ՎԱՀԵԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Վահեի շարադրությունը

Կավիճը բարձրացավ տեղից ու մոտեցավ գրատախտակին: «Չէ, չէ, միայն ոչ դա, լա՜վ էլի…»: Արդեն ուշ էր, ու Վահեն խոր հոգոց հանեց. գրատախտակին մեծ-մեծ տառերով գրված էր՝ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

-Ախր, լավ էլի, չգիտեմ ես շարադրություն գրել, ի՞նչ անեմ,- շշնջաց Վահեն Կարենի ականջին:

-Իսկ դու պատկերացրու, որ եթե շուտ գրես, ավարտես շարադրությունը, գնալու ենք բուֆե՜տ,- երանությամբ ասաց Կարենը:

Վահեն մի պահ ընկավ մտքերի մեջ, բայց Կարենի գաղափարը նրան այնպես չգայթակղեց, որ մոռանար շարադրության մասին: Քիչ էր մնում դեպրեսիայի մեջ ընկներ, բայց անգամ դրա համար ժամանակ չկար: Գրատախտակին ավելացել էր նաև շարադրության վերնագիրը՝ «Իմ երազանքը», ու Վահեի համար կյանքը կործանված էր: Նայեց Կարենին: Նրա կարմիր թշերը երջանկությունից փայլում էին, ու տետրի էջի կեսն արդեն լցված էր Կարենի նման կլոր-կլոր  տառերով: Ինչ աներ, հո իր իսկական երազանքի մասին չէր գրելու: Դրա մասին միայն ինքը պետք է իմանար, ուրիշ ոչ ոք: Նայեց Կարենի շարադրությանը, գուցե հուշեր, թե ինչ կարելի է գրել:

-Ի-ի-ի՜, չարտագրես,- նեղացած ասաց Կարենը ու շարունակեց արագ-արագ գրել:

Իսկ ուսուցչուհու աչքերն ակնոցի ետևում ժամացույցի ճոճանակի նման աջ ու ձախ էին շարժվում ու հուշում, որ ժամանակը սպառվում է: Էլ ճար չկար. ինչ լինում է, թող լինի: Վերցրեց գրիչն ու սկսեց գրել: Վահեն նայում էր տետրին ու աչքերին չէր հավատում: Ինքը երբեք այսքան արագ չէր կարողացել գրել, բառերն իրենք իրենց էին շարվում տողերի վրա: «Եթե միայն հայրիկս կարողանար սա կարդալ»,- մտածեց Վահեն, արագ ավարտեց շարադրությունը, փակեց տետրն ու հանձնեց ուսուցչուհուն: Նրա հետևից վազելով հասավ Կարենն ու տետրը դրեց Վահեի տետրի վրա:

Հենց այդ պահին դասամիջոցի զանգը հնչեց ու մինչև Վահեն մտածկոտ կանգնած էր դասարանի դռան մոտ, Կարենը բռնեց նրա ձեռքն ու վազելով դուրս եկավ՝ իր հետևից վազեցնելով նաև Վահեին: Նշանակետը պարզ էր՝ բուֆե՜տ. Կարենն այդպես էլ չընդունեց, որ բուֆետին հարկավոր է ճաշարան կոչել: Ճաշարան բառը, նրա կարծիքով, չէր արտահայտում այդ վայրի ողջ խորիմաստ նշանակությունը:

Վահեն, իհարկե, Կարենի հետ շոկոլադով նշեց հերթական դասամիջոցը, բայց ամբողջ ժամանակ, անգամ տան ճանապարհին ու անգամ արդեն իր սենյակում չէր կարողանում չմտածել շարադրության մասին: «Ինչո՞ւ գրեցի, հիմա բոլորը կկարդան, բոլորը կսկսեն քննարկել ու ծիծաղել վրաս, ու՜ֆ…»: Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես քնեց, արթնացավ, առավոտյան նախաճաշեց ու Կարենի հետ դպրոց գնաց:

Մի ամբողջ դար անցավ մինչև մայրենիի դասի ժամն եկավ, ու ուսուցչուհին տկտկացող կոշրիկներով և տետրերը ձեռքին մտավ դասարան: Եվ հանկարծ պարզվեց, որ ուսուցչուհիներն էլ երբեմն շատ հնարամիտ կարող են լինել. շարադրությունների արդյունքների հայտարարումը վերածվել էր իսկական Օսկարի մրցանակաբաշխության:

Բոլոր շարադրությունները, չգիտես ինչպես, հաղթել էին որևէ անվանակարգում՝ «Լավագույն ձեռագիր», «Ամենաանսխալ աշխատանք», «Ամենաարտագրած շարադրություն», «Ամենածուռտիկ աշխատանք», «Ամենաուրախ շարադրություն» և այլն: Հատուկ Կարենի համար էլ էր անվանակարգ ստեղծվել՝ «Ամենահամեղ շարադրություն», որովհետև իր ողջ շարադրությունը Կարենը նվիրել էր իր ապագա ռեստորանի ճաշացանկի նկարագրությանը: Դրանցից մի քանիսը անգամ ուսուցչուհին էր արտագրել իր խոհարարական գրքում:

Իսկ Վահեն քարացած նստած էր. ««Ամենածիծաղելի շարադրություն».- ահա թե ինչ է սպասվում ինձ»,- մտածում էր նա, երբ ուսուցչուհին վերցրեց վերջին տետրն ու կարդաց.

-«Ամենաանկեղծ ու հուզիչ շարադրություն» անվանակարգում հաղթանակ է տարել Վահեի շարադրությունը, շնորհավորենք նրան: Բոլորը ծափահարում էին նրան, իսկ Վահեն չգիտեր, թե ինչ պատասխաներ, բայց ուսուցչուհին օգնության հասավ.

-Գիտեմ, Վահե ջան, ուզում ես ասել, որ դու կարծում էիր, թե շարադրություն գրել չգիտես, բայց շատ իզուր: Շարադրությունները մեր մտքերն են, մեր ցանկություններն ու մեր դատողությունները, և որքան վաղ սովորենք մենք դրանք արտահայտել այնպես անկեղծորեն, ինչպես դու, այնքան ավելի կընկերանանք մենք ու աշխարհը, կսովորենք հասկանալ ու հարգել միմյանց:

Իսկ քո երազանքի մասին ոչ ոքի ոչինչ չեմ ասի, ազնիվ խոսք,-այս վերջինն արդեն Վահեի ականջին շշնջաց ուսուցչուհին:

Վահեն թեթևացած շունչ քաշեց ու ժպտաց: Եվ իսկապես, մեծահասակները, երբեմն այնքան լավ են հասկանում ամեն ինչ , եթե ուզում են…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։