ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ


Մհերն ու Ահրիմանի դարպասները

Անի Մաղաքյան

Գլուխ առաջին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԻՆ

Երևանյան դպրոցներից մեկում յոթերորդ դասարանի պատմության ուսուցիչը` ընկեր Համբարձումյանը, սեպտեմբերյան մի շոգ հինգշաբթի պատմում էր հեթանոսության մասին:  Դասարանի ամենավերջում նստած երկու աշակերտները գրեթե չէին լսում ուսուցչին: Նրանցից մեկը, որը մի քիչ ավելի բարձրահասակ էր երկրորդից, տետրի վերջին էջում անհասկանալի գծեր էր քաշում:  Նրա կողքինը օրվա այդ ժամերին չէր սիրում զբաղվել որևէ բանով,  նա հարմարվում էր նստարանին այնպես, որ ուսուցիչը իրեն չտեսնի ու քնում էր. այդպես էր արել և այդ հինգշաբթի: Նա մի պահ բարձրացրեց գլուխը և տեսնելով, որ դասը դեռ չի ավարտվել՝ նորից փորձեց քնել:

-Էլի քնու՞մ ես,- ասաց ընկերը,- տե՝ս՝ ինչ եմ գծել… Հա՛յկ, դե վե՛ր կաց…

Հայկը աչքերը բացեց, նայեց ընկերոջ գծագրությանը:

-Հիմա ի՞նչ ես գծել…

-Նայի՛ր, մենք հիմա այ էստեղ ենք, էստեղից երկու ճանապարհ եմ առանձնացրել, մեկը դեպի ձեր տուն, մյուսը` մեր…

-Հետո՞…առանց քո գծած քարտեզի չէի՞նք հասնի տուն…,- ասած Հայկը

-Կհասնեինք, բայց իմ գծած քարտեզով ոչ մի անգամ չենք գնացել, էսօր էդպես կգնանք…կտեսնես ինչ հետաքրքիր կլինի…

-էէէէ, էնպիսի երազի էի տեսնում, որ…

-Ի՞նչ երազ,- հայացքը գծագրից չկտրելով՝ ասաց Մհերը:

-Ես մեր դասարանի Մարիին վարդեր էի նվիրել, ու ինքը ժպտում էր ինձ…

Հայկը նայեց առաջին շարքի նստարանին նստած երկար սև մազերով աղջկան, ով ուշադիր լսում էր ընկեր Համբարձումյանին: Վերջինս արդեն տնային առաջադրանքն էր ասում:

-Լսի՛ր, Հայկ, իսկ ի՞նչ կլինի, որ վաղն իրոք վարդեր նվիրես նրան:

-Չէ, չի լինի երկու պատճառով…

-Ի՞նչ պատճառ,- հարցրեց Մհերը, և ինքն էլ նայեց Մարիի կողմը, եթե Հայկը մի քիչ ուշադիր լիներ կարող է նկատեր, որ Մհերը աղջկան նայում է գրեթե նույն հիացած հայացքով, ինչպես, որ ինքն է նայում, բայց նա դա չնկատեց:

-Նախ էդքան փող չունեմ, հետո էլ ինքը միայն լավ սովորողների հետ է շփվում, ինձանից ծաղիկներ չի ընդունի ,- ասաց Հայկը ու  ասես Մարիից նեղացած՝ շրջեց հայացքը:

-Դե իմ ու քո հավաքած փողը, որ միացնենք հաստատ լավ վարդեր կգնենք… Ինձ թվում է …

-Չէ Մհեր, չի ընդունի, գիտեմ էլի… Դու ավելի լավ է՝ քարտեզդ ցույց տուր…

Զանգը հնչեց: Ընկեր Համբարձումյանը մոտեցավ Հայկին և Մհերին, վերցրեց Մհերի նկարած քարտեզն ու ոչինչ չհասկանալով՝ նորից դրեց սեղանին:

-Հա՛յկ, դու պատրաստվում ես իմ բոլոր դասերը քնա՞ծ անցկացնել,- խիստ ձայնով ասաց նա:

Հայկը շփոթվեց, երբ ուզում էր ինչ-որ բան ասել` ինքն էլ դեռ չգիտեր, թե ինչ, ընկեր Համբարձումյանը դիմեց Մհերին.

-Իսկ դու՞ Մհեր, դեռ որքա՞ն ես թուղթ փչացնելու անիմաստ գծեր քաշելու համար, այն էլ իմ դասաժամին, մի՞թե քեզ հետաքրքիր չէ պատմությունը: Քո հայրը, Մհե՛ր,  հիանալի տղա էր, նա քո տարիքում հետաքրքրվում էր ամեն ինչով, նա անգամ քարտեզներ էր նկարում ինքնուրույն, իսկ դու…

Մհերը այդ պահին ամենաքիչն էր ուզում, որ իրեն հիշեցնեն հոր մասին, այն էլ Հայկի մոտ: Նրա դեմքը խոժոռվեց, և նա այլևս չէր նայում ուսուցչին մեղավոր հայացքով:

-Գնացեք, մյուս ժամին դաս եմ հարցնելու, կպատմեք, թե ովքեր են եղել հայ հեթանոս աստվածները, և հիշեք, որ այսպես շարունակելու դեպքում դուք կիսամյակի վերջում անգամ երեք չեք ստանա:

Մհերը և Հայկը դուրս եկան արդեն վաղուց դատարկված դասարանից: Նրանք երկուսն էլ խոսելու ցանկություն չունեին:

Ընկեր Համբարձումյանը իրենց դպրոցի ամենածեր ուսուցիչն էր: Բարձր դասարանցիները նրա մասին կատակում էին, թե ինքը պատմության ուսուցիչ է դարձել, որովհետև Հայաստանի բոլոր պատմական իրադարձություններին անձամբ ներկա է եղել: Նա դասավանդել էր դպրոցի աշակերտներից շատերի ծնողներին` այդ թվում և Մհերի հայրիկին:

Երբ Մհերը վեց տարեկան էր, նրա հայրը մի օր էլ չվերադարձավ: Մհերը իր սենյակում նկարում էր և մտածում էր, որ հայրիկը մյուս սենյակում է, բայց այդ օրվանից նա այլևս չտեսավ հորը: Մայրը եկավ ու տեսավ, որ Մհերը մենակ է: Սպասեցին մի քանի օր, հետո ոստիկանություն դիմեցին, բայց ապարդյուն` նրան ոչ ոք չէր տեսել: Մհերը չէր սիրում այդ մասին հիշել: Նա մնում էր այն կարծիքին, որ իր հայրը մի օր պարզապես հեռացել է իրենցից՝ թողնելով իրեն ու մայրիկին մենակ:

Լռությունն ընդհատեց  Հայկի դժգոհ ձայնը.

-Ուզում էի ասել, որ իր դասերին միշտ էլ պետք է քնեմ, որովհետև երազում Մարիին եմ տեսնում…

-Նա դժվար թե դա խրախուսեր,- ասաց Մհերը…

-Մհե՛ր, փաստորեն հայրդ էլ է քարտեզներ նկարել, դու էլ ես նկարում, դե քո գծած քարտեզները դեռ միայն դու ես հասկանում, բայց հետո ավելի լավ կգծես հաստատ…

Մհերը ոչինչ չասաց: Նա ինքն էլ գիտեր, որ եթե դադարի քարտեզներ նկարել, էլ Հայկի հետ չեն կարողանա գնալ արկածների ետևից, բայց չէր ուզում նմանվել իր հորը անգամ դրանով:

Նա փորձեց թեման փոխել.

-Մյուս դասին էլ պետք է էդ հեթանոսական աստվածների մասին սովորենք, ավելի լավ կլիներ պատմության փոխարեն մոգության դասեր լինեին…

-Հա, լավ կլիներ, որ կախարդանքով էնպես անեինք, որ Մարին իմ  նվիրած ծաղիկներն ընդունի, ու Համբարձումյանը դասերի ժամանակ մեզ չտեսնի:

Ընկերները սովորության համաձայն միասին գնացին Մհերի տուն: Այդ ժամերին Մհերի մայրիկը աշխաանքի էր լինում, և նրանք ժամանակ էին ունենում երկար զրուցելու և միասին երազելու համար:

Մհերի սենյակում փոքրիկ հին բազմոց կար, այն տեղափոխեցին, երբ նոր բազմոց գնեցին հյուրասենյակի համար: Տղաները նստում էին այդ բազմոցին, նայում էին սենյակի առաստաղին ու բարցրաձայն երազում: Առաստաղից Մհերը կախել էր տարբեր պատկերներ, որոնք գիշերը լուսավորվում էին: Մհերի սենյակից դուրս էր նայում  մեծ պատուհան, որի տակ դրված էր գրասեղանը, գրասեղանի մի կողմում բազկաթոռն էր` մյուսում` մահճակալը: Մահճակալի կողքին տեղավորված էր պահարանը:

-Ինչո՞վ զբաղվենք,- բազմոցին նստելով ասաց Հայկը…

-Չգիտեմ…

-Լսի՛ր, ամեն անգամ նայում եմ սենյակիդ առաստաղին ու ինձ թվում է, թե վերջ չունի…

-Հա, բայց էլի եմ նկարներ կախելու, որ տպավորությունն ավելի խորը լինի…

Հայացքն առաստաղից չկտրելով՝ Հայկն ասաց.

-Մհեր, դու չգիտե՞ս՝ որտեղ է հայրդ…

-Չէ,- ասաց Մհերն ու մտածեց, որ ավելի լավ կլիներ մենակ գար տուն…

-Ես գիտեմ, որ դու չես սիրում էդ քննարկել, բայց մամադ էլ չգիտի՞, դու հարցրե՞լ ես իրան…

-Հա՛յկ, ինքը կորել է, մի օր ուղղակի անհետացել, թողել-գնացել է, հասկանո՞ւմ ես, ես էլ ի՞նչ հարցնեմ…

Երկուսն էլ լռեցին: Հայկը փոշմանեց, որ խոսեց այդ մասին, Մհերն էլ մտածեց, որ պետք չէր ձայնը բարձրացնել ու մի քանի վայրկյան անց ասաց.

-Միայն մի բան կա անհասկանալի…

-Ի՞նչ…

– Ինքը իր իրերից ոչինչ չի վերցրել… Ամեն ինչ մինչև հիմա մնում է իր սենյակում, երևի դրա համար է մաման հավատում, որ նա չի լքել մեզ, որ ինչ-որ բան է պատահել…

-Բայց դա իրոք կասկածելի է, Մհե՛ր, կարող է իրոք ինչ-որ բան է պատահել…

Նրանք երկուսն էլ հասկանում էին, թե որն է այդ «ինչ-որ բան»-ը: Բայց անկախ ամեն ինչից Մհերը գիտեր, զգում էր, որ հայրը ողջ է:

-Ասում ես ` որտեղ են նրա իրերը,- հարցրեց Հայկը:

-Իր սենյակում, նա առանձին փոքրիկ սենյակ ուներ, հաճախ էր փակվում այնտեղ:

-Ուզում ես ասել, որ դու մինչև հիմա այնտեղ չե՞ս մտել,- զարմացած հարցրեց Հայկը…

-Չէ, չեմ մտել…

Հայկը և Մհերը նայեցին իրար ու հասկացան, որ երկուսն էլ միևնույն բանի մասին են մտածում:

-Շատ հնարավոր է, որ դու էնտեղ գտնես մի բան, որը քեզ կօգնի ճանաչել նրան,- կիսաձայն ասաց Հայկը:

Մհերը մի քանի րոպե էլ լուռ նստեց, հետո կտրուկ վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:

-Արի՛ հետս,- ասաց նա Հայկին և գնաց դեպի հայրիկի սենյակը…

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։