ԹԱԼԻՆԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ


Թալինն ու փոքրիկ հաղորդավարը
Թալինն ու փոքրիկ հաղորդավարը

Հարյուր հազարավոր հայ փոքրիկներ այսօր ապրում են օտարալեզու միջավայրում, հաճախում օտարալեզու դպրոցներ, դիտում օտարալեզու ֆիլմեր ու հաղորդումներ: Սփյուռքում գործող հայկական կառույցները, սակայն, ջանք չեն խնայում նրանց հայեցի արժեքներով դաստիարակելու և հայ խոսքն ու մշակույթը ներկայացնելու համար: Բոլորովին վերջերս ես էլ ծանոթացել եմ այդպիսի նպատակներով առաջնորդվող մի հրաշալի մարդու հետ և մեծ ուրախությամբ ներկայացնում եմ նրան նաև ձեզ:

Լիբանանի մայրքաղաք Բեյրութում արդեն 25 տարի գործում է «Վանա ձայն» ռադիոկայանը: 2011 թականին Հայաստանի Սփյուռքի նախարարությaն կողմից «Վանա ձայնը» ճանաչվել է Սփյուռքում գործող լավագույն ռադիոկայանը: Բազմազան հաղորդումների շարքում «Վանա ձայնը» ներկայացնում է նաև մանկական հաղորդումներ: Թե ինչպես են պատրաստվում մանկական հաղորդումները լիբանանահայ մանուկների համար և ինչպիսի հետաքրքրություններ ունեն նրանք, կպատմի այդ հաղորդումների հաղորդավար և խմբագիր Թալին Լատոյան-Զալալյանը:

-Ընտանիքս Մեծ եղեռնի տեղահանությունների ժամանակ գաղթել է Սասունից ու հաստատվել Լիբանանում: Ես ծնվել եմ հայրենասեր ընտանիքում: Մանկուց ես ու քույրերս մեծացել ենք Սասունցի Դավթի և Հայաստանի մասին պատմություններ և հայկական առասպելներ լսելով: Հաճախել ենք Հայկական վարժարաններ և միշտ սիրել ենք մեր լեզուն եւ  հայրենիքը, – պատմում է Թալինը:

Թալինն ու նրա փոքրիկ ընկերը
Թալինն ու նրա փոքրիկ ընկերը

Ճիշտ է, Լիբանանում այսօր էլ հայկական վարժարաններ գործում են և հայ աշակերտներով լեցուն են, բայց այստեղ մեծ թվով հայ մանուկներ հաճախում են ոչ հայկական վարժարաններ և կանգնած են հայերեն լեզուն և հայկական արժեքները մոռանալու վտանգի առաջ: Կարծում եմ նրանց Mocak.am-ի նման հետաքրքրական ու այժմեական կայքէջեր են հարկավոր, քանի  որ այսօր փոքրիկները տարված են համակարգչով և նրանց անհրաժեշտ տեղեկատվությունը հենց այս ճանապարհով կարող է նրանց հասնել (Շնորհակալություն վստահության համար – ՄՈԾԱԿ 🙂 ):

Վանա Ձայն ռադիոկայանի մանկական հաղորդումները նույնպես փորձում են ծառայել այդ նպատակին, անդրադառնում են հայոց եկեղեցական ու ազգային տոներին, որպեսզի փոքրիկները միշտ  հիշեն և պահպանեն հայկական ավանդույթները: Մեր հաղորդումներում մենք փորձում ենք ներգրավել նաև օտարալեզու վարժարաններ հաճախող փոքրիկներին, որպեզի նրանք էլ ունկնդրեն հայկական ռադիոկայանի հայերեն հաղորդումները, լսեն  հայերեն երգեր: Մենք էլ քաջալերում ենք նրանց մաքուր և ճիշտ հայերենը:

Թալինն ինքը պատրաստում է երկու հաղորդում: Դրանցից մեկը կոչվում է «Թալինը, Ժպիտը և Զվարթիկը», իսկ մյուսը կոչվում է «Խաղալու»: «Թալինը, Ժպիտը և Զվարթիկը» հաղորդումն արդեն 4 տարեկան է և ներկայացնում է երեխաներին հետաքրքրող նյութեր, քաղաքավարության կանոններ, զարմանալի փաստեր, կենդանիների մասին պատմություններ, ծանոթացնում է տարբեր արհեստների ու արվեստների հետ: Հաղորդումն ունի նաև ինչուիկների բաժին և ռադիոլսող փոքրիկները նամակներով իրենց «ինչուիկ»-ները կարող են ուղղել Թալինին ու ստանալ պատասխաններ: Ամեն շաբաթ Թալինն իր ռադիոլսող ընկերների հետ երևակայական ճամփորդության է մեկնում, ծանոթացնում երկրների աշխարհագրության, մշակույթի և պատմության հետ:

Ուրախ Կաղանդը Թալինի կազմակերպած մանկական միջոցառումներից մեկն էր
Ուրախ Կաղանդը Թալինի կազմակերպած մանկական միջոցառումներից մեկն էր

-Մինչև օրս մենք արդեն այցելել ենք ավելի քան 80 երկիր և այսուհետ պիտի այցելենք Հայաստանի մարզերն ու գյուղերը, – ասում է Թալինը:

Իսկ Թալինի պատրաստած երկրորդ հաղորդումը հատուկ խաղալու համար է, չէ՞ որ այն հենց այդպես էլ կոչում է՝ «Խաղալու»: Այս հաղորդման ընթացքում յուրաքանչյուր օր Թալինին մի փոքրիկ ռադիոլսող է միանում և օգնում է վարել հաղորդումը: Թալինն ու փոքրիկ  հաղորդավարը հանելուկներ են ներկայացնում, իսկ ռադիոլսողները զանգահարում են և փորձում են պատասխաններ գտնել:

-Մենք ռադիոյում առաջին անգամ հայտնված փոքրիկին ինքնավստահություն ենք ներշնչում, օգնում ենք արտահայտել սեփական մտքերը: Բացի այդ, միասին ավելի ուրախ է: Այս հաղորդումներն անհնար է պատրաստել առանձին գրասենյակում նստած: Ես ներշնչվում եմ  փոքրիկների հետ զրույցներից, նրանց հարցերից և փորձում եմ հաղորդումները այժմեական դարձնել թե փոքրիկների, թե նրանց ծնողների համար:

Թալինը ունի նաև իր խումբը, որը կոչում է «Ուրախ տարեդարձ»: Խումբը զբաղվում է ուրախ մանկական միջոցառումների կազմակերպմամբ և փորձում է յուրաքանչյուր երեխայի տարեդարձ լցնել հայերեն երգերով ու խաղերով և իհարկե ժպիտներով: Թե ինչպիսի ուրախ տրամադրություն է տիրում Թալինի հաղորդումների ու կազմակերպած միջոցառումների ժամանակ, ամենից լավ կարելի է պատկերացնել դիտելով այս  լուսանկարները և լսելով հաղորդումները «Վանա ձայն» ռադիոկայանի եթերում (ուրբաթ և կիրակի օրերին, ժամը 17:00-ին), իսկ Լիբանանահայ փոքրիկների ու մանկական աշխարհի նվիրյալ Թալինի մասին խոսելու առիթներ  մենք դեռ շատ կունենանք, չէ՞ որ մենք արդեն լավ ընկերներ ենք:

Մեկնաբանություններ

ԹԱԼԻՆԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

log in

reset password

Back to
log in