ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԽԱՂԱԼԻՔԸ՝ ԾԻԱԾԱՆ


4 shares

Կան խաղալիքներ, որոնք փոխել են ոչ միայն իրենց հեղինակների, այլև ողջ մարդկության պատմությունը: 20-րդ դարի մեծագույն նվաճումներից մեկն էլ Սլինկի անունով խաղալիքն էր՝ ծիածանագույն զսպանակը: Այն լույս աշխարհ եկավ բոլորովին պատահաբար ու թռչկոտելով հասավ անգամ աշխարհի ամենահեռավոր անկյունը: Եվ ոչ մի փոքրիկ անտարբեր չմնաց այն տեսնելով: Լայն բացված աչքերով երկար նայեցին նրանք թռչկոտող զսպանակին ու հասկացան, որ իսկական հրաշքը հենց այս պարզության մեջ է:

Սլինկին հայտնվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ահա թե ինչպես պատահեց դա: 1943 թվականին նավատորմի ինժեներ Ռիչարդ Ջեյմսը փորձում էր ինչ-որ սարք պատրաստել զսպանակների օգնությամբ: Հանկարծ զսպանակներից մեկը դուրս թռավ ու ցատկոտելով սկսեց առաջ շարժվել: Ջեյմսը հասկացավ, որ դա շատ հետաքրքիր է ու ցույց տվեց կնոջը՝ Բետտիին: Մի փոքր մտածելով՝ նրանք հասկացան, որ այս զսպանակը շատ զվարճալի խաղալիք կարող է դառնալ:

30ebe0e16004b46c339ef41c2fbfd81a
Ռիչարդ Ջեյմսն ու իր տղան՝ սլինկիով խաղալիս

Այդպես նրանք կազմեցին 98 օղակից բաղկացած մի զսպանակ, որն ուներ 6,35 սմ բարձրություն: Բետտին վերցրեց բառարանն ու ու սկսեց փնտրել համապատասխան անվանում նորահայտ խաղալիքի համար: Շվեդերեն «Slinky» բառը, որ նշանակում էր խորհրդավոր,  շատ դուր եկավ Բետտիին: Շուտով Բետտին ու Ռիչարդը պարտքով 500$ վերցրին և սկսեցին Սլինկի ծիածանագույն զսպանակների արտադրությունը: Սկսվեց ժամանակի մեծագույն խաղալիքներից մեկի պատմությունը:

slinky-4

Առաջին 400 սլինկիները երիտասարդ ամուսինները սկսեցին առաջարկել տարբեր խանութների: Սակայն բոլորը մերժում էին նրանց և միայն մի խանութ համաձայնեց դրանք վերցնել: Բետտին ու Ռիչարդը, որ արդեն կորցրել էին իրենց հույսը, ապշած մնացին: Խաղալիքները վաճառվեցին 1,5 ժամվա ընթացքում: Առաջին հաջողությունից հետո վաճառվեց ավելի քան 250 միլիոն ծիածան: Շատերը սկսեցին ծիածանն օգտագործել որպես թևնոց, մյուսները դրանով զարդարում էին սենյակում, իսկ ամենահաճելի զբաղմունքը երեխաների համար ծիածանագույն զսպանակը աստիճաններով ներքև իջեցնելն էր: Այդպես երեխաները փոքրիկ մրցույթներ էին կազմակերպում զսպանակների համար:

Տարիներ անց հայտնվեց սլինկիի փոքրիկ ընկերը՝ խաղալիք շունը, որի մարմնի մեջտեղի հատվածում սլինկի զսպանակ էր տեղադրված: 1995 թվականին Սլինկի-շունը հայտնվեց նաև մեծ էկրաններին ու «խաղաց» «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի գլխավոր դերերից մեկը:

Իսկ զսպանակ ծիածանը գրեթե փոփոխության չենթարկվեց իր 70- ամյա պատմության ընթացքում և պահպանեց իր սկզբանակն տեսքը: 2001թ. 82-ամյա Բետտի Ջեյմսը արժանացավ ԱՄՆ-ի Խաղալիքների արտադրության ասոցիացիայի բարձրագույն պարգևի, նրա անունը մտավ Փառքի սրահ (Hall of Fame), որտեղ գրանցվում են խաղալիքների պատմության մեջ բեկումնային դեր ունեցած մարդիկ:

2015-04-08T161124Z_1_LYNXMPEB370PQ_RTROPTP_4_USA-TOYS-PRIVATEEQUITYՍլինկին սիրելի ու հասնանելի է բոլորին՝ փոքրիկներին ու մեծերին՝ իր մատչելի գնի ու զարմանալի ունակությունների շնորհիվ: Մեծահասակներն էլ ոչ պակաս հետաքրքիր ձևեր են գտել զսպանակ ծիածանի կիրառության համար. գրասենյակում օգտագործում են մատիտներն ու գրիչները դնելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս սլինկիի օգնությամբ հանգստացնել նյարդերը, ուսուցիչները դրա օգնությամբ բացատրում են աշակերտներին ալիքային տատանումները և այլն, և այլն:

Ահա այսքանը ծիածան զսպանակի մասին, թեև ես վստահ եմ, որ նրա փառավոր պատմությունը դեռ երկար է ձգվելու և ամեն անգամ մի փոքրիկ, այն տեսնելով, հասկանալու է, որ իսկական հրաշքը հենց այս պարզության մեջ է:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։