փոքրիկ հեռուստադիտողների կողմից: Իսկ այսօր այն վարում են Օկսանա Ֆյոդորովան, Աննա Միխալկովան և Վիկտոր Բիչկովը: Իհարկե այս երիտասարդ աղջիկներին տիկնիկներն արդեն մորաքույր չեն կոչում, բայց դերասան Վիկտոր Բիչկովը պահպանել է քեռի Վիտյա կոչումը:

Այսօր հաղորդումը երեխաները դիտում են նույն հետաքրքրությամբ ու ոգևորությամբ և ամեն օր արդեն ժամը 20:45-ին  շտապում են միացնել Россия հեռուստաալիքը, ուր իրենց են սպասում Խրյուշան, Ստեպաշկան, Կարկուշան ու Ֆիլյան, սպասում են, որ միասին ճանապարհ ընկնեն դեպի հեքիաթների բարի-բարի աշխարհը ու այնտեղ հասնելով՝ խոր քուն մտնեն զարմանահրաշ երազների գրկում…

 Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։