ԱԿՆՈՑ ՝ ՄԵԾԱՑՆՈՂ ՀՐԱՇՔԸ


Ակնոց

Դժվար թե գտնվի մեկը, ով երբևէ ակնոց կրած չլինի, թեկուզ միայն փորձելու համար: Եվ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մի ժամանակ այն պարզապես գոյություն չի ունեցել, այնպես չէ՞: Այո՛, դժվար է, բայց մեզ համար հաստատ ո՛չ անհնար: Ուրեմն հիմա միասին կպատկերացնենք, ձեռքի հետ էլ կծանոթանանք «ակնոց» անունով այս գյուտի հետ:

Ինչպես հայտնի է, տարիքի հետ, մարդու աչքերը սկսում են ավելի վատ տեսնել: Եվ հին ժամնակներում՝ երբ ակնոց դեռ գոյություն չուներ, այն մարդը, ով այդքան էլ լավ չէր տեսնում, համարվում էր ծեր: Նա վարում էր պասիվ կյանք. դադարում էր կարդալ, ինչ-որ բան դիտել և նույնիսկ աշխատել: Որքան էլ լավ մասնագետ լիներ, նրան այլևս ոչ մի աշխատանք չէին վստահում: Այսինքն մարդիկ հենց ամենաիմաստուն տարիքում դադարում էին աշխատել, ինչը վնաս էր պատճառում հանրության ու ամբողջ աշխարհի զարգացմանը: «Այսպես շարունակել չի կարելի»,- մտածում էին բոլորը, երբ վերջապես հայտնվեց ակնոցը:

Իսկ նա հայտնվեց միայն 13-րդ դարում Հռոմում, բայց, իհարկե, ոչ այն տեսքով, ինչպես հիմա է: Ակնոց անվան տակ մարդիկ հասկանում էին թանկարժեք քարերը: Բարձր խավի ներկայացուցիչներն իրենց ունեցած քարերով կարողանում էին նայել արևին՝ չցավեցնելով աչքերը: Ակնոց համարվող թանկարժեք քարերը մինչև 13-րդ դարի երկրորդ կես այդպիսին էլ մնացին: Հետո սկսեցին մշակել այդ քարերը և պատրաստեցին ակնոցներ միայն մեկ աչքի համար: Ավելի հետո էլ առաջ եկավ շրաջանակի գաղափարը…

Իսկ տեսողությունը լավացնող ակնոցն առաջին անգամ հայտնվել է Իտալիայում: Ե՞րբ. ոչ ոք հաստատ չգիտի: Ըստ փաստաթղթերի այն հայտնվել է 1285 թվականին, այլ տեղեկություններով՝ 1280 թվականին: Ասում են՝ այն ստեղծել է մի ապակեգործ: Նա ապակի պատրաստելուց պատահաբար նյութը թափել է հարթ մակերեսի վրա, և հետո նայելով նրա միջից, պարզել է, որ այս ապակին մեծացնում է իրերը:

Հենց այսպես, քայլ առ քայլ, ակնոցը սկսեց զարգանալ ու տարածում գտնել: 14-րդ դարում այն հասավ Չինաստան: Իմիջայլոց, ակնոցն այստեղ էլ զարգացում ապրեց: Հենց չինացիները որոշեցին պատրաստել մգեցված ապակիներով ակնոցներ: Իսկ գիտե՞ս այն ժամանակ այդ ակնոցներն ովքեր էին օգտագործում. բացառապես դատավորները: Չգիտես ինչու, ոչ ոք չպետք է տեսներ դատավորի աչքերը:

Իսկ հետո բոլորի մեջ «դատավոր» դառնալու ցանկություն առաջացավ, ու մգեցված ապակիներով ակնոցները ստիպված եղան տարածվել, և շուտով դրանք սկսեցին օգտագործել աչքերն արևից պաշտպանելու համար:

Մեծացնող այս հրաշքի հաջորդ զարգացումը տեղի ունեցավ 16-րդ դարում: Այն ժամանակ ակնոցը մի հարմարանքով էր ամրանում քթին, որը նման էր լվացքի համար նախատեսված ամրակի: Բայց դրանք ցավեցնում էին քիթը: Եվ միայն 16-րդ դարում որոշեցին թելերի օգնությամբ դրանք կապել ականջներին, իսկ հետո նաև ստեղծել ակնոցի այնպիսի պոչիկներ, որոնք հիմա ակնոցների անբաժանելի մասնիկներն են:

Եվ այսպես, ակնոցների լույս աշխարհ գալը կարևորագուն իրադարձություն դարձավ աշխարհում: Այդպիսով մարդկանց ակտիվ կյանքն ավելի երկար սկսեց տևել, ու այլևս ոչ ոք ստիպված չեղավ միջին տարիքում իրեն ծեր զգալ:

Այսօր էլ ակնոցը շարունակում է զարգացում ապրել ու համարվել անչա՜փ պիտանի իր: Այն նույնիսկ հասցրել է քիթը մտցնել նորաձևության մեջ, և հաճախ մարդիկ ակնոցներ կրում են անգամ այն դեպքում, երբ տեսողական ոչ մի խնդիր չունեն:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։