ՀԵՔԻԱԹ ՔՆԻ ՄԱՍԻՆ


1 share
Հեքիաթ քնի մասին

Ամեն մարդ ունի իր քունը:
Փոքրիկ երեխաների քունը մեծ է լինում, իսկ մեծերինը` փոքր:

Քունը երկար թարթիչներով մի բան է: Թարթիչները երկար են, իսկ թաթիկները փոքրիկ ու շատ նուրբ: Իրականում նա փոքրիկ աղջկա է նման: Ամեն առավոտ, երբ մարդը արթնանում է,գնում լվացվելու, հետո դուրս է գալիս տնից, գնում է աշխատանքի կամ դպրոց, քունը սկսում է նրա ոտքի մատներից բարձրանալ դեպի վեր:

Սկզբում շատ դժվար է լինում, որովհետև քնի թաթիկները թույլ են ու փոքրիկ, և նա չի կարողանում ամուր բռնվել մարդու մաշկից: Ամեն անգամ  երբ մարդը քայլում է, վազում է, տեղից վեր է կենում կամ սկսում է թռչկոտել, խեղճ քունը ընկնում է գետնին ու նորից սկսում իր դեպի վեր ճանապարհը: Ճաշի ժամին նրա գործը հեշտանում է, մարդը հանգիստ ուտում է իր ուտելիքը, իսկ քունը արագ բարձրանում է նրա վրա: Հենց դրանից է, որ ուտելուց հետո մարդու քունը տանում է:

Ամենադժվարը ոտքերի ճանապարհն է, որովհետև բռնվելու տեղերը քիչ են լինում, հատկապես աղջիկներինը: Հենց քունը հասնում է փորին, արդեն գործը հեշտանում է, շորերի կոճակներից, գրպաններից, գոտուց բռնվելով նա ավելի վեր է բարձրանում: Եթե մարդը դասի ժամին նստած ոչինչ չի անում, չի մասնակցում հետաքրքիր աշխատանքներին, քունը ավելի արագ է բարձրանում նրա վրայով: Այդպես լինում է նաև մեծերի հետ, նրանք ժողովների ժամանակ կամ երկար ժամանակ նստած աշխատելուց ավելի շատ են ուզում քնել: Ամենահեշտը երեկոյան է արդեն լինում, մարդը  հոգնած է լինում, էլ չի կարողանում արագ շարժվել, թռչկոտել, որ քունը դրանից նորից ներքև ընկնի:

Քունը շատ վախենում է ջրից և կտրուկ շարժումներից: Դրա համար է, որ երբ մարդը լվացվում է, քունը փախչում է կամ երբ որ ուզում են մեկին արթնացնել քնից` թափահարում են կամ ուսին խփում: Պարզ է, որ քունը դրանից ընկնում է ներքև ու ամեն ինչ նորից սկսում:

Այս ամենի պատճառը այն  է, որ քունը, այդ երկար թարթիչներով անհասկանալի բանը, շատ է սիրում մարդու գլխի և աչքերի վրա քնել, մի քիչ հետո դուք կհասկանաք ամեն ինչ: Երբ քունը հասնում է մարդու բերանին, նա սկսում է հորանջել, ալարում է խոսել և ուզում է քնել: Մարդու քթից բռնվելով` նա կամաց-կամաց բարձրանում է աչքերի վրա: Սկզբում մի ոտքն է դնում մի աչքի կոպին, հետո մյուս ոտքը մյուս աչքի կոպին: Մարդու աչքերը ծանրանում են, քունը մի կերպ պառկում է ճակատի վրա, հենց որ մարդն ուզում է իր աչքը բացել, քնի ոտքը խուտուտ է գալիս, և նա ավելի ամուր է սեղմում մարդու կոպը, և աչքը փակվում է:

Հասանք ամենադժվար մասին: Քունը չի կարողանում երկար ժամանակ փորի վրա պառկած մնալ մարդու ճակատին, այն էլ ոտքերը բացած դիրքով, ճակատն էլ անհարմար է լինում, քունը անընդհատ ուզում է սահել, ընկնել ու մի կերպ իրեն պահում է մազերից բռնված ու աչքերին հենված: Այսպես երկար չի տևում, և քունը որոշում է տեղավորվել աչքերի վրա, գլուխը դնում է մի աչքին, ոտքերը` փռում մյուսին:

Իսկ ինչի± համար են երկար թարթիչները: Երբ քունը հարմար տեղավորվում է մարդու աչքերի վրա, նրա երկար թարթիչները սկսում են կամաց շարժվել ու այդ ժամանակ օդից բռնում են  գեղեցիկ ու կախարդական երազներ ու մտցնում մարդու թարթիչների արանքները: Այդպես մարդը երազներ է տեսնում: Եթե դուք ձեր աչքերը կիսատ փակեք, կտեսնեք, որ ձեր թարթիչների վրա երազների կտորներ կան, ասես նրանք փոշոտվել են երազներով:

Այսպես պառկած ամբողջ գիշեր քունը քնում է ու քնեցնում մեզ, իսկ նրա թարթիչները մեզ համար երազներ են որսում օդից: Առավոտյան երբ մարդն արթնանում է, վեր է կենում մահճակալից, քունը ընկնում է մարդու թարթիչներից ներքև ու…սկսվում է նոր օր, նոր ճանապարհ քնի համար, նոր գործեր մարդու համար, նոր դասեր, հետաքրքիր աշխատանքներ ու խաղեր երեխաների համար: Փոքրիկ երեխաների աչքերին քունը արագ է հասնում, քանի որ ամբողջ ժամանակ պառկած են լինում: Մեծերը ամբողջ օրը քայլում են, ինչ-որ գործեր են անում, դրա համար էլ քունը ուշ է հասնում նրանց աչքերին: Երեխաները պետք է շուտ քնեն, որ իրենց քունը երկար թարթիչներով ամենալավ երազները բերի իրենց, թե չէ դրանք օդում կարող են վերջանալ:

Այս հեքիաթը ես ու եղբայրս ենք հորինել, սա մենք քնելուց պատմում ենք իրար կամ խնդրում ենք, որ մայրիկը պատմի: Ամենահետաքրքիրը այն է, որ երբ այս հեքիաթը պատմելուց հասնում ենք աչքերի վրա տեղավորվելու մասին, մեր քունը իսկապես տանում է: Բարի գիշեր:

Հասմիկ Մարտիրոսյան

8 տարեկան

ք. Երևան, «Փոքրիկ ճեմարանական»
կրթահամալիր


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։