ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՕԴԱՊԱՐՈՒԿՆԵՐԻ ՕՐԸ


Այսօր Հնդկաստանի երկինք կթռչեն հազարավոր օդապարուկներ՝ հնարավոր բոլոր գույների ու ձևերի, որովհետև հունվարի 14-ին Հնդկաստանում նշվում է օդապարուկների օրը: Օդապարուկներին նվիրված միջոցառումներն անց են կացվում Ահմեդաբադ քաղաքում: Ահմեդաբադի օդապարուկների փառատոնը ամենահին ու ամենաճանաչված փառատոններից մեկն է աշխարհում:

Մարդիկ միշտ էլ երազել են թռչելու մասին և թղթե օդապարուկների տեսքով փորձել են իրականություն դարձնել այդ երազանքը: Մինչև այսօր շատ ու շատ երկրներում անցկացվում են օդապարուկների փառատոններ, իսկ դրանց ստեղծման պատմությունը զարմացնում է իր ինքնատիպությամբ:

Go-Fly-Kite

Նրանք արդեն մի քանի հազար տարեկան են և ինչեր ասես, որ չեն տեսել իրենց պատմության ընթացքում: Օդապարուկների հայրենիքը Չինաստանն է: Մեր թվարկությունից մոտ հազար տարի առաջ նրանց օգտագործում էին պատերազմների ժամանակ՝ գաղտնի տեղեկատվություն հաղորդելու համար: Բացի այդ հնում օդապարուկները միշտ պատրաստվում էին օձի կամ վիշապի տեսքով և երբեմն այնքան սարսափելի տեսք էին ունենում, որ օգտագործվում էին նաև ճակատամարտերի ժամանակ թշնամու զորքին ահաբեկելու համար: Հենց այդ պատճառով էլ շատ երկրներում օդապարուկներին մինչև այժմ «թռչող օձեր» են անվանում:

Օդապարուկների կարիքը մարդիկ զգում էին նաև անանցանելի գետերի վրայով միմյանց իրեր փոխանցելու համար: Իսկ Եվրոպայում տարածում գտնելուց հետո օդապարուկները սկսեցին օգնել մարդկանց որոշել օդի տարբեր շերտերի ջերմաստիճանը, ինչպես նաև ուսումնասիրել օդերևութաբանական բազմաթիվ երևույթներ:

shutterstock_183160610-copy-1024x682

Եվ երբ օդապարուկները մարդկանց արդեն օգնել էին այն ամենով, ինչով կարող էին, անցան իրենց վաստակած հանգստին, այսինքն՝ դարձան խաղալիք երեխաների համար: Ու հիմա ազատ թռչում են կապույտ երկնքում՝ ժպիտ ու ուրախություն բաժանելով ողջ աշխարհի երեխաներին:

Իսկ այսօր Երկիր մոլորակի ամենատարբեր անկյուններից հազարավոր մարդիկ կհավաքվեն Հնդկաստանում ու դեպի անամպ երկինք բաց կթողնեն իրենց օդապարուկները և կազդարարեն գարնան մոտակա գալուստը Հնդկաստան:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։