ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասները

Գլուխ 4-րդ

ՍԵՎ ԹԻԿՆՈՑՈՎ ԿԻՆԸ

Տղաներն անխոս քայլում էին դեպի տուն: Նրանց գլխում  միայն ճեղքված պատի պատկերն էր և սարսափելի սառնությունը, որ զգացել էին մի քանի րոպե առաջ: Երբ նրանք խաչմերուկից թեքվում էին, Մհերին թվաց, թե ինչ-որ մեկի ստվերը նրանց հետևից թեքվեց, նա ետ նայեց, բայց ոչինչ չտեսավ:

-Դու նկատեցի՞ր,- հարցրեց նա Հայկին:

-Ի՞նչը

-Լավ, ոչինչ…

-Մհեր, ի՞նչ ես կարծում՝ էն սենյակում, էդ ի՞նչ էր…

-Չգիտեմ, հնարավոր է, որ նկուղ էր:

-Ի՞նչ նկուղ, Մհեր… Դա նկուղի նման չէր:

-Բա ի՞նչ էր քո կարծիքով:

-Դե հորդ նոթատետրում ի՞նչ էր գրած չարիքի մասին…,- վախեցած շուրջը նայելով՝ ասաց Հայկը

-Էէէէ, դրանք հեքիաթներ են, Հա՛յկ, հանի՛ր գլխիցդ, ավելի լավ է գնանք ու պատմությունը սովորենք, վաղը Համբարձումյանը դաս է հարցնելու…

-Հաա, մոռացել էի… Ու դեռ հարց Է, թե մեր այսօրվա հերոսությունը նկատել է, թե չէ: Եթե տեսած լինի, որ դուռը բացել ենք, ձեռքից չենք պրծնի:

– Տեսա՞ր… Հիմա նկատեցի՞ր,- ասաց Մհերը՝ ետ նայելով…

-Չէ, ի՞նչը…

-Ինձ թվում է՝ մեր հետևից ինչ որ մեկը գալիս է…

Հայկի հայացքը սառավ վախից, բայց մի քանի վայրկյան անց ասաց.

-էէէ, Մհե՛ր, ուղղակի տպավորության տակ ես… Աչքիդ բաներ են երևում…

-Հա, երևի,- ասաց Մհերը, բայց նրանք երկուսի մեջ էլ կասկած կար:

Տղաները շարունակեցին իրենց զրույցը այսօր իրենց հետ կատարվածի շուրջ: Այդպես զրուցելով հասան տուն և գնացին անմիջապես Մհերի սենյակ:

-Ուզում եմ կարդալ հայրիկիդ գրածը, էն որ մի հատվածն արտագրել էիր,- ասաց Հայկը:

-Հա, հիմա կտամ,- սենյակի դուռը բացելով՝ ասաց Մհերը և նույն վայրկյանին քարացավ տեղում:

Սենյակում` պատուհանի մոտ, թիկունքով դեպի դուռը, կանգնած էր սև երկար թիկնոցով մեկը: Նա նայում էր պատուհանից դուրս:

-Սա ո՞վ է,- շշուկով հարցրեց Հայկը:

-Չգիտեմ…

-Չարիքն է,- ասաց Հայկն` այս անգամ կես հարց-կես պատասխան :

Նա սա ասաց այնպես, որ թվաց, թե հիմա կգոռա ու կփախչի, բայց չեղավ ոչ մեկը, ոչ մյուսը: Հայկը կանգնել էր քարացած ու լայն բացած աչքերով նայում էր անծանոթին:

Մհերը հասկացավ, որ երկու տարբերակ ունի` կամ պետք է փակեր դուռն ու փախչեր, կամ էլ հավաքել ուժերը մի կետում, լցվել համարձակությամբ ու հարցնել, թե ով է նա և ինչ է ուզում:

-Բարև Ձեզ,- ասաց նա անհամարձակ: Անծանոթը ոչինչ չասաց:

-Բարև Ձեզ,- կրկնեց Մհերը:

Անծանոթը շրջվեց: Նա հանդարտ ետ տարավ գլխանոցը և տղաները անսպասելիությունից ետ-ետ գնացին: Մի քանի վայրկյան անց անծանոթը հանեց թիկնոցը: Տղաների առաջ կանգնած էր անասելի գեղեցկություն ունեցող մի կին, ճերմակ զգեստով` այնքան ճերմակ որ թվում էր, թե այն շողարձակում է ճիշտ այնպես, ինչպես Մհերի գտած թուրը: Նրա զգեստի եզրերը կաթնագույն էին, նա կապել էր ոսկեգույն գոտի, ոսկեգույն վզնոցը զարդարում էր նրա երկար, ճերմակ պարանոցը, և ոսկեգույն նուրբ թագ էր շողում նրա գլխին: Նրա աչքերը սև էին և սպիտակ մաշկի վրա դրանք նմանվում էին խոր գիշերների, ու թվում էր, թե աստղեր են շողում դրանց մեջ:

-Ես չգիտեի, որ մահն այսքան գեղեցիկ է,- աչքը կնոջից չըկտրելով՝ ասաց Հայկը:

Մհերը չլսեց ընկերոջը, նա փորձեց սթափվել:

-Բարև Ձեզ,- նորից ասաց նա:

-Բարև,- պատասխանեց կինը, նրա ձայնը այնքան հաճելի էր, որ տղաների մոտ ցանկություն առաջացավ անվերջ լսել նրան:

-Ես Մհերն եմ, իսկ ինքը՝ Հայկը:

-Ես դա գիտեմ… Դուք այն տղաներն եք ովքեր բացեցին Ահրիմանի  միջանցքը և այդպիսով վտանգեցիք բոլորին:

-Ահրու…Ահրա… կներեք ու՞մ միջանցքը,- հարցրեց Հայկը:

-Ահրիմանի,- ասաց կինը և նրա ձայնի մեջ այս անգամ բարկություն լսվեց:

-Բայց ու՞մ ենք վտանգել,- հարցրեց Մհերը:

-Բոլորին… Բոլորին անխտիր,- ավելի բարկացած ասաց կինը, բայց որքան էլ բարկացած էր խոսում նա, միևնույնն է ձայնի մեջ չարություն չկար և տղաների վախը նահանջել էր:

-Մենք միայն հետևեցինք քարտեզին… Ես այն գտա հայրիկիս սենյակում:

-Հայրիկդ… Ախ քո հետաքրքրասեր հայրիկը… Ես ասում էի, ասում էի, որ նա մի փորձանք է բերելու, ինձ ոչ ոք չլսեց:

-Դուք գիտե՞ք հայրիկիս:

-Գիտեմ… Բայց դա հիմա կարևոր չէ, հիմա միայն մի բան է կարևոր` ուղղել այն, ինչ դուք արել եք, և դա կարող ես անել միայն դու՝ Մհեր…

-Ինչու՞ ես:

-Որովհետև դու ես բացել միջանցքը:

-Լավ, ես հասկացա, ես կգնամ ու կփակեմ այն…

Կնոջ հայացքը մեղմացավ, կարծես բարկությունը անհետացավ, նա մի թեթև ժպտաց և կռացավ դեպի Մհերը.

– Դու այն չես կարողանա փակել Մհեր, դու պետք է անցնես նրանով և հաղթես Ահրիմանի ուժը պահպանող հինգ գազաններին, այդպիսով միայն դու կկարողանաս հաղթել Ահրիմանին:

– Բայց ինչու՞ ես պետք է հաղթեմ նրան:

– Եվ ո՞վ է այդ Ահրու, Ահրա…մի խոսքով դա ,- միջամտեց Հայկը,- և կներեք հարցիս համար, ո՞վ եք դուք:

-Սկսենք սկզբից,- նայելով Հայկին՝ ասաց կինն ու կանգնեց իր ողջ շքեղությամբ ու գեղեցկությամբ տղաների առջև: Այս անգամ նա մի քիչ ավելի բարձրահասակ թվաց, նրա ճերմակ զգեստը սկսեց շողալ ավելի վառ, և աչքերից ասես կայծեր թռան: Կինը տիրական ու հզոր ձայնով ասաց.

-Ձեր առջև, իմաստնության ու խոհեմության, մայրության և գեղեցկության մայր-աստվածուհին է… Ձեր առջև Անահիտն է…

Մի քանի վայրկյան անց նա նորից հանդարտեցրեց աչքերը և նույն նուրբ ձայնով, մի քիչ էլ կոկետությամբ ասաց.

-Դե, հասկանում եք, աստվածուհին պետք է կարողանա  ներկայացնել իրեն, դեռ երբեք ինձ մոտ վատ չի ստացվել…

Ես դժվարանում եմ նկարագրել, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այս հայտարարությունը տղաների վրա, միայն կասեմ, որ Հայկը զարմանքից բացել էր բերանը, իսկ Մհերը աթոռին նստելու փոխարեն ընկել էր գետնին:

-Իսկ հիմա Ահրիմանի մասին,- հանգիստ շարունակեց Անահիտը:

– Չէ, մեկ րոպե… Ես այնքան էլ չհասկացա,- ասաց Մհերը,- ուզո՞ւմ եք ասել, որ դուք Անահիտ աստվածուհին եք… Բայց դա չի կարող լինել…

-Ինչու՞ չի կարող լինել,- ասաց Անահիտը՝ հին բազմոցին տեղավորվելով:

-Դե, որովհետև…,- և Մհերը հասկացավ, որ ոչինչ չի կարող պատասխանել:

-Ուրեմն ապացուցեք ինչ-որ ձևով,- ասաց Հայկը:

-Շատ լավ, ուզում եք, որ ապացուցեմ, ուրեմն այդպես էլ կանեմ:

Նա արագ բարձրացավ տեղից, պարզեց ձեռքը դեպի տղաները և այն մի փոքր պտտեց, նույն պահին սենյակում ամեն ինչ վեր բարձրացավ և ասես ուժեղ քամուց իրերն սկսեցին պտտվել նրանց երեքի շուրջ, հետո ամեն ինչ հանդարտվեց և տղաները տեսան, որ սենյակի կահույքի դասավորությունը փոխվել է: Պահարնը հայտնվել էր բազկաթոռի տեղում, բազկաթոռը` մահճակալի, իսկ մահճակալը` պահարանի: Գրասեղանին ամեն ինչ հավաքված էր և ծաղկամանով վարդեր էին դրված: Մինչ տղաները զարմացած նայում էին իրենց շուրջը, Անահիտը թեթևացած շունչ քաշեց և ասաց.

-Այս սենյակ մտնելու առաջին վայրկյանից ուզում էի ձևափոխել այն, այսպես ավելի լավ է:

-Բայց ինչպե՞ս արեցիք,- ասաց Հայկը:

-Ես նորի՞ց կրկնեմ, թե ով եմ,- ասաց Անահիտը՝ դժգոհ նայելով Հայկին:

-Չէ, մի կերպ առանց դրա կդիմանանք,- քթի տակ մռթմռթաց Հայկը:

Անահիտը նորից նստեց բազմոցին:

-Դե ինչ, հիմա պատրա՞ստ եք լսել Ահրիմանի մասին,թե՞ ձեզ համար միևնույն է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք…

– Իսկ չի լինի մի քիչ հետո լսենք էդ Ահրա… Ահրումարի մասին,- կատարվածից ուշքի չգալով՝ ասաց Հայկը:

-Հա, գոնե մի քանի րոպե սպասենք: Այսօրվա ողջ կատարվածը մի քիչ շատ էր մեզ համար,- ասաց Մհերը և նստեց մահճակալին:

 

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։