ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անցորդների ուշադրությունն ու զարմանքը շարժող այս հպարտ ու ազնիվ փոքրիկը Ռոնին էր, որը, չնայած իր փոքրիկ ու հյուծված մարմնին, փորձում էր տանել անցորդների մեծ կապոցներն ու դրա համար մի քանի մանրադրամ ստանալ:


-Պարո՜ն, կարո՞ղ եմ Ձեզ օգնել. ես կարող եմ Ձեր կապոցները տանել այնտեղ, ուր կցանկանաք, իսկ Դու՜ք, տիկի՜ն, միգուցե Ձե՞զ է օգնություն անհրաժեշտ… Սա ի՞նչ է. ես ողորմություն չեմ խնդրում, ես ուզում եմ աշխատել ու դրա համար վաստակել… պարո՜ն, վերցրեք այս գումարը, ես սա չեմ կարող վերցնել:

Անցորդների ուշադրությունն ու զարմանքը շարժող այս հպարտ ու ազնիվ փոքրիկը Ռոնին էր, որը, չնայած իր փոքրիկ ու հյուծված մարմնին, փորձում էր տանել անցորդների մեծ կապոցներն ու դրա համար մի քանի մանրադրամ ստանալ: Ռոնիին այդ փոքրիկ փողոցում բոլորն էին ճանաչում. բոլորն էլ գնահատում էին նրա ազնիվ հոգին ու չէին փորձում հենց այնպես գումար տալով՝ վիրավորել նրա անսահման մեծ ինքնասիրությունը: Սակայն ինչպես ամենուր, Ռոնիի կյանքում էլ հանդիպում էին այնպիսի մարդիկ, ովքեր շահագործում էին նրա աշխատելու ցանկությունը և աշխատանքի դիմաց ոչ միայն ոչինչ չէին տալիս, այլև հարվածում էին նրան ու նվաստացուցիչ խոսքեր ասում: Բայց կյանքի անգամ այս դաժան հարվածները Ռոնիին երբևէ չէին ստիպում, որ նա չարանար մարդկանց հանդեպ ու գողություն աներ, ինչպես որ անում էին այդ փողոցում ապրող նրա հասակակից շատ տղաներ: «Չէ՜, ես կյանքում գողություն չեմ անի. չէ՞ որ ես խոսք եմ տվել իմ ծնողներին, եթե հայրիկս իմանար, շատ կբարկանար, իսկ մայրիկս էլ շատ կտխրեր: Չէ՜, ես երբևէ գողություն չեմ անի»:

Ռոնին տասներկու տարեկան էր: Նա, ի տարբերություն իր հասակակից տղաների, շատ ավելի կարճահասակ էր, ուներ շագանակագույն մազեր և մեծ ու կապույտ աչքեր: Կյանքի այլ պայմանների դեպքում Ռոնին իր արտաքինով գուցե արքայազնի նմանվեր, բայց այսօր նա կեղտոտ էր, անխնամ և շատ խղճուկ: Ծանր ժանտախտը Ռոնիին զրկեց իր ծնողներից, երբ նա ընդամենը վեց տարեկան էր, սակայն ո՜չ կյանքի դժվարությունները, ո՜չ սովը, ո՜չ ցուրտը, երբևէ չստիպեցին նրան մոռանալ հոր խոսքերը. «Ազնիվ մարդը երբևէ կյանքում ուրիշից ոչինչ չի խլի, ոչինչ չի գողանա. ազնիվ մարդը իր հանապազօրյա հացը կվաստակի ազնիվ աշխատանքով»: Իսկ երբ Ռոնիի հայրիկը՝ պարոն Սմիթը, որ արժանավոր պարոն էր, դաստիարակում էր որդուն, Ռոնիի մայրիկը՝ միսս Ջանին, բարի ժպտում էր, շոյում Ռոնիի գլուխը և ասում.

-Ռոնի՜, որդի՜ս, լսիր հայրիկիդ խոսքերը, դրանք ոսկի խոսքեր են, և երբեք Աստված քեզ չի մոռանա: Եթե կարող ես օգնիր նրան, ով քո օգնության կարիքն ունի, կիսիր նրա հետ քո ուտելիքի փոքրիկ պաշարը և իմացի՛ր այդ պահին, որտեղ էլ, որ մենք՝ քո ծնողները լինենք պիտի հպարտանանք քեզանով:

Այսօր փոքրիկ Ռոնին, հետևելով իր ծնողների խոսքին, իր վաստակած համեստ գումարով կերակրում է մի ծեր, հիվանդ տիկնոջ՝ տիկին Բարբարային, ով մի անգամ փրկել էր Ռոնիին մի դաժան մարդու ծեծից՝ իր ձեռքի փայտով հարվածելով նրա ոտքերին, ու Բասին՝ իր ամենահավատարիմ ընկերոջը՝ մի չափազանց մեծ ու բացարձակապես անվտանգ շան: Նրանք ապրում էին քաղաքի արվարձաններից մեկում ՝ մի կիսախարխուլ շենքի կեղտոտ նկուղում. ճիշտ է փոքրիկ տղայի համար դա լավագույն կացարանը չէր, բայց անգամ այս խոնավ ու կեղտոտ նկուղի համար Ռոնին հաճախ էր կռվում փողոցի մնացած անտուն երեխաների հետ, ովքեր փորձում էին տիրանալ ինչպես նրանք էին ասում այդ «փոքրիկ ավազակի պալատին»:

a135f8725d970979861e06bb1dce9562

– Լսվա՞ծ բան է, որ քո նման անշնորհքը ապրի էս պալատում, իսկ մեր պես կարգին տղերքը փողոցում: Թե չես ուզում, որ էս քո կյանքի վերջի օրը լինի, հանձնիր թագավորությունդ մեզ:

Սկզբում Ռոնին պայքարում էր նրանց դեմ քարերով ու փայտով. լինում էին դեպքեր, երբ Ռոնիին չէին օգնում քարերն ու փայտերը, և չար տղաների խումբը դաժանորեն ծեծում էր նրան, բայց ամեն ինչ փոխվեց, և Ռոնին սկսեց իրեն ավելի պաշտպանված զգալ, երբ նրա կյանքում հայտնվեց իր հավատարիմ ընկեր Բասը, որին անգամ հեռվից տեսնելիս տղաները չէին համարձակվում մոտենալ Ռոնիի կացարանին: Դրա համար էլ Ռոնին Բասին միշտ թողնում էր տանը՝ հսկելու իր համեստ կացարանը:

Ամեն առավոտ, երբ նա դուրս էր գալիս նկուղից, անցնում մի քանի տուն, ոտքերն ակամա տանում էին դեպի ֆուտբոլի դաշտ: Ահա թե որն էր փոքրիկ Ռոնիի երազանքը. ունենալ ֆուտբոլի գնդակ, իսկական գնդակ, ֆուտբոլ խաղալ ու օրերից մի օր դառնալ հայտնի ֆուտբոլիստ: Իսկ այսօր նա իրեն երջանիկ կզգար, եթե թաղամասի մաքուր հագնված տղաները թույլ տային, որ ինքն էլ նրանց հետ ֆուտբոլ խաղար: Բայց ո՜չ, նա խաղին հետևում էր միայն հեռվից: Միայն մի անգամ Թոմ անունով մի շեկլիկ տղա նրան էլ կանչեց խաղալու, և մյուս տղաները սկսեցին դժգոհել.

-Չէ մի չէ, այդ մուրացկանը, այդ կեղտոտ լպրծունն էլ պիտի մեզ հետ խաղա, փուֆ, ես զզվում եմ,- գոռաց մի բարձրահասակ տղա,- դու ավելի լավ է գնա առնետների հետ ֆուտբոլ խաղա, քո այն նկուղ-պալատում:

-Է՜յ, դու՜, չվիրավորես ինձ, ճիշտ է ես այսօր շատ կեղտոտ եմ և գուցե ապրում եմ նկուղում, ինչպես դու ես ասում, առնետների ընկերակցությամբ, իսկ դու մաքուր ու տաքուկ բնակարանում, բայց դա դեռ չի նշանակում, որ դու ինձանից լավն ես: Ճիշտ է, ես այսօր գնդակ չունեմ, բայց ես մի օր անպայման կունենամ և կդառնամ ֆուտբոլիստ:

-Օ՜, ֆուտբոլիստ, տեսեք է, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ,- ծաղրանքով սկսեց երգել բարձրահասակ ու պեպենոտ տղան,- դու երևի մեծ ֆուտբոլիստ ես պատրաստվում դառնալ, դե քո էդ հասակով դու հաստատ լավ ապագա ունես, այ թզու՜կ:

Բոլորը սկսեցին բարձր ծիծաղել, իսկ Ռոնին ոչինչ չասաց, միայն կեղտոտ շորի թևքով սրբեց արցունքոտ աչքերը ու քթի տակ մռթմռթալով գնաց.

-Այո՛, կդառնամ, ինչո՞ւ պիտի չդառնամ, ի՞նչ է կարճահասակ մարդիկ ֆուտբոլ չեն խաղում. այն էլ ինչպես կդառնամ:

Այս խոսքերը կիսաձայն ասելով և արցունքոտ աչքերը սրբելով՝ Ռոնին մտավ եկեղեցի: Այո՜, եկեղեցի. սա այն միակ վայրն էր, ուր Ռոնին զգում էր ծնողների ներկայությունը: Դեռ շատ փոքրիկ էր Ռոնին, երբ ամեն կիրակի ծնողների հետ գալիս էր այս տեղը և իր համար չնայած տարօրինակ, բայց արդեն սովորություն դարձած գործողությունները անում: Այսօր էլ Ռոնին մոտեցավ այն բարի տիկնոջ նկարին, ով իր գրկում մի փոքրիկ մանուկ էր պահում: Նա շատ բարի դեմք ուներ, և Ռոնին նրան նայելով հիշում էր իր մայրիկին: Երկար նայում էր այդ նկարին ու փորձում նմանություն գտնել իր մայրիկի հետ՝ մտաբերելով նրա գեղեցիկ երկնագույն աչքերը, բարի ու լուսավոր հայացքը: Ռոնին նայում էր նկարին ու ասում.

-Մայրի՜կ, դու, որ այդպես ժպտում ես ինձ, օգնիր, որ կարողանամ բոլորին ապացուցել, որ իմ պես աղքատ տղան էլ կարող է ֆուտբոլ խաղալ, որ չնայած ես իմ հասակակիցներից շատ ավելի կարճահասակ եմ, բայց դա ֆուտբոլ խաղալուն չի խանգարում, և որ նրանք ինձանից լավը չեն միայն նրա համար, որ կյանքում նրանց բախտը ավելի է բերել, նրանց ծնողները այսօր իրենց հետ են, և նրանք ապրում են տաքուկ ու մաքուր բնակարաններում… Ա՜խ մայրիկ, եթե միայն…

Եվ Ռոնին սկսեց հեկեկալ. «Ես այնքան եմ ձեզ կարոտում… լսու՞մ եք ինձ…»:

-Նրանք լսում են քեզ, որդի՜ս, սրբիր արցունքներդ և մի՜ տխրիր, նրանք այնտեղ՝ երկնքում, աղոթում են քեզ համար:

-Շնորհակալ եմ, պադրե Տոմինո,- ասաց Ռոնին իրեն դիմող քահանային և սրբելով արցունքները՝ վազեց փողոց աշխատելու՝ մտածելով, որ այսօր միգուցե կարողանա մի քիչ շատ գումար վաստակել և իր տնտեսած գումարի վրա ավելացնել:

Մեր մեջ ասած, Ռոնին արդեն շատ վաղուց էր, ինչ գումար էր հավաքում ֆուտբոլի գնդակ գնելու համար: Խեղճ տղայի գումարը, սակայն, մի քանի անգամ գողացել էին փողոցի տղաները, և նա սկսել էր նորից ու նորից հավաքել: Այս անգամ կստացվի, նրանք հաստատ չեն կռահի, կռահեն էլ չեն կարողանա վերցնել. ով կհամարձակվի մոտենալ Բասին և ձեռք տալ նրան: Ռոնին այս անգամ գումարը թաքցրել էր Բասի հնամաշ վզկապի մեջ, որը նախկին տերերից մնացած միակ հիշողությունն էր:

Տիկին Բարբարային զարմացնում էր Ռոնին՝ իր գնդակ ունենալու մտքով:

-Այ քեզ հիմար միտք, իսկ եթե էդ կլոր ու անպետք բանի փոխարեն քեզ համար մի տաք սվիտեր գնես. ախր ամբողջովին մաշվել է, իսկ տաբա՞տդ. էլի ձմռանը սառչելու ես, ոտքերդ էլ բոբիկ են:

-Չէ իմ սիրելի տիկին Բարբարա, ինչի՞ս են պետք այդ շորերը, երբ ես գնդակ չունեմ… ֆուտբոլիստին ոտքեր են պետք ու մեկ էլ գնդակ:

Տիկին Բարբարան էլ ոչինչ չէր ասում, միայն ժպտում էր:

-Է՜, իմ փոքրիկ բարեկամ, դու անուղղելի ես:

Այդ օրը Ռոնիի գործերը իրոք շատ լավ ստացվեցին, ասես բոլոր մարդիկ ձայն ձայնի էին տվել և գնումներ կատարելու գնացել, իսկ որքան շատ գնումներ, այնքան շատ աշխատանք: Ռոնին օգնեց ծանր կապոցներով մի քանի պարոնի, երկու տիկնոջ և մի տատիկի, բայց տատիկից գումար չվերցրեց, իսկ նա էլ որպես շնորհակալություն Ռոնիին իր թխած գաթաներից տվեց…

poor_1

Ռոնին ուրախ-ուրախ տուն եկավ. այսօր ուտելիքի համար գումար չի ծախսել, հետևաբար, գումարն ամբողջությամբ մի կողմ կդնի: Նա, վազելով անցավ մի քանի փողոց և հասավ իր կացարանին, որտեղ նրան անակնկալ էր սպասվում: Տիկին Բարբարան, տեսնելով, թե որքան է Ռոնին նեղվում գնդակ չունենալու պատճառով, իր հին շալը քանդել էր, կծիկ սարքել և ուրախ-ուրախ սպասում էր Ռոնիին՝ նվերը տալու:

-Սա էլ քեզ, տղա՜ս, ճիշտ է քո երազած գնդակը չէ, բայց մինչ կկարողանաս քեզ համար գումար հավաքել և գնդակ գնել, կարող ես քո այդ վայրենի խաղը սրանով խաղալ:

-Օ՜, տիկի՜ն Բարբարա, Դուք այնքան բարի եք, բայց, ա՜խր, ինչու՞ եք այսպիսի բան արել. չէ՞ որ Դուք ձմռանը կմրսեք առանց Ձեր շալի:

-Մինչև ձմեռ դեռ շատ ժամանակ կա, տղա՜ս, մի բան կմտածենք:

Ռոնին ուրախացած վերցրեց թելի կծիկը և Բասին կանգնեցնելով նկուղի խոնավ պատերից մեկի մոտ՝ սկսեց թելի կծիկով իր սովորած ֆուտբոլային հնարքները անել. ճիշտ է, այդ ընթացքում կծիկը մի քանի անգամ քանդվեց, բայց Ռոնին կարողացավ մի քանի գոլ խփել:

Այդ օրը նա այնքան երջանիկ էր, որ տատիկի տված գաթայից անգամ չկերավ, քանի որ քաղց չէր զգում. նա քնեց՝ ձեռքերում ամուր գրկելով իր կծիկ-գնդակը…

Անցավ ևս մի քանի օր, Ռոնին ջանասիրաբար աշխատում էր՝ իր երազանք-գնդակի համար գումար հավաքելով: Միաժամանակ նա արդեն վարժ խաղում էր տիկին Բարբարայի նվիրած թելի կծիկ-գնդակով:

Մոտակա կիրակի օրը Ռոնին հաշվեց իր կուտակած գումարը և մի մեծ ու գոհունակ ժպիտ նկարելով դեմքին՝ մտավ եկեղեցի:

Մոտեցավ իր սիրելի նկարին ու սկսեց խոսել.

-Մայրի՜կ, ես գիտեմ, որ դու լսում ես ինձ, իմ սիրելի՜ մայրիկ, ես այսօր շատ երջանիկ եմ, քանի որ վերջապես ունեմ այն գումարը, որով կարող եմ գնդակ գնել, իսկական ֆուտբոլի գնդակ: Մայրի՜կ, ես հավաքեցի, այո՜, իմ ազնիվ աշխատանքով արդեն վեց ամիս է, ինչ հավաքում եմ և, վերջապես, այսօր ես երջանիկ եմ: Մայրի՜կ, ես կարող եմ, ես գիտեմ, ես դա կանեմ. ֆուտբոլի դաշտը ինձ է սպասում, ես հաստատ կկարողանամ լավ խաղալ: Հիմա էլ շատ լավ եմ խաղում, միայն տեսնես, թե ինչ հրաշքներ եմ գործում տիկին Բարբարայի շալից պատրաստված կծիկ-գնդակով: Խեղճ Բասը չի կարողանում իմ հարվածներից պահել մեր նկուղի պատ-դարպասը:

Դեռ երկար այսպես կխոսեր Ռոնին, եթե չտեսներ կողքի նստարանին նստած մի տղայի. նա անշարժ նստել էր ու ուշադիր նայում էր նկարին:

Ռոնին զարմացած սկսեց նայել տղային, հետո որոշեց մոտենալ նրան:

-Բարև… է՜յ դու, ինձ լսու՞մ ես… ես քեզ հետ եմ խոսում… ի՞նչ է քո անունը:

Ռոնիի զարմանքը շարժած անծանոթ տղան իր գունատ դեմքը շրջեց դեպի Ռոնին ու իր սև ու խոշոր աչքերով նայելով նրան՝ կամացուկ շշնջաց.

-Բիլլի:

-Ես Ռոնին եմ:

Բիլլին լուռ էր:

-Բիլլի, իսկ դու ֆուտբոլ խաղալ սիրու՞մ ես… իսկ ի՞նչ երազանք ունես, իսկ գնդակ ունե՞ս:

Ռոնին մի հարցը մյուսի հետևից էր տալիս՝ չսպասելով պատասխանի:

Բիլլին միայն տխուր նայեց նրան ու հազիվ լսելի ձայնով պատասխանեց.

-Ես գնդակ ունեմ, բայց ֆուտբոլ չեմ խաղում. ես երբևէ ֆուտբոլ չեմ խաղա…

-Ինչու՞, ինչու՞ չես խաղում, մի՞թե թաղամասի տղաները քեզ էլ չեն սիրում ու քեզ էլ են վիրավորում… Թե չէ ո՞նց կարելի է ֆուտբոլի գնդակ ունենալ ու ֆուտբոլ չխաղալ, այ ես օրինակ ֆուտբոլի գնդակ չունեմ, բայց էնքան եմ խաղալ սիրում, որ տիկին Բարբարայի շալից պատրաստած կծիկով էլ եմ խաղում, մինչ կունենամ իմ սեփական, իմ նոր ֆուտբոլի գնդակը:

Ռոնին դեռ երկար այսպես կշատախոսեր, եթե նրանց չմոտենար պադրե Տոմինոն:

-Ա՜, Ռոնի՜, դու՞ էլ ես այստեղ. ի՞նչ է դուք արդեն հասցրեցիք ծանոթանալ Բիլլի հետ… Հուսով եմ՝ դուք լավ ընկերներ կդառնաք:

Բիլլին վեր կացավ, իր գունատ ու նիհար ձեռքը մեկնեց Ռոնիին ասելով.

-Ուրախ էի ծանոթության համար:

Ու գնաց:

Ռոնին զարմացած նայեց նրա հետևից, մինչև Բիլլին անհետացավ նրա տեսադաշտից:

-Պադրե՜ Տոմինո, ի՞նչ տարօրինակ ու տխուր տղա է Բիլլին, մի՞թե նա էլ ինձ պես նկուղում՝ առնետների ընկերակցությամբ է ապրում, կամ էլ գուցե ծնողներ չու՞նի: Շատ տարօրինակ տղա է, շատ… Թե չէ ո՞նց կարող ես գնդակ ունենալ ու ֆուտբոլ չխաղալ: Պադրե Տոմինոն տխուր նայեց Ռոնիին ու ասաց.

-Է՜, Ռոնի՜, տղա՜ս… Բիլլին նկուղում չի ապրում. ճիշտ է նրա տունը պալատ չէ, բայց գոնե այնտեղ առնետներ չկան… Բիլլին ծնողներ էլ ունի… Նա շատ բարի ու հոգատար մայրիկ ունի: Հայրիկի հարցում Բիլլի բախտը այնքան էլ չի բերել. նա խեղճին խմիչքի համար հաճախ է ուղարկում ծանր աշխատանքի, երբեմն անգամ գողության, բայց Բիլլի ամենամեծ դժբախտությունը կայանում է նրանում, որ նա հիվանդ է և նրա բուժման համար շատ մեծ գումար է անհրաժեշտ, որը, ցավոք, Բիլլի խեղճ մայրը վճարել չի կարող: Ճիշտ է, մեր եկեղեցին շատ հարուստ մարդկանցից օգնություն խնդրեց, բայց նրանցից և ոչ ոք չօգնեց

Ռոնին առանց որևէ բան ասելու գնաց: Նրա հետևից պադրե Տոմինոն ասաց.

-Աստված քեզ պահապան, որդի՜ս, արցունքներդ վկայում են, թե որքան բարի է քո սիրտը… Ինքդ էլ տխուր կյանք ունես, բայց կարեկցում ես Բիլլիին ու արտասվում նրա համար:

Այդ ամբողջ օրը Ռոնին իրեն նման չէր. նա, որ միշտ կատակում էր անցորդների հետ, այդ օրը լուռ էր, իսկ օրվա վերջում այնքան ցրված ու տխուր էր, որ հացաբուլկեղենի խանութի կողքով անցնելիս, մոռացավ մտնել խանութ ու գնել տուն տանելիք հացը:

Պարոն Ջոնը տեսավ տխուր Ռոնիին, ով մոլորված քայլում էր փողոցում:

-Է՜յ, Ռոնի՜, տղա՜ս, ինչու՞ չեկար հաց տանելու… Տղա՜ս, եթե փող չունես, հոգ չէ, արի՜, ես հենց այնպես կտամ: Ռոնի՜, Ռոնի՜:

Երբ Ռոնին լսեց պարոն Ջոնի ձայնը, արդեն բավականին հեռացել էր հացաբուլկեղենի խանութից:

-Ա՜, պարո՜ն Ջոն… Ես մտածում էի ու չնկատեցի էլ, թե ինչպես անցա Ձեր խանութի կողքով, իսկ գումար ես ունեմ:

-Ռոնի՜, դու քեզ նման չես, ինչ-որ տեղդ ցավու՞մ է կամ էլ գուցե քեզ նեղացրե՞լ են, ասա՜, ես կգամ և բոլորի հարցերը կլուծեմ:

-Չէ՜, պարո՜ն Ջոն, ես առողջ եմ, ինձ ոչ ոք չի նեղացրել , բայց ես շատ տխուր եմ, այնքան տխուր, որ անգամ քաղցած չեմ: Ինձ օգնել պետք չէ, եթե կարող եք Բիլլին օգնեք. պատկերացնո՞ւմ եք, նա ֆուտբոլի գնդակ ունի, բայց չի խաղում ու երևի երբեք էլ չի կարողանա խաղալ, որովհետև նա հիվանդ է,- ասաց Ռոնին ու էլ չկարողանալով իրեն զսպել սկսեց լաց լինել,- ա՜խր, ինչու՞. չէ՞ որ նա դեռ շատ փոքր է:

Պարոն Ջոնը չգիտեր՝ ինչ ասեր, չգիտեր՝ ինչ աներ. նա միայն ձեռքով շոյում էր Ռոնիի գլուխն ու խնդրում, որ հանգստանա.

-Ռոնի՜, մի՜ լացիր. բա քո պես տղան կլացի… Հանգստացիր ու ինձ հանգիստ պատմիր տեսնեմ՝ ո՞վ է այդ Բիլլին, ինչու՞ է հիվանդ և ինչո՞վ կարող ենք օգնել նրան:

Ռոնին սրբելով արցունքները, սկսեց պատմել այն, ինչ լսել էր պադրե Տոմինոյից Բիլլիի մասին:

-Պատկերացնու՞մ եք, նրա հայրը անգամ ստիպել է իր հիվանդ տղային գողություն անել… Ա՜խ, որքան չար մարդիկ կան, իսկ իմ հայրիկը ասում էր, որ եթե անգամ սոված էլ մնամ, երբեք գողություն չանեմ. ա՜խ, հայրի՜կ, ո՞նց եմ զգում քո խորհուրդների կարիքը. դու ինձ կհուշեիր, թե ինչ է պետք անել, ինչպես օգնել նրան:

Մի պահ, սակայն, Ռոնին լռեց, վեր կացավ նստած տեղից ու ուրախացած բացականչեց.

-Ես գիտեմ՝ ինչ պիտի անեմ:

Պարոն Ջոնը չհասցրեց էլ մի բան ասել, երբ տեսավ, որ Ռոնին արդեն խանութում չէր:

Նա վազում էր դեպի նկուղը՝ առանց շունչ քաշելու, առանց շուրջը նայելու: Նա շնչակտուր մտավ իր կացարանն ու առանց ողջունելու քաղցած իրեն սպասող տիկին Բարբարային ու Բասին, հարձակվեց Բասի վզկապի վրա, բացեց այնտեղ թաքցրած կեղտոտ թաշկինակը, հանեց գնդակի համար հավաքած իր մանրադրամները և շողացող աչքերով սկսեց հաշվել դրանք: Տիկին Բարբարան, ոչինչ չհասկանալով նրա այս տարօրինակ պահվածքից, հարցրեց.

-Ռոնի՜, տղա՜ս, այդ ի՞նչ ես անում, այստեղ ոչ ոք քո գումարին ձեռք չի տվել, ի՞նչ կա, բարեկա՜մս, մի՞թե այսօր ես գնելու քո գնդակը:

Ռոնին ոչինչ չպատասխանեց, միայն ինքն իրեն ասաց.

-Ճիշտ է, սա այնքան էլ շատ չէ, բայց ինչ-որ բանի տեղ կանցնի:

-Ի՞նչի համար Ռոնի, ինչի՞դ է պետք գումարը…

Ռոնին արագ հավաքեց թաշկինակի եզրերը և մանրադրամները տեղավորելով հնացած բաճկոնի գրպանում՝ դուրս վազեց:

-Ու՞ր, տղա՜ս, հիմա ու՞ր ես գնում, ի՞նչ է քեզ հետ կատարվում:

Տիկին Բարբարան ու Բասը զարմացած նայում էին շնչակտուր վազող Ռոնիի հետևից: Ռոնին հասավ իր երազանքի ֆուտբոլի դաշտին, մի պահ կանգ առավ՝ հիշելով իր երազանքը՝ իր գնդակը, որը իրեն էր սպասում խանութում, բայց ձեռքով խառնեց մազերն ու բարկացած ինքն իր վրա ասաց.

-Չէ՜, դու հիմա պարտավոր ես, այդպես կվարվեր քո հայրիկը, և դու իրավունք չունես այդքան եսասեր լինելու ու քո երազանքի պատճառով չօգնելու մի տղայի, ով ունի այդ գումարի կարիքը ավելի, քան դու գնդակի:

Ռոնին ևս մի անգամ նայեց դաշտին ու վազեց եկեղեցի:

-Պադրե՜ Տոմինո, պադրե՜ Տոմինո, ես պիտի խոսեմ Ձեզ հետ…

-Ռոնի՜, զավա՜կս, այս ուշ ժամին ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ է պատահել:

-Պադրե Տոմինո… ես…,- կցկտուր մի քանի բառ արտասանելով՝ Ռոնին ձեռքը տարավ գրպանը, այնտեղից հանեց ճմրթված ու կեղտոտ թաշկինակը, դողդոջուն ձեռքերով բացեց և մանրադրամները դրեց պադրե Տոմինոյի առաջ:

-Ես գիտեմ՝ այստեղ այնքան էլ շատ չէ, բայց հուսով եմ գոնե մի փոքրիկ օգնություն կլինի Բիլլիի հիվանդության բուժման համար… Սա այն է, ինչ ես ունեմ:

Պադրե Տոմինոն նայեց Ռոնիին, որը այդ պահին ասես հասուն մարդ լիներ. նա այնքան ուժեղ էր, այնքան ինքնավստահ: Մի պահ պադրե Տոմինոյի աչքերը լցվեցին արցունքով:

-Ա՜խ, Ռոնի՜, միայն դու կարող ես այսքան բարի ու ազնիվ լինել. Ռոնի՜, զավա՜կս, բայց, եթե սա քո միակ գումարն է, ուրեմն սա քո երազանքի իրականացման գումարն է… Դու պատրաստ ես անգամ զոհաբերել քո՝ այդքան դժվարությամբ հավաքած գումարը, քո երազանքը, մի տղայի առողջության համար, ում համարյա չես էլ ճանաչում:

-Իսկ ինչպես ես կարող եմ ուրախանալ իմ ֆուտբոլի գնդակով, երբ գիտեմ, որ կա մի տղա, ով չնայած ունի ֆուտբոլի գնդակ, բայց կյանքում դրանով չի խաղա, ով հիվանդ է և կարող է…

Ռոնին այլևս չկարողացավ շարունակել և սկսեց լաց լինել:

-Պադրե՜ Տոմինո, խնդրում եմ վերցրեք այս գումարը, ես այդպես ինձ երջանիկ կզգամ, այդպես կվարվեր իմ հայրիկը, այդպես պիտի վարվեմ ես, իսկ ծնողներս կուրախանան երկնքում, երբ տեսնեն, որ ես օգնում եմ նրան, ով իմ օգնության կարիքն ունի:

Պադրե Տոմինոն գրկեց Ռոնիին, համբուրեց նրա ճակատը, ապա վերցրեց գումարը:

-Աստված օրհնի քեզ, զավա՜կս… դու ոսկի սիրտ ունես:

Երբ Ռոնին վերադարձավ նկուղ, նա արդեն հանգիստ էր, դեմքին գոհունակ ու հանդարտ ժպիտ կար… Տիկին Բարբարան զարմացած նայում էր Ռոնիին և մտքում համոզվում, որ տղան հաստատ ջերմում է:

-Տիկի՜ն Բարբարա, ես արեցի դա, ես հիմա շատ երջանիկ եմ:

-Ի՞նչ արեցիր, Ռոնի՜, ու՞ր է քո հավաքած գումարը:

-Կա մի տղա, ում այդ գումարը շատ ավելի է պետք, քան ինձ, ում երազանքը երևի ոչ թե գնդակ ունենալն է, այլ ապրելը, տեսնել արևը, շնչել օդը, օգնել խեղճ մորը,- այս ասելով՝ Ռոնին սկսեց պատմել այն ամենը, ինչ եղավ այդ օրը՝ իր ծանոթությունը Բիլլի հետ, նրա տխուր պատմությունը, իր մտահղացումն ու ճշմարիտ որոշումը:

Տիկին Բարբարան հիացմունքից ու հուզմունքից սկսեց լաց լինել շշնջալով. «Ա՜խ, որդի՜ս, ա՜խ զավակս… Միայն թե կյանքում դու գտնես քո արժանի տեղը, միայն թե կյանքը գնահատի քո ազնիվ ու բարի տեսակը»:

Նկուղի բնակիչները այդ օրը շատ ուշ քնեցին, նկուղում լաց էին լինում, ծիծաղում, անգամ Բասն էր փորձում մասնակցել այդ իրարանցմանը՝ մերթ ընդ մերթ իր հաչոցով ընդհատելով նրանց խոսակցությունը:

Հաջորդ օրը Ռոնին անմիջապես եկեղեցի չգնաց. նա որոշեց մի փոքր գումար էլ վաստակել, հետո միայն գնալ պադրե Տոմինոյի մոտ: Այդ օրը սակայն Ռոնիի բախտը այնքան էլ չբերեց: Ռոնին օգնեց միայն մի տիկնոջ, իսկ մնացած անցորդներին նրա օգնությունը պետք չեկավ: Ռոնին վերցրեց վաստակած մանրադրամները և վազեց հացաբուլկեղենի խանութ, բայց այն փակ գտավ:

«Սա պարոն Ջոնից չէ,- մտածեց Ռոնին,- տեսնես ի՞նչ է պատահել»:

Եկեղեցում Ռոնիին դիմավորեց պադրե Տոմինոն՝ ժպիտը դեմքին.

-Ռոնի՜, ես էլ քեզ էի սպասում. նա փրկված է Ռոնի, ա՜խ, միայն պիտի տեսնեիր տիկին Ռոսին. նա ուրախությունից չգիտեր՝ ինչ անել, իսկ Բիլլին լաց էր լինում:

Ռոնին ապշած նայում էր՝ չհավատալով լսածին:

-Այո՜, Ռոնի՜, քո փոքրիկ գումարը ճիշտ է բավարար չէր, բայց եթե դու երեկ տան ճանապարհին չմտնեիր հացաբուլկեղենի խանութ, չհանդիպեիր պարոն Ջոնին ու Բիլլիի մասին քո մտահոգությամբ չհուզեիր նրան, Բիլլին այսօր չէր ունենա գումար իր հիվանդության բուժման համար:

Ռոնին, չհասկանալով ոչինչ, ավելի լայն բացեց աչքերը: -Ռոնի՜, պարոն Ջոնը, հուզվելով քո բարությունից, վաճառել է իր հացաբուլկեղենի խանութը և գումարը տվել Բիլլիի փրկության համար:

Ռոնին չէր կարողանում հավատալ լսածին:

-Իսկ ես էլ զարմացա, երբ տեսա, որ պարոն Ջոնի խանութը փակ էր, ուրեմն այդպես, ուրեմն նա… վա՜յ պարոն Ջոն, ոնց կցանկանայի գրկել Ձեզ… Հենց այնպես չէ, որ Ձեզ իմ ընկերն էի համարում: Իսկ նա՞, պադրե՜ Տոմինո, նա երջանի՞կ է. գոնե ժպտում է: Ռոնին խոսում էր Բիլլիի մասին:

-Նա սկզբում լարվեց, սկսեց անհանգիստ շարժումներ անել, անգամ ուզում էր փախչել, բայց հետո, երբ հանգստացավ, գրկեց մայրիկին ու լաց եղավ:

Ռոնին կլանված լսում էր պադրեին՝ փորձելով բաց չթողնել Բիլլիի մասին նրա պատմածներից անգամ մի նախադասություն:

– Նա ուզում էր քեզ տեսնել… Երբ իմացավ, որ դու ես այդ գումարը հավաքել, ժպտաց ու ասաց. «Ես գիտեի, որ նա լավ տղա է, նրա աչքերում ես մեծ բարություն տեսա: Ես գիտեի, ես այն օրը դա զգացի, երբ սեղմեցի նրա ձեռքը…»:

Ռոնին անդադար ժպտում էր. նա երջանիկ էր ու անդադար կրկնում էր.

-Միայն թե շուտ առողջանա…

Բիլլին առողջացավ…

Տարիներ անցան: Ֆուտբոլի մեծ դաշտում մի կարճահասակ ֆուտբոլիստ պատրաստվում էր հերթական խաղին: Մինչ սկսելը, նա նստեց դաշտում՝ դարպասի մոտ, և նկատեց ընկերոջը, որը գալիս էր՝ ձեռքում պտտեցնելով ֆուտբոլի գնդակը: Ֆուտբոլիստի աչքերը մի պահ լցվեցին, երբ տեսավ իր մտերմին, իր հարազատին, իր ընկերոջը և հիշեց, թե ինչպես տարիներ առաջ, ինքը միայնակ ու բոլորից գաղտնի եկել ու նստել էր ֆուտբոլի դաշտում ու տխուր նայում էր դարպասներին, որովհետև որքան էլ փորձում էր, թելի գնդակը խոտի ծածկույթի վրա չէր գլորվում, գնդակը ձեռքին, պայծառ ժպիտով նրան մոտեցավ մի տղա, տվեց իրեն իր ձեռքի գնդակն ու գրկեց նրան:

-Շնորհակալ եմ ընկերս, եղբայրս, դու ինձ կյանք տվեցիր. սա քոնն է, դու արժանի ես ֆուտբոլի գնդակ ունենալու, դու արժանի ես մեծ ֆուտբոլիստ դառնալու:

Ֆուտբոլիստը հիշեց, որ այդ օրը կատարվեցին իր երկու երազանքները՝ տեսավ նրան առողջ, կյանքով լի ու նրա իսկ ձեռքից ստացավ իր երազանքի գնդակը:

Այդ օրվանից նա էլ չբաժանվեց ոչ իր ընկերոջից և ոչ էլ իր գնդակից:

Ֆուտբոլիստը սրբեց աչքերը, բարձրացավ տեղից, մոտեցավ դեպի իրեն եկող ընկերոջը, գրկեց նրան, վերցրեց գնդակն ու հարվածեց դարպասին:

Կարծում եմ՝ բոլորդ էլ ճանաչեցիք այս երկու երիտասարդներին: Այո՜, այն առողջ և ուրախ երիտասարդը, որը գնդակը ձեռքին մոտեցավ ֆուտբոլիստին, նրա լավագույն ընկեր Բիլլին էր, իսկ մյուս երիտասարդը, ով տարիներ առաջ իր երազանքը զոհաբերեց հանուն մեկ ուրիշի երազանքի, քաղաքի ամենահայտնի ու սիրված ֆուտբոլիստն էր՝ Ռոնին:

Անուշ Ստեփանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։