ՍՅՈՒՐՊՐԻԶ… ԿԻՆԴԵՐ ՍՅՈՒՐՊՐԻԶ


Անակնկալ կոնֆետ Կինդեր Սյուրպրիզը իսկական սյուրպրիզի նման էլ հայտնվել է աշխարհում: Նրա պատմությունը սկսվում է դեռ 1940-ական թվականներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից էլ առաջ…

Իտալական Թուրին քաղաքում շատ տարիներ առաջ բացվեց մի փոքրիկ կրպակ: Կրպակի հիմնադիրը Պիետրո Ֆեռերոյի հայրն էր:  Այս անունը ձեզ ծանո՞թ թվաց: Մի փոքր էլ համբերություն…

Եվ ուրեմն, Պիետրո Ֆեռերոյի հայրը մի կրպակ հիմնեց և շուտով այն ժառանգություն թողեց Պիետրոյին: Պիետրոյի վառ երևակայությունը փոքրիկ խանութն անմիջապես հրուշակեղենի խանութի վերածեց: Իր կնոջ՝ Պիերայի հետ Պիետրոն սկսեց փորձարարություններ անել թխվածքների ու կոնֆետների վրա:

maxresdefault (9)

Բայց շուտով սկսվեց պատերազմը, և նրանք ստիպված տեղափոխվեցին Ալբա քաղաքը: Այստեղ էլ քաղցրավենիքի սիրահար զույգը նոր խանութ բաց արեց, որտեղ առաջին հաճախորդների հետ այցելեց նաև անսպասելի մեծ հաջողությունը: Նրանց պատրաստած շոկոլադե կոնֆետներն այնքան համեղ էին, որ անմիջապես տարածվեցին ողջ Իտալիայում, իսկ շուտով դուրս եկան նաև Իտալիայի սահմաններից: Կոնֆետները կոչվում էին… Ճիշտ եք, Ֆեռերո

Հիմա կասեք բա ուր մնաց Կինդեր Սյուրպրիզը… Դե մի քիչ էլ համբերեք ու կիմանաք…

maxresdefault (10)

Ահա այսպես ստեղծվեցին Ֆեռերո կոնֆետները, այսպես հիմնադրվեց Պիետրո Ֆեռերոյի առաջին գործարանը, և ահա այսպես Ֆեռերոյի անսահման երևակայությունը ծնունդ տվեց այնպիսի կոնֆետների ու քաղցրավենիքների, ինչպիսիք էին Ռաֆաելլոն, Նուտելլան, Տիկ-Տակը և, իհարկե, Կինդեր Սյուրպրիզը: Այո-այո, այս ամենի հեղինակը նույն հանճարեղ իտալացին է: Իսկ հիմա վերջապես Կինդերի մասին…

Պիետրո Ֆեռերոյի տղան՝ Միկելեն, մանկուց չէր սիրում կաթ խմել, և հայր ու տղա որոշեցին հատուկ այսպիսի երեխաների համար ստեղծել այնպիսի շոկոլադ, որը կպարունակի  42% կաթ: Ահա հենց այսպես էլ ստեղծվեց Կինդերի առաջին շարքը: Կինդերի մեջ դրված տուփիկը պատրաստվեց ձվի դեղնուցի տեսքով: Իսկ նրանց մեջ փոքրիկ խաղալիքներ տեղադրելու գաղափարն արդեն պատկանում է դիզայներ Հենրի Ռոթին: Հենց նա էլ այդ խաղալիքների մեծ մասի հեղինակն է:

Երբ շոկոլադե ձվիկները հայտնվեցին վաճառքում, նրանց համար այնպիսի հերթ գոյացավ, որ ձվիկների առաջին  խմբաքանակը սպառվեց ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Այդպես սկսվեց կինդերամանիան: Ոչ միայն երեխաները, այև մեծահասակները սկսեցին հավաքել Կինդերի բոլոր խաղալիքները: Դրանցից շատերն, ի դեպ, ձեռքով են պատրաստվում, և Կինդերի հավաքածուների տերերը դրանք միմյանցից գնում են 6-ից 500 դոլարով: Իսկ շատ հազվադեպ հանդիպող խաղալիքները ինտերնետ-աճուրդներում վաճառվում են նույնիսկ 1000 եվրոյով: 2007 թվականին աճուրդի ժամանակ Կինդերի 90 հազար խաղալիքից բաղկացած հավաքածուն վաճառվեց 30 հազար եվրոյով:

Լիքը բան, որ չգիտենք Կինդեր Սյուրպրիզի մասին

Կինդեր Սյուրպրիզների վաճառքն արգելված է ԱՄՆ-ում, որովհետև այստեղ 1938 թվականին ընդունված օրենքի համաձայն, արգելված է սննդի մեջ ոչ ուտելի իրեր տեղադրելը:

Տաք կլիմայով երկրների համար Կինդերն արտադրվում է հատուկ տուփիկներում և հալեցված տարբերակով ու կոչվում է Kinder Joy:

Տարբեր երկրներում Կինդեր Սյուրպրիզ ձվիկներին տարբեր կերպ են անվանում: Գերմանիայում նրանք կոչվում են «Kinder Uberraschung», Իտալիայում և Իսպանիայում – «Kinder Sorpresa», Պորտուգալիայում և Բրազիլիայում- «Kinder Surpresa», Շվեդիայում և Նորվեգիայում- «Kinderoverraskelse», Անգլիայում – «Kinder Surprise», Ռուսաստանում – «Киндер-Сюрприз»:

Կինդերի ձվիկը կշռում է 35 գրամ:

Այսօր ձվիկը պարունակում է 32% կաթ:

Կինդերի խաղալիքները պատրաստվում են հատուկ այս ձվիկների համար: Ուրիշ տեղ վաճառքում նրանց չեք հանդիպի:

Կինդերը վաճառքում է արդեն 30 տարի և հասցրել է վաճառել 30 միլիարդ շոկոլադե ձվիկ:

Ամեն տարի Կինդեր ձվիկների մեջ ավելի քան 100 նոր խաղալիք է հայտնվում, այդ թվում՝ պլաստմասե, մետաղական և անգամ փայտե անակնկալներ:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։