Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

Փոքրիկ Շառլ Ազնավուրը

Փոքրիկ Շառլ Ազնավուրը

Այսօր ֆրանսահայ հանրահայտ երգիչ, կոմպոզիտոր և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Աշխարհի ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկը այսօր դառնում է  88 տարեկան: Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում 1924 թվականին…

-Ի՞նչ անուն եք տալիս նրան, – ասում է մանկաբարձուհին՝ գրկելով լաց եղող երեխային:

-Շահնուր, – անսահման քնքշությամբ շշնջում է երեխայի մայրը:

-Շահ… ի՞նչ, – աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:

-Շահնուր,- կրկնում է մայրը:

«Հ» տառն այդպեսէլ չկարողանալով արտասանել և գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեռու չէ Շառլ անունից, մանկաբարձուհին փոքրիկին տալիս է Շառլ անունը:

Այսպես լույս աշխարհ է գալիս Եղեռնի օրերին Արևմտյան Հայաստանից գաղթած ու Ֆրանսիայում հաստատված Միքայել և Քնար Ազնավուրյանների միակ տղան, որ տարիներ հետո պետք է համարվի դարի մեծագույն արվեստագետը: Թեև ընտանիքի անդամները այդ մասին դեռ չէին գուշակում, բայց սիրում էին փոքրիկին անսահման սիրով: Ամենից լավ Ազնավուրը հիշում է իր քույր Աիդային, որի միակ նվիրական իղձը Շառլին չաղացնելն էր:

«Աիդան այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը ու հարցնում.

-Ի՞նչ է կուլ տվել:

Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրն եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել, որ ստամոքսը աղաց չէ», – գրում է հետագայում Ազնավուրը:

Շառլ ԱզնավուրԹեև Ազնավուրյանների ընտանիքը հարուստ չէր, բայց դա նրանց համար էական չէր, չէ՞ որ ընտանիքը համերաշխ էր: «Եթե մինչև օրս աշխույժ եմ, լավատես, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական», – խոստովանում է Ազնավուրը: Նրա հայրն ու մայրը դերասան և երգիչ էին և ցանկացած դժվարություն հաղթահարում էին երգի և կատակների օգնությամբ: Թեև նրանք աշխատասեր ու տաղանդավոր էին, բայց մեծ հաջողությունների չհասան այդ ոլորտում: Բայց հենց նրանցից սովորեց Ազնավուրը, հասկացավ և իրենը դարձրեց նրանց չիրականացված բոլոր երազներն ու հույսերը:

9 տարեկանում նա սկսեց հաճախել թատերական խմբակ և սիրահարվեց թատրոնին: Հետո տեսավ առաջին ֆիլմը և պաշտեց նաև կինոն: Դերասան դառնալու երազնանք արդեն հաստատ էր: Համարձակություն հավաքելով՝ նա նամակ գրեց «Փոքրիկների թատրոն» և ի զարմանս իրեն՝ ընդունվեց: Այդպես սկսվեց նրա դերասանական կարիերան, փոքրիկ դերեր մեկը մյուսի հետևից, բայց Շառլը դեռ երկար ժամանակ մնաց ստվերում. փոքրիկ, նիհարիկ և մեծ քթով տղան մեծ դերերի համար հարմար չէր:

Շառլ Ազնավուրի կարիերայի առաջին տարիները լի էին պարտություններով ու դժվարություններով, բայց հարիկը, մայրիկն ու Աիդան նրա կողքին էին և թույլ չէի տալիս հուսահատվել: Ազնավուրը երկար պայքարեց, մինչև նրան նկատեցին իսկական աստղերը: Ծանոթանալով ու ընկերանալով երիտասարդ կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, Ազնավուր սկսեց նրա հետ ելույթ ունենալ տարբեր ակումբներում: Նրանք սկսեցին հաջողություն վայելել, իսկ երգերը մեծ տարածում գտան: Ազնավուրի և Ռոշի  երգերից մեկը լսեց նաև աշխարհահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը և պատվիրեց իր համար երգեր գրել: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը գլխիվայր շրջեց  Ազնավուրի կյանքը: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի էր, և շուտով սկսեց հանդես գալ որպես երգիչ-մենակատար՝ զուգահեռ շարունակելով նաև դերասանի կարիերան: Մինչև այսօր Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմում, ստացել հարյուրավոր մրցանակներ ու մեդալներ:

Շառլ ԱզնավուրՇառլ Ազնավուրը միշտ դեմ էր ազգանունների կրճատմանն ու փոփոխմանը, սակայն ինչ աներ, երբ իր կարիերայի սկզբում նրա ազգանունը բոլորը արտասանում էին թարս ու շիտակ՝  Աբնավուր, Անզատուր և այլն: Եվ համերգային առաջին պաստառների վրա գրվեց Շառլ Ազնավուր անունը:

Ազնավուրը միշտ մնաց հավատարիմ իր արմատներին և մեծագույն ներդրում ունեցավ հայ մշակույթը ողջ աշխարհին ներկայացնելու գործում: Հայաստանին նա նվիրեց «Քեզ համար, Հայաստան»,  «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն» երգերը, դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարեց Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988թ.-ի Սիպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո նա հիմնադրեց «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Շառլ Ազնավուրը 2009թ.-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ՄԱԿ-ի գրասենյակում  Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈՒՆԵՍԿՈ-ում: Անհնար է ներկայացնել Ազնավուրի բոլոր նվաճումները, նրա մասին կարելի է անդադար խոսել, անվերջ հիանալ նրա հրաշալի երգերով և հպարտանալ մեծագույն արվեստագետի հայրենակիցը լինելու համար…

Անահիտ Ալեքսանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????