Այսօր դեկտեմբերի 7-ն է: Եվ աշխարհի բոլոր-բոլո՜ր հայերն այսօր տխուր են: Համոզված եմ՝ դու ևս… Չէ՞ որ 1988 թվականի հենց այս օրը տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանք և կործանեց մի շարք քաղաքներ՝ Սպիտակ, Գյումրի, Վանաձոր…
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, ընդհանրապես, հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում, միայն թե ոչ մի դեպքում վախենալ պետք չէ: Այլ պետք է մի լավ տեղեկանալ և կարողանալ պաշտպանվել:
Իսկ ի՞նչ պետք է իմանալ
Երկրաշարժերը, սովորաբար, առանց նախազգուշացնելու են գալիս, այո, նրանք անշնորհք են: Հենց դրա համար էլ միշտ պետք է պատրաստ լինել: Եթե ջահերը սկսում են այս ու այն կողմ գնալ, սպասքը շարժվում է, ինքդ էլ փոքրիկ գլխապտույտ ունես, ուրեմն հաստատ երկրաշարժ է: Պետք է արագ գործել, բայց ամենակարևոր պայմանը խուճապի չմատնվելն է:
1. Եթե նախապես տեղեկացված ես հնարավոր երկրաշարժի մասին, ապա վերցրու շատ առաջին անհրաժեշտության իրերը՝ ուտելիք, ջուր, փաստաթղթեր, լապտերիկ և դեղարկղիկ, և իջիր բակ կամ այգի, որտեղ քիչ շինություններ կան:
1. Իսկ եթե երկրաշարժն անսպասելի է վրա հասնում, պետք չէ տնից դուրս փախչել, եթե շենքի առաջին հարկում չես գտնվում: Այլ պետք է պաշտպանվել հենց այն վայրում, որտեղ գտնվում ես այդ պահին:
2. Մոռացիր վերելակների մասին, դրանք այդ պահին ամենավտանգավոր բաներն են:
3. Լավ կլինի որևէ մեծ բան վերցնես, թեկուզ բարձ և պահես գլխավերևումդ: Կարող ես թաքնվել ամուր սեղանների, պատերի տակ և դռների արանքում: Բայց ոչ մի դեքպում՝ պատուհանների և պատշգամբների մոտ:
4. Պետք է նաև հեռու գտնվել հոսանքից, դա ևս շատ վտանգավոր է:
5. Եթե երկրաշարժի ժամանակ դրսում ես, ապա շտապիր գտնել մի բաց տարածություն, որտեղ շենքեր չլինեն կամ քիչ լինեն:
6. Եվ չմոռանաս, որ երկրաշարժերը մեկ ցնցումով չեն ավարտվում: Դրա համար էլ պետք է համոզված լինել, որ ցնցումներն ավարտվել են, նոր միայն դուրս փախչել ապահով թաքստոցից:
7. Իսկ հետո արդեն փորձել հեռախոսակապ հաստատել հարազատների հետ և շտապել օգնության:
Ահա այս ամենն իմանալով՝ մենք կհաղթենք թեկուզ մեզնից հզոր երկրաշարժին, որն իրականում վախկոտ է, շա՜տ վախկոտ…
Անի Ավագյան