ԿԵՆԳՈՒՐՈՒ

Այս զարմանալի կենդանին ապրում է Երկիր մոլորակի միայն մի անկյունում՝ հանելուկների ու անակնկալների մայրցամաք Ավստրալիայում: Կենգուրուն նման չէ ոչ մի այլ արարածի: Անգամ նրա անվանման մասին լեգենդներ են պտտվում: Մի քանի հարյուր տարի առաջ մարդիկ ոչինչ չգիտեին կենգուրուի մասին և առաջին եվրոպացիները, որ հայտնվեցին Ավստրալիայում, պարզապես ապշել էին՝ տեսնելով մորեխի պես ցատկոտող այս հսկայական կենդանուն:

Իսկ երբ նրանք տեղացիներից փորձեցին իմանալ կենդանու անունը, տոհմի առաջնորդը նրանց պատասխանեց. «Կեն-գու-րու»: Ճանապարհորդները ուրախ-ուրախ պատմեցին իրենց ընկերներին որ տեսել են կենգուրու անունով կենդանուն: Վերջինիս անունն այդպես էլ մնաց, մինչդեռ տոհմի առաջնորդի ասածը պարզապես նշանակում էր. «Ես չեմ հասկանում»:

Կենգուրու

Այսօր կենգուրուն Ավստրալիայի խորհրդանիշն է դարձել և էմու ջայլամի հետ պատկերված է անգամ երկրի գերբի վրա: Այս երկու կենդանիները ամենահայտնի ավստրալական կենդանիներն են և բացի այդ նրանք չեն կարող ետ-ետ քայլել և խորհրդանշում են այն, որ Ավստրալիան քայլում է միայն դեպի առաջ:

Շատերն են շփոթում Ավստրիան և Ավստրալիան, անգամ քաղաքական գործիչները: Ահա թե ինչու Ավստրիայում տարբեր տեղեր կարելի է փակցված տեսնել այս արտահայտություն. «Ավստրիայում կենգուրուներ չկան»:

Եվ թեև կենգուրուները տարածված են միայն մեկ վայրում, բայց ունեն մոտ 70 տեսակ: Նրանցից ամենամեծը մոխրագույն կենգուրուն է, որ կարող է հասնել մինչև 3 մետրի: Իսկ կարմիր կենգուրուի քաշը հասնում է մինչև 90 կգ: Կենգուրուն կարող է վազել մինչև 60կմ/ժ արագությամբ և ցատկել 3մ բարձրությամբ պատնեշի վրայով: Այդքան բարձր ցատկել կենգուրուին օգնում են նրա հզոր ետին ոտքերը:

Կենգուրու

Կենգուրուները սնվում են խոտով, իսկ ջուր շատ քիչ են խմում: Կարող են անգամ ամիսներով մոռանալ ջուր խմելու մասին: Իսկ ուտել նրանք սիրում են երեկոյան և գիշերը: Օրվա ընթացքում նրանք հանգստանում են ստվերում:

Կենգուրուներն ունեն մեծ ականջներ և հրաշալի լսողություն: Մարդկանց կամ գիշատիչ կենդանների ձայն լսելով նրանք զգուշացնում են միմյանց՝ ոտքերը գետնին թփթփացնելով:

Կենգուրուների թերևս ամենահետաքրքիր առանձնահատկությունը նրանց փորիկի վրա գտնվող գրպանն է, որտեղ բավական երկար ժամանակ՝ գրեթե վեց ամիս ապրում է նորածին կենգուրուն: Բանն այն է, որ կենգուրուները լույս աշխարհ են գալիս շա՜տ փոքրիկ՝ ընկույզի չափ: Փոքրիկ կենգուրուն ծածկված չէ մորթիով, աչքերը փակ են, իսկ օրգաններն էլ դեռ զարգացած չեն: Դրա համար էլ կենգուրուն իր ձագուկին տեղավորում է իր «պայուսակի» ներսում: Այստեղ էլ փոքրիկը սնվում է կաթով ու մեծանում: Մայր կենգուրուն կարող է կառավարել իր գրպանը մկանների օգնությամբ, բաց անել և փակել, երբ կցանկանա: Կենգուրու մայրիկը ունի 4 տեսակի կաթ՝ նախատեսված տարեր տարիքի ձագուկների համար: Ի դեպ, հայրիկ կենգուրուները պարկավոր չեն:

Թեև հեռվից կենգուրուները շատ համակրելի ու հետաքրքիր են թվում, բայց շատ հաճախ նրանք վնաս են պատճառում մարդկանց: Ավստրալիայում նրանք այնքան տարածված են, որ հանդիպում են անգամ քաղաքի փողոցներում: Լուսացույցների լույսերով զմայլված նրանք կարող են կանգնել փողոցի մեջտեղում և անշարժանալ կամ էլ կարող են հանկարծակի ցատկել մեքենայի դիմաց:

Իսկ ամենից շատ երևի կենգուրուներին կարելի է հանդիպել ավստրալական կղզիներից մեկում, որը կոչվում է… Կենգուրու…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի