Վստահ եմ, համաձայն ես, որ Պինգվին Վինը այն Վինը չէր լինի, որին մենք գիտենք ու այնպես սիրում ենք, եթե չլիներ այն երգը, որ նա այդքան հրաշալի կատարում է: Իսկ այդ երգը, ինչպես և մուլտֆիլմում հնչող ողջ երաժշտությունը ստեղծել է հանճարեղ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հարցրու տատիկիդ և պապիկիդ և նրանք երանության գիրկը կընկնեն՝ հիշելով նրան: Ստեփան Շաքարյանը բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, իսկ ամենից շատ նա սիրում է ջազային և դասական երաժշտությունը:
Ասում են, Ստեփան Շաքարյանը երկու սիրտ ունի, մեկը՝ ջազի, մյուսը՝ դասական երաժշտության համար: Բայց այդ դեպքում նա ունի ևս մեկը, այդ սրտում տեղ կա բոլորի համար, որովհետև Ստեփան Շաքարյանը անսահմնան բարի ու կենսուրախ մարդ է: Եվ ինչպես է այդքան բարություն տեղավորվում մի փոքրիկ սրտի մեջ:
Բայց չլիներ այդքան բարություն, երևի Ստեփան Շաքարյանը չէր ստեղծի իր հրաշալի ստեղծագործությունները երեխաների համար: Նրա երաժշտության շնորհիվ անմոռանալի են դարձել հայկական շատ մուլտֆիլմեր ու ֆիլմեր: Ստեփան Շաքարյանը հեղինակն է ոչ միայն «Պինգվին Վինը», այլև «Հայելի», «Անհաղթը» ու մի շարք այլ մուլտֆիլմերի երաժշտության:
Նվագել Ստեփան Շաքարյանը սիրել է դեռ շատ վաղ տարիքից: Երբ մանկապարտեզում քնելու ժամն էր հասնում, նա սպասում էր մինչև բոլորը խոր քուն մտնեն, իսկ հետո դուրս էր սողոսկում անկողնուց ու թաքուն մուտք գործում այն սենյակ, որտեղ դաշնամուրն էր դրված: Ստեղներին հազիվ հասնող թաթիկներով նա անում էր իր երաժշտական առաջին փորձերը: «Դաշնամուրով այդ սենյակը իսկական կախարդական աշխարհ էր ինձ համար,», – հիշում է կոմպոզիտորը:
Հայրիկն ու մայրիկը տղայի տաղանդը նկատելով՝ նրան փոքրիկ դհոլ, իսկ հետո նաև ակորդեոն են նվիրում: Փոքրիկ Ստեփանը դառնում է քաղաքի ուրախությունը, ոչ մի ուրախ հավաք և հարսանիք չէր անցնում առանց նրա նվագի, թեև հաճախ փոքրիկին տուն էին բերում «շալակին գցած», չէ՞ որ բոլոր երեխաների պես նա էլ ուզում էր վաղ քնել:
Մեկը մյուսի հետևից Ստեփան Շաքարյանը նոր երաժշտական գործիքներ էր յուրացնում և ահա նա էլ ցանկություն հայտնեց սովորելու երաժշտական դպրոցում: Միայն թե Բաքվում, որտեղ նա ծնվել և ապրում էր, հայ տաղանդավոր երեխային ոչ ոք չէր ցանկանում երաժշտական դպրոց ընդունել: Նրա տաղանդը հերքել չէին կարող, սակայն սովորելու հնարավորություն այնուամենայնիվ չէին ընձեռում: Եվ 17-ամյա Ստեփան Շաքարյանը որոշեց գալ հայրենիք՝ Հայաստան:
Այստեղ նա ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Իսկ երբ մի գեղեցիկ օր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը լսեց Ստեփան Շաքարյանին, այնպես հիացավ նրա տաղանդով, որ անմիջապես հրավիրեց Մոսկվա: Այստեղ Ստեփան Շաքարյանը եղավ Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողը: «Արամ Խաչատրյանը ինձ թևեր տվեց, երբ դեռ առաջին ստեղծագործական փորձերն էի անում», – ասում է նա ու սրբությամբ պահում իր ուսուցչի լուսանկարներն ու մյուս հիշողությունները:
Այդպես Ստեփան Շաքարյանը թևեր առավ ու գրեց մեկը մյուսից հրաշալի ջազային ստեղծագործություններ, երաժշտություններ բալետի ու նվագախմբերի համար և իհարկե չմոռացավ երեխաներին: Նա և բանաստեղծ Յուրի Սահակյանը հեղինակ են բազմաթիվ հայկական երգերի ու խմբերգերի:
Արդեն երկար տարիներ Ստեփան Շաքարյանը դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և սովորեցնում է ապագա երաժիշտներին հասկանալ երաժշտությունը: Սակայն նա սովորեցնում է ոչ միայն երաժշտություն, այլև շատ կարևոր մի բան, նա սովորեցնում է հայ լինել: Եվ միշտ հիշեցնում է, որտեղ էլ որ լինես, պահպանիր քո մշակույթը, չէ՞ որ մեզ կոչում են հայ հայկական մշակույթի շնորհիվ:
Անահիտ Ալեքսանյան