facebook

ՊԱՊԻԿԸ, ՈՐԸ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԵՔԻԱԹ ՊԱՏՄԵԼ


-Լինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում, անունը՝ Դեղին գլխարկ…
– Ոչ թե Դեղին, այլ՝ Կարմիր…
-Ախ, հա՜, Կարմիր գլխարկ… Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում. «Իմ սիրուն Կանաչ գլխարկ…»:
-Չէ, ի՞նչ Կանաչ, ասացի՝ Կարմիր:
-Լավ, լավ, Կարմիր: «Գնա մորաքրոջդ տուն և նրան տար տապակած կարտոֆիլ…»:
-Ոչ, ոչ: Մայրիկն ասում է. «Գնա տատիկի տուն և նրան տար այս կարկանդակները»:
-Լավ, թող այդպես լինի: Աղջիկը գնում է և անտառում հանդիպում ընձուղտին:
-Նորից ամե՜ն ինչ խառնեցիր:  Նա հանդիպում է  գայլին, ոչ թե ընձուղտին:
-Եվ գայլը հարցնում է նրան. «Ինչքա՞ն կլինի՝ վեց անգամ ութ»:
-Լա՜վ էլի, պապիկ, Գայլը հարցնում է. «Ո՞ւր ես գնում»:
-Ճիշտ ես ասում: Իսկ Սև գլխարկը պատասխանում է…
-Պապիկ, դա Կարմիր, Կարմիր գլխարկն էր:
-Լավ, լավ, Կարմիր: Նա պատասխանում է. «Ես գնում եմ շուկա՝ բալի մուրաբա գնելու»:
-Ոչ մի նման բան: «Ես գնում եմ տատիկի մոտ, բայց մոլորվել եմ»:
-Ճիշտ է, իսկ ձին ասում է…
-Ի՞նչ ձի: Կարմիր գլխարկը գայլի էր հանդիպել:
-Վա՜յ, մոռացա, իհարկե՝ գայլ, որն էլ ասում է. «Նստիր 76 համարի ավտոբուսը, գնա մինչև հրապարակ, թեքվիր ձախ, այնտեղ կտեսնես ներքև տանող աստիճաններ: Այդտեղ կտեսնես մի հարյուր դրամանոց: Աստիճաններին ձեռք չտաս, իսկ հարյուր դրամանոցը վերցրու և պաղպաղակ գնիր քեզ համար»:
-Պապիկ, դու հեքիաթ պատմել բոլորովին չգիտես: Իսկ պաղպաղակ, ինչ էլ լինի, դու պիտի գնես ինձ համար:
-Լավ, ահա քեզ 100 դրամ:
Եվ պապիկը նորից սկսեց թերթ կարդալ:

Ջաննի Ռոդարի

Մեկնաբանություններ

ՊԱՊԻԿԸ, ՈՐԸ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԵՔԻԱԹ ՊԱՏՄԵԼ

log in

reset password

Back to
log in