Իրերի պատմությունից. անձրևանոց


Անձրևանոց

Աշնան ամենամոտ ընկերուհին անձրևն է, որ հաճախ մեզ ստիպում է նստել տանը: Ախր չի՞ հասկանում, որ մենք շա՜տ կիսատ գործեր ու երազանքներ ունենք: Իսկ ա՛յ մեր ընկերուհին մեզ շատ լավ է հասկանում. նա անձրևների ժամանակ միշտ օգնության ձեռք է մեկնում: Դե արդեն հասկացար, որ  խոսքս անձրևանոցի մասին է:

Իմիջայլոց, գիտե՞ս, թե անձրևանոցը որքա՜ն մեծ է մեզնից: Այն գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 11-րդ դարում: Ծնվել է  Չինաստանում: Ծնվելուց հետո էլ շրջել է ամբողջ աշխարհով: Այդ ժամանակ Չինաստանում նրանից իրավունք են ունեցել օգտվել միայն թագավորներն ու փարավոնները: Իսկ որոշ երկրներում անձրևանոց օգտագործել են միայն աղջիկները:

Հետաքրքիր է, որ սկզբում անձրանոցն օգտագործել են զանազան իրավիճակներում, բայց ոչ անձրևից պաշտշանվելիս: Հիմնականում այն օգտագործվել է արևից պաշտպանվելու համար, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում առաջարկվել էր անձրանոցն օգտագործել որպես պաշտպանական միջոց, բայց ոչ թե անձրևից, այլ մարդկային հարձակումներից: Այսպես շարունակվեց մինչև 1750 թ., երբ մի խելացի անգլիացի գլխի ընկավ այն օգտագործել անձրևից պաշտպանվելու համար, չէ՞ որ Անգլիայում հատկապես զգացվում էր դրա անհրաժեշտությունը:

Դե իսկ, Հայաստանում անձրանոցն ավելի ուշ է հյուր եկել, և հայերն այն օգտագործել են հենց անձրևից պաշտպանվելու համար: Ինքդ մտածիր, անվանումն արդեն հուշում է այդ մասին:

Մոռացա ասեմ, որ հնում անձրևանոցը կշռել է 2 կգ և ունեցել է 1.5 մ բարձրություն: Հիմա է, որ աշխարհում գոյություն ունեն նրա հարյուրավոր տեսակներ: Իսկ քեզ համար անձրևանոց ընտրելիս նախապատվությունը տուր վառ գույներին, որ սև ամպերը տեսնեն քեզ, ամաչեն ու հեռանան: Թույլ չտաս, որ եղանակը փչացնի քո տրամադրությունը կամ խախտի ծրագրերդ: Բռնիր աշնանային ընկերուհուդ ձեռքից, ժպտա և գնա ուր որ ցանկանաս:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։