ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ – ՀԵՔԻԱԹ ՇՆԻԿԻ ԵՎ ԽԱՉՄԵՐՈւԿԻ ՄԱՍԻՆ


1 share

Շնիկը պստլիկ քոթոթ էր, շագանակագույն, գանգուր մազերով, ականջ­ներից մեկը՝ սև, մյուսը՝ սպիտակ: Նա այնքան խելացի էր, որ երբ սեպտեմ­բերի մեկը եկավ, վերցրեց պայուսակն ու գնաց դպրոց: Դե, ախր նա ծույլ չէր, ինչպես, ասենք, նրա հարևան Թավամազ կատուն, որը դպրոցի անունն ան­գամ լսել չէր ուզում:

Շնիկը եկավ հասավ խաչմերուկին: Հա, մոռացանք ասել, որ այն ժամա­նակ խաչմերուկներում ոչ լուսացույց կար, ոչ էլ անցումներ: Ամեն կողմից հեղեղի պես գալիս էին մեքենաներն ու անցնում, իրար խփվելով, միմյանց ճանապարհ չտալով: Մի խոսքով… Ավելի լավ է, հետևենք, թե Շնիկն ինչպես կանցնի խաչմերուկը, և ամեն ինչ պարզ կդառնա:

Շնիկը դեռ նոր էր մի երկու քայլ արել, երբ ուղիղ նրա քթի տակ ճռնչոցով արգելակեց «Կաղին» մակնիշի մեքենան, և վարորդ Խոզուկը մեքենայից դուրս ցատկելով՝ դնչով իր ճանապարհից մի կողմ նետեց վախեցած ու շշկլված Շնիկին: Շնիկը ընկավ քիչ այն կողմ և կճզմվեր «Սիսեռ» մակագրու­թյամբ մեքենայի տակ, եթե վարորդ Աքլորը մեկ վայրկյան ուշ արգելակեր մեքենան: Հետո էլ ավտոբուսի անիվների տակից փրկվեց, որի վարորդ Ռնգեղ­ջյուրը, մեքենայից իջնելով, նրան շպրտեց մեկ ուրիշ կողմ:

Դրանից հետո խեղճ Շնիկը այնպիսի մի գլխապտույտի մեջ ընկավ, որ ոչինչ չէր զգում, ոչինչ չէր հասկանում, բացի անորոշ սարսափից ու վախից: Մայթին կանգնած Թավամազը քահ-քահ ծիծաղում էր:

Օդի մեջ մեկ հայտնվում էր Շնիկը, մերթ նրա պայուսակը, մերթ էլ՝ պայուսակից դուրս թռած Այբբենարանը: Այդ ժամանակ հեծանիվով անցնում էր Փիղը: Նա Նոր էր հասել խաչմե­րուկի կենտրոնին, երբ Շնիկը թմփոցով ընկավ նրա առջև: Փիղը մի պահ ընկրկեց, բայց հետո, սաստիկ բարկանալով, կնճիթով վերցրեց Շնիկին և ուզում էր մի կողմ նետել.

– Ես քեզ ցույց կտամ փողոցում խաղալ…, – բարկությունից հևաց նա:

– Նա չի խաղում,- չարախնդաց Թավամազը,- այդ հիմարն ուզում է դպրոց գնալ:

– Ես դպրոց եմ գնում,- լաց եղավ Շնիկը,- բայց չեմ կարողանում փողոցն անցնել:

– Դե լավ,- մեղմացավ Փիղը,- որ այդպես է՝ ես քեզ կօգնեմ:

Նա հեծանիվից իջավ, լայնակի կանգնեց փողոցում ու կնճիթը առաջ մեկնեց: Մեքենաները, կնճիթին բախվելով, կանգ առան: Շնիկը մի մայթից մյուսը կավիճով երկու զուգահեռ գծեր քաշեց ու մեջտեղում գրեց «անցում»: Հետո վերցրեց պայուսակը, Այբբենարանը և վազելով անցավ մյուս մայթը: Նա այնքան շփոթված ու հուզված էր, այնքան էր ուշացել դպրոցից, որ մոռացավ նույնիսկ Փղին շնորհակալություն հայտնել:

7

Դասերից հետո Շնիկը, վզից կախած «Ա» տառը, եկավ հասավ խաչմերուկին ու շվարած կանգ առավ: «Հիմա ես ինչպես անցնեմ»,- մտածում էր նա, երբ դիմացի մայթին տեսավ Թավամազին:

– Այդ ի՞նչ շքանշան են քեզ տվել:

– Շքանշան չէ,- ասաց շնիկը, այսօրվա մեր դասն է՝ «Ա» տառը:

– Կտա՞ս ինձ, – հարցրեց Կատուն:

– Քո ինչի՞ն է պետք, – ասաց Շնիկը,- միևնույն է, դու «Ա» տառը չգիտես:

– Շատ պետքս է, – Կատուն ձեռքը թափ տվեց,- ավելի լավ է ոչ մի տառ էլ չիմանամ, քան քեզ պես ճզմվեմ մեքենաների տակ:

– Ես ե՞րբ եմ ճզմվել,- զարմացավ Շնիկը:- Կճզմվես,- չարախնդաց Կատուն:

– Այ, հենց հիմա էլ եթե փորձես խաչմերուկն անցնել, կընկնես մեքենաների անիվների տակ: Իսկ ես կապրեմ ինձ համար ու կխաղամ, ինչքան սիրտս ուզի:

Շնիկը վախեցավ ու սկսեց լաց լինել: Հենց այդ ժամանակ էլ փողոցի ծայրին երևաց Փիղն իր հեծանիվով:

– Լաց մի լինիր, Քոթոթ, – ասաց նա: – Ես հիմա քեզ կօգնեմ:

Կնճիթով այս մեքենայի ճանապարհը փակելով, մյուսինը բացելով, Փիղը սկսեց կարգավորել երթևեկությունը: Շնիկը անցավ Փողոցն ու թեթևացած շունչ քաշեց:

–  Շնորհակալություն, Փիղ:

Սակայն հենց այդ նույն պահին մայթին հայտնվեցին Թութակը, Խլուրդը, Աքլորը, բոլորի ձեռքերին էլ՝ պայուսակ ու վզներից կախ «Ա» տառը:

– Բա մե՞նք, Փիղ, – ձայն տվեց Աքլորը:

– Բա մե՞նք, Փիղ, բա մե՞նք Փիղ,- վրա-վրա կրկնեց Թութակը:

Խլուրդը բռնել Էր Թութակի ձեռքը և իր կիսակույր աչքերով այս ու այն կողմն Էր նայում:

– Ինչպես անենք,- կնճիթով գլուխը քորեց Փիղը, – ախր ես ուշանում եմ: Ես այդքան ժամանակ չունեմ…

– Ես կկարգավորեմ, Փիղ,- ասաց Շնիկը, ցուցափայտը պայուսակի հանելով, –  միայն թե այս կոճղը տար դիր խաչմերուկի կենտրոնում ու ինձ Էլ՝ դրա վրա:

Փիղը վերցրեց մայթին ընկած կոճղը, տարավ դրեց խաչմերուկի կենտրոնում ու Շնիկին Էլ՝ դրա վրա:

– Ուշադրություն,- Շնիկը փայտը բարձրացրեց գլխից վեր,- այս կողմից եկողները կանգնեն, սրանք անցնեն,- և փայտը Փղի կնճիթի պես մեկնեց աջ, մեկնեց ձախ: Բոլոր մեքենաները ենթարկվում Էին փայտիկին:

6

Փիղը, տեսնելով որ ամեն ինչ կարգին Է, ցտեսություն ասաց ու գնաց: Աքլորը, Թութակը և Թութակի ձեռքից բռնած Խլուրդը անցան փողոցը: Շնիկը ուրախ գլխով արեց, բայց… այ քեզ փորձանք, հենց կոճղից իջնում Էր, մեքենաները նորից իրար Էին խառնվում, ու խեղճը ոչ մի կերպ չէր կարողանում հասնել մայթին:

Կատուն, որ մինչ այդ չգիտես ուր էր չքվել, նորից հայտնվեց ու սկսեց չարախնդալ:

– Այ թե թակարդն ես ընկել, հա,- ասաց,- այ թե բանտարկվել ես: Քո ինչի՞ն էր պետք կոճղին բարձրանալը ու ցնդած Թութակին, հիմար Աքլորին ու կիսակույր Խլուրդին օգնելը: Եվ ընդհանրապես՝ դու ինչո՞ւ ես ամեն տեղ քիթդ խոթում:

– Դու հիմար ես, թավամազ,- ասաց Շնիկը,- եթե դպրոց գնայիր, քեզ կսովորեցնեին, որ բոլորս պարտավոր ենք իրար օգնել:

– Ես գնամ Փղին կանչեմ,- ասաց Աքլորը՝ Փղի ետևից վազելով:

Բայց Փիղը տանը չէր: Նա գնացքով մեկնել էր Կապիկի ծնունդին:

– Հիմա ի՞նչ անենք,- ասաց Խլուրդը:

– Ի՞նչ անենք, ի՞նչ անենք, ի՞նչ անենք,- կրկնեց Թութակը:

– Ոչինչ,- ասաց Կատուն, – թող Շնիկը այդպես էլ ցցված մնա:

Իսկ Շնիկը կոճղին կանգնած մտածում էր: Մտածեց, մտածեց ու ելքը գտավ:

– Այստեղ բերեք այդ լապտերիկը, – ասաց նա, – փայտիկով խաչմերուկի անցուդարձը կարգավորելով:

Աքլորն ու Թութակը վերցրեցին ցածրիկ սյան վրա դրված երեք գնդերով լապտերը և հասցրին նրան:

Շնիկը Թութակի մեջքից երեք փետուր փոկեց. կարմիր, դեղին, կանաչ: Վերևի լապտերը ներկեց կարմիր, մեջտեղինը՝ դեղին, ներքևինը՝ կանաչ: Հետո փայտիկը բարձրացրեց՝ ուշադրություն. վառվեց դեղին լապտերիկը, դուք կանգնեք, ասաց աջ և ձախ կողմերից եկող մեքենաներին և նրանց դիմաց վառվեց կարմիր լապտերիկը: Դուք անցեք՝ ասաց առջևից եկողներին, և նրանց դիմաց կանաչ լապտերը վառվեց:

5

Մեքենաները աստիճանաբար վարժվեցին լույսերին և սկսեցին ենթարկվել նրանց:

Քիչ հետո Շնիկը, Աքլորը և Թութակը ձեռք-ձեռքի տված անցան լույսի սպասող մեքենաների առջևով ու հասան մայթ:

-Այ քեզ բան,- զարմացավ Կատուն:

– Սրանից հետո մենք բոլորս հեշտ ու հանգիստ կանցնենք փողոցը,- ասաց Շնիկը:

Հաջորդ օրը երեկոյան Թավամազը եկավ խաչմերուկ, մի քանի անգամ անցավ մյուս մայթն ու վերադարձավ: Իսկ քանի որ խաչմերուկն անցնելը այդքան հեշտ էր, նա իրենից անկախ սկսեց մտածել դպրոցի մասին: Կարծես թե այնքան էլ վատ բան չէ դպրոցը: Գրել-կարդալ են սովորեցնում. «Ա» տառը, «Բ» տառը: Երևի «Թ» տառն էլ սովորեցնեն՝ Թավամազ… Եվ այս փողոց անցնելն էլ ինչքան հեշտացել է: Գնա ու արի ինչքան կուզես, ոչ մի մեքենա էլ քեզ չի ճզմի:

«Վատն էլ այդ է, որ չի ճզմի, էլի»,- հանկարծ բարկացավ Թավամազը: Եթե այդքան հեշտ չլիներ, Շնիկը կվախենար, դպրոց չէր գնա, ու առաջվա պես առավոտից երեկո կխաղային միասին: Հիմա ինքը ստիպված է ամբողջ օրը մենակ խաղալ: Եվ այդ ամենի մեղավորը այս անիծյալ լամպն է. այնպես էլ կանոնավոր ու լավ է վառվում՝ կարմիր, դեղին, կանաչ:

Չկոտրի՞ այս լամպը: Չէ, ավելի լավ է՝ գողանա, պահի: Այն ժամանակ տեսնենք Քոթոթը (տես է, դպրոցում նոր անուն է ստացել՝ Քոթոթ) ինչպե՞ս պետք է դպրոց գնա: Իսկ երբ այլևս դպրոց չգնա, ինքը կգա կխնդրի, որ միասին խաղան:

– Ուռա՜,- գոչեց մայթին սպասող Խլուրդը:

– Ուռա,- ձայնակցեցին Աքլորը, Թութակն ու Շնիկը:

Լավ է: Ոչ ոք էլ չկա:

Թավամազը մոտեցավ, իջեցրեց լապտերը ու փախցրեց: Մեքենաների ընթացքը խառնվեց իրար: Վարորդները բարկացած հայհոյեցին փախչող կատվի ետևից: Ու մինչև այսօր էլ հենց որ մի կատու անցնում է փողոցը, վարորդներին թվում է, թե նա դարձյալ լուսացույցն է գողանում, և հիմա ուր որ է՝ նորից վթար կլինի, դրա համար էլ բարկացած հայհոյում են:

Դե, եթե լուսացույցը չկա, ուրեմն խաչմերուկը նույն անկարգ ու անկանոն խաչմերուկն է, ինչպիսին որ մեր պատմության սկզբում էր: Դրա համար էլ, երբ մյուս օրն առավոտյան, ձեռք-ձեռքի տված, Խլուրդն ու Թութակը եկան-հասան մայթին, շվարած կանգ առան:

Ճիշտն ասած՝ խլուրդը վատ էր տեսնում, դրա համար էլ սկզբում չէր կարողանում գլխի ընկնել, թե ինչու են այդքան երկար կանգնել ու սպասում:

4

– Կանաչ լույսը դեռ չկա՞,- հարցրեց նա:

– Կանաչ լույսը չկա, կանաչ լույսը չկա, կանաչ լույսը չկա,- անհանգստացած ասաց Թութակը:

– Ինչո՞ւ ես այդքան կրկնում, հո խուլ չեմ, – նեղացավ Խլուրդը,- դպրոցում քեզ այդքան սովորեցնում են ինքնուրույն մտքեր ասել, իսկ դու լսածդ խոսքը տասն անգամ կրկնում ես:

– Կանաչ լույսը չկա, – ճիգով փորձեց ինքնուրույն միտք արտահայտել Թութակը,- կարմիր լույսը չկա, դեղին լույսը չկա, ոչինչ չկա:

– Ապրես,- ասաց խլուրդը:

– Բայց սպասի՛ր, ինչպե՞ս թե չկան: Լուսացույցը չի՞ աշխատում, ի՞նչ է:

– Չի աշխատում: Լուսացույցը չկա:Այդ ժամանակ հայտնվեց Աքլորը:

– Լուսացույցն ո՞ւր է, – հարցրեց:

Եկավ Շնիկը:

–  Լուսացույցը որտե՞ղ է, – զարմացավ:

– Հիմա մենք ի՞նչ պետք է անենք,- անհանգստացավ Խլուրդը,- ախր դասից ուշանում ենք:

– Ես մի բան եմ մտածում, – ասաց Շնիկը, – բայց հաստատ չգիտեմ:

– Ի՞նչ, – հարցրեցին մյուսները:

– Ես մտածում եմ… Մտածում եմ, որ լուսացույցը մեկն ու մեկը գողացել է:

– Պարզ է, որ մեկնումեկը գողացել է, – ասացին մյուսները:

– Ես մի ուրիշ բան էլ եմ մտածում, – ասաց Շնիկը, – մտածում եմ՝ Թավամազն է գողացել: Սպասեք, գնամ, նայեմ նրա աչքերի մեջ, հենց որ նա սուտ խոսի, իսկույն կիմանամ:

Շնիկը գնաց, վերադարձավ ու ասաց, որ հաստատ Թավամազն է գողացել:

– Նա ինքն ասաց, – հարցրեցին մյուսները:

– Ինքը որտե՞ղ է որ, – ասաց Շնիկը:

– Նա տանը չի, փախել է…

– Հարկավոր է բռնել ու մի լավ պատժել, – բարկացավ խլուրդը:

– Որտե՞ղ փնտրենք նրան,- մեջ ընկավ Աքլորը:

– Թութակը թռիչքի պարապմունքների է գնում, – ասաց Խլուրդը,- թող Թութակը թռչի, գնա գտնի, գա մեզ տեղն ասի:

– Ճիշտ է, — համաձայնեցին մյուսները:

– Ճիշտ է, – ասաց Թութակը:

– Ես թռչեմ, գտնեմ Թավամազին, գամ տեղն ասեմ:

Նա շարժեց թևերը, մի փոքր օդ բարձրացավ, հետո ընկավ, նորից թափ առավ, վազեց, թևերը թափահարեց և այս անգամ սավառնելով վեր բարձրացավ:

– Ուռա՜, — գոռացին մյուսները:Թութակը գնաց, պտտվեց ու ետ եկավ:

– Թութակը եկավ, Թութակը եկավ, – ուրախացած ասաց Աքլորը:

Թութակը ծանր հևալով իջավ մայթին:

– Գտա՞ր, – հարցրեց Խլուրդը:- Տեսա՞ր, – հարցրեց Աքլորը:

– Թավամա՞զն էր գողացել,- հարցրեց Շնիկը:

– Թավամազն էր գողացել, – շունչը տեղը բերելով՝ ասաց Թութակը,- Թավամազն էր գողացել…

– Մի կրկնիր, – սաստեց Խլուրդը: – Ինքնուրույն բառերով: Դպրոցում քեզ այդքան…

– Ինքնուրույն…, – Թութակը ժողովեց մտքերը: – Թավամազը գողացել է լուսացույցը: Թավամազը գնացել է այն կողմ: Թավամազը լուսացույցով խաղ է անում:

– Ես այդպես էլ կարծում էի, – որ նա գետակի կողմը գնացած կլինի,- ասաց Շնիկը:

– Գնացինք,- ասացին մյուսները:

– Թութա՛կ, ճանապարհը ցույց տուր:

Այդ ժամանակ Փիղն էլ եկավ, և այդ պատմությունն իմանալով՝ միացավ մյուսներին: Նրանք թող գնան, մենք տեսնենք, թե Թավամազն այդ պահին ինչ էր անում:

Թավամազը լուսացույցը բերել, դրել էր դաշտում, գետակից քիչ այն կողմ և լուրջ ու կարևոր տեսքով նայում էր նրան: Իսկ լուսացույցը կարծես խաչմերուկում լիներ՝ հերթով վառում էր լույսերը՝ կարմիր, դեղին, կանաչ:

– Դե լավ, – սկսում ենք, – ասաց Կատուն: – Ուրեմն այսպես՝  կարմիր լույս՝ Թավամազ կանգնիր ու սպասիր, թե չէ այն ծաղիկները (ախր դրանք մեքենաներ են, տրոլեյբուսներ, ավտոբուսներ) քեզ կճզմեն իրենց անիվնների տակ: Իսկ երբ ճզմեն, էլ վերջ, մնաս բարով և խաղ, և դպրոց (իբր թե դպոց էլ եմ գնում): Ախր այսօր մեզ դպրոցում «Թ» տառն են սովորեցրել՝ Թավամազ, Թաթ…Դեղին լույս՝ Թավամազ, ուշադրություն:

Կանաչ լույս՝ արագ անցիր, Թավամազ, ախր դպրոցից ուշանում ես:

Դպրոցում այնքան լավ է, քեզ երգել էլ կսովորեցնեն:

Կատուն վազեց մի քանի մետր, իբր թե հասավ դիմացի մայթին ու սկսեց երգել.

Ինձ պետք չէ դպրոց,
Պետք չէ ինձ ուսում,
Ես անում եմ այն,
Ինչ ինքս եմ ուզում:

Իմ ինչի՞ն են պետք,
Տառը «Ա» կամ «Կ»-ը,
Երբ այս քան լավն են
Ամպն ու գետակը…

Հետո լուսացույցի գնդիկները իրարից անջատելով, շարեց կողք-կողքի  ու սկսեց ոտքով հարվածել մերթ կարմիր գնդիկին, մերթ՝ դեղին, մերթ՝ կանաչ:

– Տեսնո՞ւմ ես, ինչ լավ է գունավոր ֆուտբոլը, – ասաց: – Կարմիրը՝ գոլ, դեղինը՝ ձողափայտին, կանաչ աուտ:

3

– Է՜հ, սրանից էլ ձանձրացա,- ասաց, գնդիկները նորից շարելով իրար վրա: – Ավելի լավ է՝ քեզ տանեմ, սուզեմ գետակի մեջ, որ ձկներին ճանապարհ ցույց տաս, որպեսզի փոքրիկ ձկնիկները չընկնեն մեծ ձկների տակ ու ճզմվեն:

Թավամազը լուսացույցը գրկեց ու գնաց դեպի գետակը: Նա դեռ նոր էր թեքվել սարի ետևը, երբ վազեվազ հասան Շնիկը, Խլուրդը, Աքլորը և Փիղը: Հետևից էլ՝ Թութակը: Նա հոգնել էր թռչելուց և հիմա ոտքով էր գալիս:

– Օ՜ֆ, հոգնեցի, – ասաց խլուրդը, – այդ անպիտանը կարծես գետնի տակ է անցել:

– Բա ո՞ւր է Թավամազը, — Թութակին դարձավ Փիղը:

–  Իսկապես ուր է, – հարցրեց Աքլորը:

– Այստեղ էր, – ասաց Թութակը:

– Նա քիչ առաջ այստեղ է եղել, — ասաց Շնիկը, — ես հոտը զգում եմ:

– Թութակ, օդ բարձրացիր, տես ուր է, — ասաց խլուրդը:

Թութակը թռավ, մի պտույտ կատարեց օդում և իսկույն էլ ցած իջավ:

–  Նա գալիս է, նա գալիս է, – ասաց, – այստեղ է գալիս:

– Ճիշտ է, այստեղ է գալիս, – ասաց Շնիկը, – թաքնվեք:

Բոլորը թաքնվեցին: Եվ լավ արեցին, որ այդքան արագ թաքնվեցին, որովհետև մի վայրկյան էլ չէր անցել, երբ Թավամազը արդեն կանգնել էր այն տեղում, ուր քիչ առաջ նրանք էին, և հանդիմանում էր լուսացույցին:

– Դե, տեսա՞ր, թե ինչ արեցիր: Տեսա՞ր, թե ինչ հիմարն ես դու:

Կարմիր լույս՝ բոլոր ձկները ետ են փախչում:

Դեղին լույս՝ բոլոր ձկները վախեցած ետ են փախչում:

Կանաչ լույս՝ բոլոր ձկները լեղապատառ ետ են փախչում:

Ի՞նչ է, քեզ դո՞ւր է գալիս: Այ, հիմա ես քեզ կբարձրացնեմ, այն ժայռից կգցեմ, փշուր-փշուր կլինես ու կիմանաս, թե ինչ է նշանակում խեղճ միամիտ ձկներին վախեցնելը:

Թավամազը մոտեցավ ժայռին, ցանկանում էր բարձրանալ, երբ հանկարծ ժայռի ետևում թաքնված Փիղը կնճիթը երկարեց ու խլեց լուսացույցը: Բոլորը թաքստոցներից դուրս եկան ու վրան պրծան:

– Վա՜յ, մայրիկ,- վախեցած ճչաց Կատուն:

Այս կողմ վազեց, այն կողմ վազեց և հետո հանկարծ Փղի ոտքերի արանքով պուկ՝ փախավ:

– Մենք դեռ քո հախից կգանք,- ասացին Շնիկը, Փիղը, Խլուրդը, Աքլորն ու Թութակը:

Հետո մոտեցան լուսացույցին, շոյեցին և ասացին.

–  Ինչ լավ է, որ չհասցրեց քեզ փշրել: Հիմա խաչմերուկներում նորից կարգ ու կանոն կլինի:

2

Եվ իսկապես, հենց մյուս առավոտյան խաչմերուկում արդեն կարգ ու կանոնն էր տիրում:

Եվ որպեսզի Կատուն նորից լուսացույցը չգողանա, այն կախել էին մի բարձր սյունից: Ճիշտն ասած, Թավամազի մտքովն էլ չէր անցնում լուսացույցը նորից գողանալ: Ընդհակառակը, նա զգացել էր իր սխալը, զղջացել էր, ինքն էլ ուզում էր դպրոց գնալ, բայց ամաչում էր:

– Դե լավ, – ասաց Շնիկը, – եթե զղջացել ես, արի: Կարծում եմ’ մյուս­ներն էլ քեզ կներեն:

Եվ մինչ Թավամազն ու Շնիկը խաչմերուկ կհասնեին, այնտեղ մի հե­տաքրքիր դեպք կատարվեց: Թութակը, որը թռչել էր սովորել, շտապելուց, թե նրանից, որ թռիչքը նրան արդեն հաճույք էր պատճառում, խաչմերուկին հասնելուն պես թողեց խեղճ Խլուրդի ձեռքը և թռավ անցավ փողոցը: Խլուրդը շվարած կանգ առավ: Ախր նա լավ չէր տեսնում և լուսացույցի գույները չէր կարողանում տարբերել: Մի քանի անգամ փորձ արեց անցնել փողոցը, և միշտ էլ անհաջող, որովհետև այդ պահերին հակառակի պես դիմացը միշտ կարմիր լույս էր լի­նում:

Նա հուսահատությունից չգիտեր ինչ անել, երբ հանկարծ գլխում մի միտք փայլատակեց. «Եթե Թութակը վերևով անցավ խաչմերուկը, ինչու ինքն էլ ներքևով՝ գետնի տակով չանցնի»: Ասելն ու անելը մեկ եղավ: Մայթից, հենց իր կանգնած տեղից սկսեց փո­րել, և փորել-փորելով գնաց հասավ մյուս մայթը: Դուրս եկավ, նայեց շուրջը, տեսավ, որ խաչմերուկը ետևում է մնացել և ուրախությունից ծափ զարկեց: Հետո վազեց, մտավ փորած անցքը և ետ եկավ: Անցքից դուրս գալուց, ճիշտն ասած, քիչ էր մնում ընկներ Շնիկի ոտ­քերի տակ. Շնիկը՝ Թավամազի ձեռքից բռնած, կանաչ լույսին էր սպասում:

– Դու ես, խլուրդ, – վեր թռավ Շնիկը, – այս որտեղի՞ց հայտնվեցիր:

– Արի ցույց տամ, – ուրախությունից քիչ էր մնում խլուրդի սիրտը ճաքեր, – տես, թե ինչ անցք եմ փորել…

Խլուրդը բռնեց Շնիկի ձեռքը, Շնիկը՝ Կատվի, և նրանք միասին մտան փորած անցքի մեջ ու դուրս եկան մյուս մայթը:

– Վատ չէ,- ասաց Շնիկը,- միան թե մութ է:

1

– Իսկ ես լուսատտիկներ ունեմ,- ասաց Թավամազը, – դաշտում եմ հավաքել… Նա գրպանից հանեց լուսատտիկները, շաղ տվեց անցումի պատերին ու առաստաղին, և լույս եղավ:

Հետո եկավ Աքլորը, անցումը տեսավ և մյուսների հետ սկսեց ուրախանալ: Հետո թռավ-եկավ Թութակը: Նա Խլուրդի համար էր անհանգստաց և երբ տեսավ, թե Խլուրդն ինչ գետնուղի է փորել, ուրախությունից համբուրեց նրան: Խլուրդը խոստացավ աշխարհի բոլոր խաչմերուկներում գետնուղի- անցումներ փորել: Նա, իհարկե, իր խոսքը կկատարի: Նա հիմա էլ ամեն գիշ փորում է: Բայց քանի որ խաչմերուկները շատ-շատ են և Խլուրդը դեռ հասցրել բոլոր տեղերում անցումներ փորել, դրա համար էլ բոլորս միասին հիշենք.

Կարմիր լույս՝ կանգ առ,

Դեղին լույս՝ ուշադրություն,

Կանաչ լույս՝ անցիր…

Չեք մոռանա, չէ՞: Ապրեք: Դե ցտեսություն…

Վահե Պողոսյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։