Անկողնու մեջ փոքրիկներն անցկանում են օրական 10-12 ժամ, իսկ նորածինները՝ ամբողջ 20 ժամ: Միայն թե շատ հաճախ երեխաները հրաժարվում են քնել կամ էլ չեն ցանկանում քնել միայնակ:
Ինչ կարելի է անել, որպեսզի անկողինը սիրելի դառնա փոքրիկի համար: Մանկական կահույքի դիզայներներն ահա թե ինչ տարբերակներ են առաջարկում: Այսպիսի մահճակալներից արդեն ոչ մի փոքրիկ չի կարող հրաժարվել: Իհարկե, խոսքը 3 տարեկան և ավելի մեծ երեխաների մասին է: Մինչև այդ տարիքը երեխայի համար ամենակարևորը մայրիկն է , այլ ոչ թե հետաքրքիր մահճակալը:
Իսկ 3 տարեկանից հետո երեխայի ամենասիրելի խաղերից են դառնում դերային խաղերը. աղջիկները սկսում են պատկերացնել իրենց արքայադուստրերի, տղաները՝ ծովահենների կամ սուպերհերոսների դերում:
Եվ այս ինքնատիպ մահճակալները կարող են փոխել յուրաքանչյուր փոքրիկի կյանքը: Իրենց ինքնատիպության հետ, նրանք նաև հրաշալի կերպով կատարում են նաև գործնական ֆունկցիաներ՝ հաճախ իրենց մեջ ամփոփելով նաև մանկական սենյակի այլ անհրաժեշտ պարագաներ:
Մանկական մահճակալները կարող են լինել մեծ փափուկ խաղալիքների տեսքով, որոնք երեխայի սենյակում ջերմություն ու հարմարավետություն կստեղծեն: Իսկ տղաներին, ովքեր, ինչպես բոլորին է հայտնի, մեքենաների սիրահարներ են, կհավանեն նաև մեքենաների տեսքով մանկական մահճակալներ: Նրանք էլ արկածային ու ճամփորդական տրամադրություն կհաղորդնեն սենյակին: Այս մահճակալներն ասես իրական ավտոմեքենաներ լինեն՝ ամենատարբեր ոճերի ու ձևերի, և մայրիկներն ու հայրիկները կարող են ընտրել հենց այն տարբերակը, որը դուր կգա հենց իրենց փոքրիկին:
Մեքենա-մահճակալների մի մասն էլ, օրինակ, լուսարձակներ ունի, որոնք կարող են լուսամփոփի դեր կատարել մանկական սենյակում: Որպես կանոն, այս մահճակալներն ավելի հետաքրքիր են տղաների համար, սակայն աղջիկները նույնպես կարող են իրենց համապատասխան տարբերակ գտնել, ինչպես օրինակ կառք-մահճակալները, որտեղ յուրաքանչյուր աղջիկ իրեն իսկական արքայադուստր կզգա :
Այս մահճակալների շնորհիվ մայրիկներն ավելի հեշտ կքնեցնեն իրենց երեխաներին և այլևս ստիպված չեն լինի երկար համոզել: Չէ՞ որ քնելն արդեն խաղի նման մի բան կդառնա երեխայի համար, և անկողինն առանց որևէ ջանքի կկանչի փոքրիկին՝ խոստանալով նրան հեքիաթային արկածներ երազների աշխարհում: