Զվարճալի դեմքեր ու դեպքեր

Աշխարհում ավելի շատ լեզուներ կան, քան ժողովուրդներ: Ժողովուրդները 1300 են, իսկ լեզուները` 3000` չհաշված մեռած լեզուներն ու բարբառները:

Հայտնի են դեպքեր, երբ մարդիկ անսպասելի «նվերներ» են ստացել երկնքից: Դրանք մատուցել են ուժեղ քամիները, փոթորիկներն ու մրրիկները: Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները, օրինակ, մեկ անգամ չէ, որ ականատես են եղել «ծովատառեխների անձրևի»: Դեպքեր են եղել նաև, որ երկնքից վայր են ընկել նարինջներ: Իսկ Գորկու մարզում, 1940 թվականին հորդ անձրևի հետ թափվեց Իվան 4-րդի ժամանակվա հազար արծաթե դրամ:

Դուք երևի լսած կլինեք ֆրանսիական թագավոր Պիպին Կարճահասակի մասին: Պատկերացնու՞մ եք` նրա հասակը մեկ մետր 37 սմ էր: Սակայն դա նրան չէր խանգարում մարտերի ժամանակ գերազանց կերպով օգտվել իր սրից, որի երկարությունը մեկ մետր 80 սմ էր:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի լոզավազանի մոտ կա նախազգուշացնող մի ցուցանակ. «Ջրավազանի մեջ սուզվողը ջրից դուրս կգա կանաչ մազերով»: Եվ, իրոք, հաճախ է պատահել, որ Օսլոյի ջրավազանից մարդիկ դուրս են եկել կանաչ մազերով: Պատճառն այն է, որ ջրի մեջ մեծ քանակությամբ քլոր կա:

Ալժիրում Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ գտնվում է թանաքի մի լիճ: Այդ լճի ջուրն իր մեջ պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսիք կան թանաքի հեղուկի մեջ: Լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը պիտանի է միայն գրելու համար:

Բրազիլիայում ապրում է մրջյունների մի հետաքրքիր տեսակ: Երբ մրջնանոցում բնակիչների թիվը շատ է մեծանում և առաջանում է գերբնակեցում, մրջյունների մի մասը հավաքվում ու կազմում է մի վիթխարի գունդ: Այդ գունդը գլորվելով` հասնում է մոտակա առվակը և լողում հոսանքն ի վար: Ցամաքի հանդիպելուն պես գունդը ցրիվ է գալիս և սկսում նոր բնակարան կառուցել:

Մինչև 17-րդ դարի կեսերը Վենետիկում կախաղան էր սպասվում նրանց, ովքեր կփորձեին տարածել հայելի պատրաստելու գաղտնիքը: Հայելու արտադրությունը Վենետիկի մենաշնորհն էր:

Հռոմի փողոցներից մեկում կարելի է տեսնել մի շուն, որի լայնեզր գլխարկին վառվում է էլեկտրական լամպ: Նա ատամներով պահում է պլաստմասսայից պատրաստված մի դույլ և համբերությամբ սպասում, որ անցորդներից մեկն ու  մեկը դրամ գցի այնտեղ` անկողնում գամված անդամալույծ տիրոջ համար:

Անի Ավագյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

1 + 9 =