ՃՆՃՂՈՒԿ ԲԻԼԸ. ՄԱՍ 1-ԻՆ


Ճնճղուկ Բիլը

Բիլն ու Ֆիլը

Լինում է, չի լինում մի ճնճղուկ, անունը` Բիլ (այն ժամանակ բոլոր ճնճղուկներին անվանում էին Բոբ կամ Սեմ, բայց ինքը Բիլ էր): Այնպես չէ, որ մեր Բիլը փոքրիկ էր, բայց… շատ քացր դեմք ուներ ու գզգզված մազեր, հա, ու մե~ծ ու բարի աչքեր:

Բիլը շատ էր սիրում պարել, ու ամեն տեղ պարում էր. կապ չունի` նա ծառի վրա էր, ինչ-որ մեկի պատուհանի տակ, թե փողոցում, անվերջ պարում էր: Դրա համար տարբեր տեսակի «բոբեր» ու «սեմեր» նրան այ այսպիսի հայացքով էին նայում, բայց դա նրան առանձնապես չէր հուզում:

Չէ, չմտածեք, թե նա անտարբեր էր, ուղղակի, եթե աշխարհում կա 5000 Բոբ անունով ճնճղուկ, ուրեմն պետք չէ նեղվել նրանցից մեկի տարօրինակ հայացքից. չէ որ մյուս Բոբը երևի այդպես չի նայի, իսկ ինչ տարբերություն, թե դա որ Բոբը կլինի, միևնույն է` էլի Բոբ է:

Բիլը մի մտերիմ ընկեր ուներ, անունը` Ֆիլ (տես էէ, էլի Բոբ ու Սեմ չէ): Բիլն ու Ֆիլը շաաատ մոտ ընկերներ էին և ինչ-որ տեղ նաև նման էին, որովհետև երկուսն էլ պարում էին փողոցում: Ֆիլի մասին շատ չեմ պատմի, որ չշեղվեք. մեր հերոսը Բիլն է:

Ճնճղուկ Բիլը

Այսպես Բիլն ու Ֆիլը պարում էին ամենուրեք: Մանացած ճնճղուկները այնքան էլ չէին ընդունում նրանց: Չէ մի, բան ու գործ թողնեն ու պարեն: Բա հոգսերն ո՞ւմ ուսերին մնան: Չնայած նրանց մեջ էլ կային ճնճղուկներ, որոնք սիրում էին պարը, սակայն չէին պարում, ուղղակի դիտում էին, ինչ արած, այդքան էլ տաղանդավոր չէին:

Դե պատկերացրեք` ինչքան բարդ էր մեր ճնճղուկների կյանքը: Դուք կասեք՝ ինչու էր բարդ, չէ՞ որ նրանք անում էին այն, ինչ ուզում էին` պարում էին: Սակայն նրանք ինչքան էլ հետքրքիր բան չմտածեին, «բոբերի» ու «սեմերի» պետքն էլ չէր. նրանք առօրյա հոգսերի մեջ էին` ցորեն էին հավաքում: Ու մի օր Բիլը որոշեց. «Չէ, որոշել եմ, գնում եմ կողքի բակ, այնտեղի ճնճղուկները մեզ կհասկանան, այնտեղ արդեն «բոբեր ու սեմեր» չեն, այլ «մայքլներ» ու «յուջիններ»»:

Ու Բիլն ու Ֆիլը գնում են ուրիշ բակ: Առաջին անգամ էր, որ պետք է ուրիշների մոտ ելույթ ունենային, և այնպես էին վախենում: Սակայն առաջին պարից հետո թնդացին ճնճղուկների ծափերը: Բիլը չէր հավատում իր ականջներին: Նա այնքան երջանիկ էր, այնքան երջանիկ, որ գզգզված մազերն էլ ավելի էին գզգզվում:

Այդպես Բիլն ու իր ընկեր Ֆիլը մնացին այդ բակում, և իրենց շատ լավ էին զգում: Սակայն Բիլը շուտ-շուտ էր հիշում նախկին բակը: Մանավանդ, որ վերջերս այդ բակից մի ճնճղուկ էր թռել եկել այդ բակ, որ դիտեր իրենց պարերը: Այդ ճնճղուկը վերջում մոտեցավ ու ասաց, որ այնտեղ մի խումբ ճնճղուկներ կային, որոնք սիրում էին իրենց պարերը և առանց պարերի դառնում են այդ «բոբերի» ու «սեմերի» նման…էէէէհ…
Ու Բիլը մտածեց. «Ախր ինչու այնպես չանենք, որ երկու բակերի ճնճղուկներն էլ հավաքվեն մեկ տեղ ու դիտեն պարերը: Չի կարելի առանց պար թողնել նրանց, ով ունի դրա կարիքը: Հմմմ…»: Բիլն իր մտահոգությամբ կիսվեց Ֆիլի հետ, ով նրա հետ համամիտ էր ու առաջարկեց կանգնել այդ երկու բակերի մեջտեղում ու այնտեղ պարել, այդպես` ով կուզի, կկարողանա տեսնել իրենց:

Նրանք այդպես էլ արեցին, կանգնեցին բակերի մեջտեղում ու սկսեցին պարել: Ճնճղուկներն ապշած էին, երկու բակերից էլ անըդհատ գալիս ու գալիս էին, ու այնքան լավ էր: Բիլն ինքնամոռաց պարում էր` տրամ-պամ-պամ-պա: Իսկ ճնճղուկներն անըդհատ գալիս էին, անգամ կողքի բակերից էին գալիս, ու~խ…Այս ի՜նչ կատարվեց… Ճնճղուկները սկսեցին հասկանա՞լ իրենց: Երևի արվեստի ուժն ու Բիլի գզգզված մազերն իրենցն հրաշքը գործեցին: Այո, այո, այդպես է, որ կա…

Այդպես այդ օրվանից Բիլն ապրում էր երջանիկ ու անըդհատ ստեղծագործում էր, ամեն տեղ` փողոցում, խանութում, պատուհանների տակ, ու այլևս ոչ մեկ տարօրինակ հայացքով չէր նայում: Բիլն ու իր գզգզված մազերը…
Հա, մի օր էլ Բիլը մի ճնճղուկուհու տեսավ (էլի գզգզված մազերով), բայց դա ուրիշ պատմություն է, հետո կպատմեմ 🙂

ՀԵՔԻԱԹԸ made by ՄԱՆԱՆԱ

ՆԿԱՐՆԵՐԸ made by ՄԱՆԱՆԱ


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։