ԱՌՋԵՎՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ…


Քննություններ

Այո, առջևում քննություններ են և ես իսկապես պատկերացնում եմ, թե որքան կարևոր են դրանք քեզ համար: Երևի դու էլ արդեն գրքերից աշտարակներ ես պատրաստել ու փորձում ես գլուխ հանել, թե որտեղից է պետք սկսել: Որպեսզի քննաշրջանը շատ հեշտ և ուրախ անցնի, ես էլ կմիանամ քեզ, ու միասին կնախապատրաստվենք քննություններին: Իսկ երբ դրանք ավարտվեն, միասին հետ կնայենք ու ծիծաղենք. մի՞թե այդ քննություններից էինք մենք վախենում…

Եվ այսպես: Նախ արի խոստանանք, որ ոչ մի դեպքում չենք տխրելու ու չենք հուսահատվելու՝ անկախ արդյունքից: Մեր գործը ոչ թե հանձնվելն է, այլ քննությունը պատվով հանձնելը: Եվ քննության գնահատականը շատ հազվադեպ է որոշիչ դեր կատարում: Էականը գիտելիքներն են: Չէ՞ որ տարիներ հետո, երբ մի անցորդի, օրինակ, հարկավոր լինի առաջին բուժօգնություն ցույց տալ կամ էլ եթե որևէ երկրում մոլորվես, քեզ օգության են հասնելու ոչ թե կենսաբանությունից ու օտար լեզուներից ստացած գնահատականներդ, այլ գիտելիքները: Այնպես որ մի պահ մոռացիր գնահատականների մասին, կենտրոնացիր ամեն ինչ յուրացնելու և պահանջվող բոլոր հարցերի պատասխանները նախապես պատրաստելու վրա և չես էլ նկատի, թե ինչպես քննական տետրում կհայտնվի երազածդ գնահատականը:

Իսկ հիմա արի անկեղծ լինենք: Ինչպե՞ս ես սովորել տարվա ընթացքում: Եթե պարտաճանաչ սովորել ես ողջ տարին, ապա քո գործն ավելի հեշտ է, մնում է միայն կրկնել անցածը: Բայց և կլինեն որոշ դասեր, որոնք դու չես հասցրել լավ սովորել, կամ էլ ինչ-որ բանաստեղծության անգիր է հասցրել «պլստալ» ուսուցչուհու աչքից: Այ հենց դրանցից էլ պետք է սկսել, չէ՞ որ դրանք քո «թույլ տեղերն» են: Հմուտ զորավարները նախ հզորացնում են իրեն թույլ կետերը: Առանձնացրու այդ դասերը, ինչպես նաև նրանք, որոնք քեզ ամենից ավելի դժվար են թվացել: Այս դասերին հարկ կլինի անդրադառնալ մի քանի անգամ, որպեսզի դրանք քո գլխում շատ ամուր «տեղավորվեն»:

Որպեսզի հաղթահարես քնության հանդեպ վախդ, քեզ պետք կգա նաև մայրիկի կամ հայրիկի օգնությունը: Խնդրիր նրանց քեզ համար «քննություն» բեմադրել: Միայն թե հարկավոր է դրան շատ լուրջ վերաբերվել: Ոչ մի հուշում մայրիկի ու հայրիկի կողմից: Նրանք քո ուսուցիչների դերը պետք է կատարեն, հսկեն, որ չարտագրես և ճիշտ ժամանակին ավարտես: Պատրաստեք քննական տոմսեր, և յուրաքանչյուր «քննության» ժամանակ պատասխանիր մի նոր տոմսի:

Մոռացիր «Չեմ կարող» արտահայտությունը և առհասարակ բոլոր «չ»-երը: Ինչո՞ւ նախապես ատել քննական տոմսը, եթե կարելի շատ հեշտ լեզու գտնել նրա հետ: Պատկերացրու, որ նա բոլորովին էլ վատ մտքերով չէ հայտնվել քո ձեռքում և մեծ հաճույքով ինքն էլ կդառնար կարուսելի կամ կինոթատրոնի տոմս: Պարզապես ձեր առջև դրված են մի քանի առաջադրանքներ. եթե դու առանց բարկանալու, հուզվելու ու նյարդայնանալու կատարես դրանք, ապա առանց հապաղելու կարող ես կարուսել ու կինոթատրոն շտապել: Քննությունը քեզ համար հերթական հնարավորություն է ուժերդ փորձելու և ևս մեկ հաղթանակ տոնելու համար:

Յուրաքանչյուր օրվա համար նախատեսիր սովորել որոշակի թվով հարցեր և փորձիր միշտ գերազանցել այդ քանակը: Որոշ ժամանակով հետաձգիր խաղերդ ու զվարճանքներդ: Երբ քննություններն ավարտվեն, դու նրանց մի լավ կարոտած կլինես, ու դրանից նրանք ավելի սիրելի կթվան քեզ:

Կրճատիր խաղերիդ համար հատկացվող ժամանակը, բայց ոչ մի դեպքում չկրճատես քնելու և ուտելու համար նախատեսված ժամանակը: Սննդի ու քնի պակասի դեպքում քո տրամադրությունը շատ շուտ կընկնի, և դու չես կարողանա կատարել վերը նշված պայմանները: Ինչպես նաև մի մոռացիր ժամանակ առ ժամանակ հանգտանալու և զբոսնելու մասին:

Իսկ երբ մոտենա քննության օրը, փորձիր նախորդ օրը ոչինչ չանել, այլ միայն հանգստանալ: Պատրաստիր պայուսակդ, իսկ առավոտյան նախաճաշելով և ուրախ տրամադրությամբ զինվելով գնա քննության. չէ՞ որ դու հրաշալի պատրաստվել ես և ոչինչ չի կարող քեզ վախեցնել: Վստահ եմ, որ ջանքերդ արդյունք կտան, և ես ու դու քեզնով մի լավ հպարտանալու առիթ կունենանք:

Մեկնաբանություններ

ԱՌՋԵՎՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ…

log in

reset password

Back to
log in