facebook

ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ԵՎ ՉԳԻՏԵՆՔ ԿՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Կրիաների մասին

Այս զարմանալի սողունները հանելուկ են եղել ամբողջ մարդկության համար: Նրանք հայտնվել են ավելի քան 200 միլիոն տարի առաջ, ավելի վաղ, քան բոլոր կաթնասունները, թռչունները, մողեսներն ու օձերը և փաստորեն դինոզավրերի միակ ականատեսներն են, որ ապրում են մեր կողքին: Նրանց երկարակեցության գաղտնիքն առ այսօր ոչ ոք չի կարող բացատրել և հասկանալ, թե ինչ դեր ունի այդ հարցում նրանց հանրահայտ պատյանը: Եվ այնուամենայնիվ, շատ փաստեր կրիաների մասին վաղուց հայտնի են: Ուրեմն տեսնենք, թե ինչ գիտենք և չգիտենք կրիաների մասին:

Ամենաառաջին կրիաներն ունեցել են ատամներ և չեն կարողացել թաքցնել իրենց գլուխը պատյանի տակ: Մնացած ամեն ինչում ժամանակակից կրիաները չեն տարբերվում իրենց նախնիներից:

Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

Լեգենդներ են պտտվում կրիաների երկարակեցության մասին, ասում են, թե նրանք կարող են ապրել մինչև 300 տարի: Սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկարակյաց կրիան ապրել է 192 տարի: Այդ կրիային, որի անունն էր Տուի Մալիլա, Տոնգա թագավորության արքային 1773թ. -ին նվիրել է ճանապարհորդ Ջեյմս Կուկը: Տուի Մալիլան ապրեց մինչև 1965թ.-ը:

Կրիաների մասին

Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7,5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ մինչև 600 կգ):

Կրիաների պատյանը նրանց ուժ և պաշտպանություն է տալիս՝ փրկելով գիշատիչների ատամներից:

Կրիաները հրաշալի տեսողություն, լսողություն և հոտառություն ունեն:

Կրիաների մասին

Կրիաները հայտնվում են ձվի միջից: Մայր կրիան ձվերը թաղում է ավազի կամ հողի մեջ և իր փոքրիկների համար այլևս չի մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաները սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել: Սկզբում նրանց պատյանը շատ նուրբ է լինում, բայց ընդամենը մեկ ժամվա ընթացքում ամրանում է: Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, այնքան արագ, որ ձվից դուրս գալուց հետո՝ կարճ ժամանակ անց, մի քանի անգամ ավելի մեծ են լինում ձվից: Հետագայում նրանց աճը դանդաղում է, սակայն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:

Եվ մի զարմանալի փաստ. կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի: Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա՝ արու կրիաներ:

Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց հենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968թ. -ին տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որ հայտնվեցին Լուսնի վրա:

Կրիաներն իմաստության, հարստության և երկարակեցության խորհրդանիշ են, իսկ Չինաստանում մարդիկ վստահ են. որքան շատ կրիա կա տանը, այնքան հաջողություն և երջանկություն կլինի այնտեղ…

Մեկնաբանություններ

ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ԵՎ ՉԳԻՏԵՆՔ ԿՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ