ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Այսօր ֆրանսահայ հանրահայտ երգիչ, կոմպոզիտոր և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Աշխարհի ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկը այսօր դառնում է 90 տարեկան:


  1. Այսօր ֆրանսահայ հանրահայտ երգիչ, կոմպոզիտոր և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Աշխարհի ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկը այսօր դառնում է  90 տարեկան: Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում 1924 թվականին…

89868409-charles-aznavour-child-about-1925-has-l-old-gettyimages-11

-Ի՞նչ անուն եք տալիս նրան, – ասում է մանկաբարձուհին՝ գրկելով լաց եղող երեխային:

-Շահնուր, – անսահման քնքշությամբ շշնջում է երեխայի մայրը:

-Շահ… ի՞նչ, – աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:

-Շահնուր,- կրկնում է մայրը:

«Հ» տառն այդպեսէլ չկարողանալով արտասանել և գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեռու չէ Շառլ անունից, մանկաբարձուհին փոքրիկին տալիս է Շառլ անունը:

Այսպես լույս աշխարհ է գալիս Եղեռնի օրերին Արևմտյան Հայաստանից գաղթած ու Ֆրանսիայում հաստատված Միքայել և Քնար Ազնավուրյանների միակ տղան, որ տարիներ հետո պետք է համարվի դարի մեծագույն արվեստագետը: Թեև ընտանիքի անդամները այդ մասին դեռ չէին գուշակում, բայց սիրում էին փոքրիկին անսահման սիրով: Ամենից լավ Ազնավուրը հիշում է իր քույր Աիդային, որի միակ նվիրական իղձը Շառլին չաղացնելն էր:

«Աիդան այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը ու հարցնում.

-Ի՞նչ է կուլ տվել:

Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրն եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել, որ ստամոքսը աղաց չէ», – գրում է հետագայում Ազնավուրը:

Թեև Ազնավուրյանների ընտանիքը հարուստ չէր, բայց դա նրանց համար էական չէր, չէ՞ որ ընտանիքը համերաշխ էր: «Եթե մինչև օրս աշխույժ եմ, լավատես, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական», – խոստովանում է Ազնավուրը: Նրա հայրն ու մայրը դերասան և երգիչ էին և ցանկացած դժվարություն հաղթահարում էին երգի և կատակների օգնությամբ: Թեև նրանք աշխատասեր ու տաղանդավոր էին, բայց մեծ հաջողությունների չհասան այդ ոլորտում: Բայց հենց նրանցից սովորեց Ազնավուրը, հասկացավ և իրենը դարձրեց նրանց չիրականացված բոլոր երազներն ու հույսերը:

1957-charles-aznavour-a-33-years

9 տարեկանում նա սկսեց հաճախել թատերական խմբակ և սիրահարվեց թատրոնին: Հետո տեսավ առաջին ֆիլմը և պաշտեց նաև կինոն: Դերասան դառնալու երազնանք արդեն հաստատ էր: Համարձակություն հավաքելով՝ նա նամակ գրեց «Փոքրիկների թատրոն» և ի զարմանս իրեն՝ ընդունվեց: Այդպես սկսվեց նրա դերասանական կարիերան, փոքրիկ դերեր մեկը մյուսի հետևից, բայց Շառլը դեռ երկար ժամանակ մնաց ստվերում. փոքրիկ, նիհարիկ և մեծ քթով տղան մեծ դերերի համար հարմար չէր:

Շառլ Ազնավուրի կարիերայի առաջին տարիները լի էին պարտություններով ու դժվարություններով, բայց հարիկը, մայրիկն ու Աիդան նրա կողքին էին և թույլ չէի տալիս հուսահատվել: Ազնավուրը երկար պայքարեց, մինչև նրան նկատեցին իսկական աստղերը: Ծանոթանալով ու ընկերանալով երիտասարդ կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, Ազնավուր սկսեց նրա հետ ելույթ ունենալ տարբեր ակումբներում: Նրանք սկսեցին հաջողություն վայելել, իսկ երգերը մեծ տարածում գտան: Ազնավուրի և Ռոշի  երգերից մեկը լսեց նաև աշխարհահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը և պատվիրեց իր համար երգեր գրել: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը գլխիվայր շրջեց  Ազնավուրի կյանքը: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի էր, և շուտով սկսեց հանդես գալ որպես երգիչ-մենակատար՝ զուգահեռ շարունակելով նաև դերասանի կարիերան: Մինչև այսօր Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմում, ստացել հարյուրավոր մրցանակներ ու մեդալներ:

Մեր մեծերը՝ Հենրիկ Մալյանը, Շառլ Ազնավուրը, Սոս Սարգսյանը, Ալբերտ Մկրտչյանը

Շառլ Ազնավուրը միշտ դեմ էր ազգանունների կրճատմանն ու փոփոխմանը, սակայն ինչ աներ, երբ իր կարիերայի սկզբում նրա ազգանունը բոլորը արտասանում էին թարս ու շիտակ՝  Աբնավուր, Անզատուր և այլն: Եվ համերգային առաջին պաստառների վրա գրվեց Շառլ Ազնավուր անունը:

8a2199eaa12e2a284ac27862021350f6

Ազնավուրը միշտ մնաց հավատարիմ իր արմատներին և մեծագույն ներդրում ունեցավ հայ մշակույթը ողջ աշխարհին ներկայացնելու գործում: Հայաստանին նա նվիրեց «Քեզ համար, Հայաստան»,  «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն» երգերը, դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարեց Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988թ.-ի Սիպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո նա հիմնադրեց «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Շառլ Ազնավուրը 2009թ.-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ՄԱԿ-ի գրասենյակում  Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈՒՆԵՍԿՈ-ում: Անհնար է ներկայացնել Ազնավուրի բոլոր նվաճումները, նրա մասին կարելի է անդադար խոսել, անվերջ հիանալ նրա հրաշալի երգերով և հպարտանալ մեծագույն արվեստագետի հայրենակիցը լինելու համար…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

log in

reset password

Back to
log in