ՈՒՐԱԽ ԲՈՒՏԵՐԲՐՈԴ. ԽՈԶՈՒԿ


Երբ արթնանում ես քնից ու թվում է, թե հերթական օրն էլ միօրինակ ու ոչնչով աչքի չընկնող է լինելու, հիշիր, կյանքդ գունավորող անտեսանելի վրձինը հենց քո ձեռքում է: Իսկ քանի որ անտեսանելի է, քեզնից մի փոքր ջանք է պահանջվում, այսինքն՝ ցանկություն, մնացածը, վստահ եղիր, նա ինքը կանի: Ահա այս անգամ էլ քո կախարդական վրձինը որոշել է քեզ համար ուրախ նախաճաշիկ ապահովել: Ահա այն բաղադրատոմսը, որը կօգնի ձեզ:

Հարկավոր են

  • Տոստի համար նախատեսված հացի շերտեր
  • Խոզապուխտ կամ երշիկ
  • Սամիթ
  • Եգիպտացորենի կամ սիսեռի հատիկներ
  • Ձիթապտուղ

Ամեն ինչ ավելի քան հեշտ է: Հացի շերտիկը կտրեք կլորավուն ձևով՝ չմոռանալով վերևում «ականջներ» թողնել, չէ՞ որ մենք խոզուկ- բուտերբրոդ ենք պատրաստում: Երշիկից կամ խոզապուխտից կտրատեք նույն չափի ու ձևի ականջներ և տեղադրեք հացի «ականջային» հատվածներում: Կտրեք նաև մի կլորավուն շերտիկ և վրան երկու անցք բացեք. դրանք խոզուկի «քթանցքներն» են: Տեղադրեք խոզուկի դնչիկը հացի կենտրոնում: Ձիթապտղից բարալիկ շերտեր կտրեք և դրեք անցքերի մեջ: Դե գրեթե բան չմնաց: Վերցրեք եգիպտացորենի կամ սիսեռի երկու հատիկ ու տեղադրեք դնչիկի վերին հատվածում: Իսկ հիմա սամիթի մի տերևիկից կտրատեք փոքրիկ կլորակներ և տեղադրեք հատիկների կենտրոնում: Մի բարակ երիզ էլ տեղադրեք դնչիկի ներքևում ու ստիպեք խոզուկին ժպտալ: Ահա այսքանը: Դե անցեք գործի և հիշեք, երբեմն երջանկության համար այնքան քիչ բան է հարկավոր…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։