Աշխարհի ամենատաղանդավոր մարդկանցից մեկի՝ Մայքլ Ջեքսոնի կյանքը նման էր Ամերիկյան բլուրներին, վերելքների ու անկումների անհավանական մի շարք, որ բարձրացրեց նրան մինչև Փոփ երաժշտության արքայի գահը, բայց և հանգեցրեց ողբերգական վախճանի:
Մայքլ Ջեքսոնի խենթացնող հաջողությունները սկսվեցին դեռ մանկության տարիներին: Բայց արդեն հասուն տարիքում Ջեքսոնը կխոստովանի, որ ինքը գրեթե մանկություն չի ունեցել: Ամբողջ կյանքում նա կփորձի գտնել իր կորած մանկությունը, կկառուցի զվարճանքների այգի Նեվերլենդը ու կշարունակի ապրել երբեք չմեծացող տղայի՝ Պիտեր Պենի կերպարի ետևում թաքնվելով:
Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թ. Ինդիանա նահանգում: Նա ընտանիքի 7-րդ երեխան էր: Չգիտես ինչպես էր այդպես ստացվել, բայց Ջեքսոնների բոլոր երեխաները տաղանդավոր էին: Երաժշտության հանդեպ սերը նրանք մայրիկից էին ժառանգել ու շուտով սկսեցին ձայնակցել նրան, երբ նա խոհանոցում աշխատելիս ՝քթի տակ քաունթրի ոճի երգեր էր երգում: Հայրիկը խիստ ու պահանջկոտ մարդ էր, բայց միշտ երազել էր բեմական կյանքի մասին: Նա մի կիթառ ուներ, որ պինդ պահված էր պահարանում: Մայքլի եղբայր Տիտոն այն դուրս էր հանում պահարանից հայրիկի բացակայության ընթացքում ու նվագում: Մի օր էլ կիթառի լարերից մեկը կտրվեց: Վախեցած փոքրիկը նորից կիթառը տեղը դրեց՝ հույս ունենալով, որ հայրիկը գլխի չի ընկնի: Բայց հայրիկն անմիջապես գլխի ընկավ, հանեց տաբատի գոտին ու հրամայեց Տիտոյին նվագել՝ ասելով, որ եթե լավ չնվագի, կծեծի: Տիտոն այնքան լավ նվագեց, որ հաջորդ օրը իր վերջին փողերով հայրիկը նրա համար նոր էլեկտրական կիթառ գնեց:
Ջեքսոնների ընտանիքը հին ու փոքրիկ տանն էր ապրում: Նոր տուն գնելու համար հայրը փորձում էր գումար տնտեսել: Բայց մի օր, ի զարմանս բոլորի, նա որոշեց, որ կուտակված գումարը կծախսեն երաժշտական գործիքներ գնելու համար: Իր ժամանակի մեծ մասը նա սկսեց հատկացնել երեխաներին ու հիմնեց Ջեքսոնների հնգյակը: Խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ սուպերմարկետում զեղչերի ժամանակ: Նրանց հրավիրել էին երեք երգ կատարելու, և երեխաները հրաշալի կատարեցին այդ առաջադրանքը: Մայքլ Ջեքսոնն այդ ժամանակ յոթ տարեկան էր:
Մայքլը չափազանց արագ սկսեց մեծանալ: Անդադար փորձերը, ուշ ժամերի համերգները հոգնեցուցիչ էին փոքրիկ երեխաների համար: Այս ամենին հաճախ ավելանում էին նաև հոր պատիժները: Մինչդեռ նրանց հասկակակիցները այդ ժամանակ խաղում էին բակում, վազվզում ընկերների հետ ու ապրում իսկական երեխաների նման՝ անհոգ կյանքով:Խմբի հաջորդ ելույթը մի դպրոցական մրցույթ էր: Սևամորթ երեխաների տեսնելով ժյուրին վրդովվեց, բայց նրանց կատարումը լսելուց հետո միաձայն նրանց տվեց առաջին մրցանակը: Այդ օրվանից հետո Ջեքսոնների հնգյակը միայն մեկ անգամ ստացավ երկրորդ մրցանակ: Շատերը նույնիսկ հրաժարվում էին մասնակցել մրցույթների, եթե գիտեին, որ իրենց մրցակիցներից է լինելու այս խումբը:
Այս տարիներին էլ բացահայտվեց Մայքլի պարային տաղանդը: Նա ակնթարթորեն հիշում էր ու կրկնում տեսած պարային շարժումները: Նա դարձավ խմբի պարուսույցը: Տարիներ հետո նա կհորինի Լուսնային քայլքը, որ կհռչակվի ամբողջ աշխարհով (այս պարը դիտողին թվում է, թե առաջ քայլող մարդը սահում է ետ):
Շուտով Ջեքսոնների խմբին նկատեցին պրոդյուսերները ու երեխաները հասան իրենց փառքի գագաթնակետին: Նրանց պրոդյուսերը դարձավ Սյուզաննա դե Պասը, ով երեխաներին տեղափոխեց իր առանձնատուն: Տղաները սկսեցին սովորել գեղեցիկ խոսել և ուտել, քաղաքավարի վարվելակերպ ու շարժուձև: Նրանք Սյուզաննայի հետ այցելեցին թանգարաններ ու ցուցասրահներ, դարձան իսկական կրթված պատանիներ: Մշակվեցին նաև նրանց բեմական կերպարները՝ աֆրիկյան փարթամ սանրվածքներ, նոր կոստյումներ: Ջեքսոններին սովորեցնում էին պատասխանել լրագրողների հարցերին ու ստորագրություններ բաժանել:
Հաջողությունների հետ տղաների գլխին թափվեց նաև երկրպագուհիների հսկայական ամբոխը, թեև հայրը խստորեն արգելել էր նրանց անձնական կյանք ունենալ: Իսկ Մայքլ Ջեքսոնը մինչև կյանքի վերջ էլ վախեցավ երկրպագուների ամբոխից: Պատանեկության տարիներին Ջեքսոնը շատ էր ամաչում իր արտաքինից, նա նիհարիկ ու անինքնավստահ տղա էր դարձել, հենց այս տարիներին ձևավորված բարդույթները հետո ստիպեցին նրան դիմել պլաստիկ վիրահատությունների:
1970- ական թվականներին Ջեքսոնների հնգյակի փառքը սկսեց փոքր-ինչ խամրել, և Մայքլ Ջեքսոնը սկսեց հանդես գալ անհատական երգերով ու ձայնասկավառակներով, որոնց հաջողությունը գերազանցեց Ջեքսոնների հնգյակի նվաճումները: Սկսվեց Մայքլ Ջեքսոնի փառքի մեծ ճանապարհը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է…