ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳԻ ՏՈՆ – ԽԱՂ ՈՒ ՊԱՐ

Հունիսի 4-ին և 5-ին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում մանկական երգերի սիրահարներին հրաշալի տոն նվիրեցին երգահան, ռեժիսոր և պրոդյուսեր Զառա Պետրոսյանն ու նրա «Խաղ ու Պար» մանկական նախագիծը: Այս նախագծում ընդգրկված են 7 տաղանդավոր երեխա՝ Միկան, Մանեն, Նինելան և 4 տղաներից կազմված «Կոմպաս» մանկական ռոք-խումբը, որի մենակատար Դավիթը հանդես եկավ նաև առանձին կատարումներով:

Եթե մեծահասակների համերգներն անցնում են լուրջ և պաշտոնական, ապա այս մանկական համերգային ծրագիրը պարզապես չէր կարող չխախտել բոլոր օրենքները: Չէ՞ որ անվանումն էլ խոսում է հենց նրա մասին, որ բոլորն այստեղ հավաքվել էին խաղ ու պարի համար: Եվ այսպես.

Խախտված կանոն #1

xax-u-par-3

Հաղորդավարի պատասխանատու գործն իրենց վրա էին վերցրել փոքրիկ երգիչները: Եվ որքան հրաշալի նրանք կատարեցին իրենց երգերը, նույնքան լավ էլ գլուխ հանեցին այս պարտականությունից՝ անմիջական և ուրախ ներկայացնելով միմյանց ելույթները: Երգելուց և հանդիսատեսի հետ զրուցելուց բացի նրանք նաև փոքրիկ խաղարկություն կազմակերպեցին ու նվերներ բաժանեցին հանդիսատեսին:

Խախտված կանոն #2

xax-u-par-2

Այդ մեծահասակների համերգների ժամանակ են դահլիճից լռություն պահանջում: Իսկ «Խաղ ու պար»-ի հանդիսատեսն այնպես էր ուրախանում երգիչների հետ, որ պարզապես չէր կարող հանգիստ ու լուռ նստել: Եվ չէ՞ որ երեխաները գիտեն, թե ինչպես է պետք ուրախանալ և ոգևորել միմյանց: Պարզվում է, որ երեխաները հրաշալի հանդիսատես են:

Խախտված կանոն #3

Խաղ ու պար

Եվ վերջապես, ո՞վ է ասել, որ բեմում միայն երգիչներն են լինում… Այս համերգին բեմում էր նաև հանդիսատեսը, բոլոր այն տաղանդավոր երեխաները, որոնք երգեցին ու պարեցին երգիչների հետ միասին:

Մի խոսքով, ուրախացան բոլորը, և համերգին ներկա մեծահասակներն էլ երեխաների պես մանկացան: Համերգը «խաղ ու պար» չէր միայն կազմակերպիչների համար, ովքեր ջանք չէին խնայել այն լավագույնս նախապատրաստելու համար:

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հայտնի ու սիրված երգեր՝ տարբեր լեզուներով, այնպես էլ հեղինակային երգեր՝ գրված հատուկ երեխաների համար: Եվ իհարկե, համերգը եզրափակեց բոլորի կողմից շատ սիրված Խաղ ու պար երգը: Բոլոր այս երգերին և նրանց կատարողներին մենք անպայման կծանոթանանք մեր էջերում և այս տաղանդավոր երեխաներին լսելու շատ առիթներ կունենանք, չէ՞ որ նրանք դեռ իրենց առաջին քայլերն են կատարում այս ոլորտում… Եվ դեռ ինչե՜ր են լինելու…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի