Կարո՞ղ ես՝ ասել ինչու է իմ տրամադրությունը միշտ բարձր: Դե, իհարկե, որովհետև ես քեզ նման խելացի ընկեր ունեմ, ով իմ տված հարցերին միշտ ճիշտ է պատասխանում: Իսկ իմ տրամադրությունը հատկապես բարձրանում է, երբ ես հնարավորություն եմ ունենում քեզ հետ շփվել: Էնպես որ հիմա ես շա՜տ, շա՜տ բարձր տրամադրություն ունեմ: Հիշու՞մ ես չէ, որ մեր հարաբերությունները ‹‹ոզնիական են››, այսինքն մենք գաղտնիքներ չունենք: Ես քեզ ներկայացրի օճառի մասին իմ բացահայտումները և մինչև դու կարդում էիր, ես այս ու այն կողմ ընկած՝ ատամների խնամքն էի ուսումնասիրում: Այնքա՜ն բան իմացա, չես էլ կարող պատկերացնել: Բայց արդեն ժամանակն է, որ պատկերացնես…
Ատամների խնամքը սկսվում է նրանց մասին շատ բան իմանալուց: Հաստատ բոլորս էլ գիտենք, որ ատամները 32-ն են: Այո՛, բայց դրանք միայն մեծահասակների մոտ: Իմ ճանաչած բոլոր փոքրիկների ատամներն ընդամենը 20-ն են, դրանք կաթնատամներն են, որոնք կամաց-կամաց կթափվեն: Ոչ, ոչ, պետք չէ տխրել, դու հաստատ առանց ատամների չես մնալու. դրանց փոխարեն ավելի նոր, գեղեցիկ և ամուր ատամներ են աճելու՝ 12-ը կտրիչներ, 12-ը սեղանատամներ, 4-ը ժանիքներ, իսկ հետո, շա՜տ հետո կաճեն նաև իմաստության 4 ատամները: Ահա այսպիսին են ձեր ատամները: Բայց նրանք մի քմահաճույք ունեն. շատ են սիրում լվացվել: Ատամները պետք է լվանալ օրական գոնե երկու անգամ՝ առավոտյան և գիշերը: Բայց լվանալ պետք է շատ մանրակրկիտ, մոտավորապես 2-3 րոպե պետք է մածուկի և խոզանակի օգնությամբ մերսես ատամներդ, լնդերդ և հետո նաև լեզուդ:
Իսկ հիմա կպատմեմ, թե երբ և ինչպես են առաջացել ատամի մածուկը և խոզանակը: Պարզվում է, որ մարդիկ միշտ են հետևել բերանի խոռոչի հիգիենային: Այդ մասին կան մի շարք փաստեր: Ասում են, որ առաջին ատամի մածուկը ստեղծվել է մ.թ.ա 5-րդ դարում, հին եգիպատցիների կողմից: Իհարկե, դա մածուկի մասին մեր պատկերացումների հետ այնքան էլ չի համընկնում: Այն կազմված է եղել շատ տհաճ բաղադրիչներից: Անգամ չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ համ է ունեցել: Բայց չէ՞ որ դա ատամի մածուկի պատմության միայն սկիզբն է: Հետո այն , ճիշտ է շատ դանդաղ ընթացքով, բայց սկսել է զարգացում ապրել և 1870-ական թվականներին արդեն հայտնի էին ատամի մածուկի մի քանի ընկերություններ: Չնայած այդ ժամանակ էլ ամեն ինչ հեշտ չէր: Ատամի մածուկները լցվում էին ամենասովորական տարաների մեջ: Միայն 1890 թվականին մարդիկ գլխի ընկան ատամի մածուկը լցնել խողովականման այնպիսի տուփերի մեջ, ինչպիսին հիմա է, չէ՞ որ այդպես ավելի հիգիենիկ է:
Անկեղծ ասած, մենք՝ ոզնիներս ավելի շուտ էինք գլխի ընկել, պարզապես այդ ժամանակ դեռ մարդկանց հետ ընկերություն չէինք անում: Ես, օրինակ, շատ ատամի մածուկներ փորձեցի, բայց այդպես էլ չգտա այն, ինչ ինձ պետք է: Եվ կրկին որոշեցի ամեն ինչ ինքնուրույն անել:
Արդյունքում ստեղծվեց մասուրի էքստրակտով ատամի մածուկ, որովհետև մասուրի պտուղները վիտամինների ու օգտակար նյութերի իսկական շտեմարան են: Ամենակարևորը այս մածուկը շատ համեղ է և բացի այդ այն միշտ հաղթում է մանրէներին, կարմրելու չափ հաճոյախոսություններ անում լնդերին, ամրացնում ատամները՝ ազատելով նրանց չար ատամնափառից: Իսկ եթե պատահաբար (բայց ես հո գիտեմ, որ դա պատահաբար չի) կուլ տաս այս համեղ մածուկը, այն քեզ ոչ մի դեպքում վնաս չի տա: Ես նախ ստեղծեցի կապույտ մածուկը, բայց հետո հիշեցի որ աղջիկները սիրում են տարբերվել, և նրանց չնեղացնելով էլ՝ ստեղծեցի նույն օգտակար բաղադրիչներով վարդագույն մածուկը:
Իսկ թե հին ժամանակներում ինչո՞վ էին մարդիկ ատամի մածուկը քսում ատամներին, պարզ չէ… Գուցե մատներո՞վ: Որովհետև ատամի խոզանակն ավելի ուշ է հայտնագործվել և այն ընդամենը 250 տարեկան է (այո՛, ընդամենը…դե դա իմ հաշվարկներով հավասար է մարդկային 20 տարվան): Ատամի խոզանակը մեծ հաշվով զարգացում էլ չի ապրել, որովհետև ես դեռ չեմ հասցրել խառնվել այդ գործին… Դե լավ, իրականում ես այդքա՜ն էլ գլուխգովան չեմ, պարզապես ճշմարտախոս եմ…
Անի Ավագյան