ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽՈՍԵՆՔ ԿԱՐԱՊՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Կարապները դեռ շատ վաղուց համարվել են գեղեցկության, հպարտ միայնության, անաղարտության, իմաստության ու կատարելության խորհրդանիշ: Շատ զրույցներում ու ավանդություններում է կարապը գովերգվել: Բազմաթիվ ժողովուրդներ այսօր էլ երկրպագում են կարապներին: Ղազախները օրինակ նրանց համարում են թռչունների արքա, կելտերը՝ գարնան ավետաբեր թռչուն, սլավոնական ժողովուրդների համար  էլ կարապները սուրբ թռչուններ են համարվում: Իսկ քրիստոնեական զրույցներում կարապը համարվում է մաքրության ու Մարիամ Աստվածածնի խորհրդանիշը:

Կա մի հինավուրց լեգենդ կարապի երգի մասին, որ այդ չքնաղ թռչունն իբր երգում է մեռնելուց առաջ: Այս լեգենդի պատճառով են կարապներին անվանում պոետների թռչուններ, որոնք նախազգալով մահը հրաշալի հնչյուններ են արձակում: Սակայն կարապն առհասարակ երգեցիկ թռչուն չէ, թշշան կարապը կարող է միայն կռնչալ, իսկ կանչող կարապը՝ շեփորի բարձր ու հանդիսավոր ձայն արձակել:

karap 1

Կարապները գեղեցիկ, խոշոր և ուժեղ թռչուններ են: Մարմնի երկարությունը մինչև 180 սմ է: Ունեն փարթամ և խիտ փետուրներ, երկար պարանոց: Հայտնի է կարապների 6 տեսակ: Կարապների երգը կարելի է լավ լսել հատկապես գարնանը, երբ հարավային ձմեռումից վերադարձած այդ թռչունները զույգ առ զույգ սավառնում են երկնքում: Կարապներն առավել գեղեցիկ են խուլ անտառի մենավոր լճում: Նրանք թեթև ու անաղմուկ սահում են ջրի վրա, և ջուրը ստանում է սադափի երանգ: Անկրկնելիորեն նրբագեղ է կարապի յուրաքանչյուր շարժումը՝ և լողալու ժամանակ, երբ նրա հետևից ցոլցլացող ալիք է մնում, և լողանալիս, երբ աղմուկով ճղփացնում է ջուրը, և թռիչքի պահին:

Կարապները թեև բացառիկ զգայուն և զգուշավոր թռչուններ են և բնադրում են մեկուսի լճակների գրեթե անմատչելի եղեգնուտներում, նաև հեշտությամբ ընտելանում են անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների: Ճուտիկների դաստիարակությամբ զբաղվում են և արուն, և էգը: Սպիտակ կարապն արագ է ընտելանում նոր պայմաններին. կենդանաբանական այգիներում սպիտակ կարապները համերաշխ ապրում են Ավստրալիայից բերված «հյուրերի»՝ սև կարապների հետ:

Կարապներն ամենագեղեցիկ ու մարդկանց համար ամենասիրելի թռչուններից մեկն են: Կարապների մասին բազմաթիվ հեքիաթներ ու բանաստեղծություններ են գրվել (այդ թվում՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը»), նրանց են նվիրվել երաժշտական ստեղծագործություններ, իսկ երկնքի հյուսիսային կիսագնդում կա մի համաստեղություն, որը կոչվում է Կարապի համաստեղություն:

Մեկնաբանություններ

ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽՈՍԵՆՔ ԿԱՐԱՊՆԵՐԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in