Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Իսկ եթե պատկերացնում ես, ապա հաստատ ընդգծված երևակայություն ունես: Բայց հետաքրքիր է` կենդանիների ինչին է պետք պոչը, ինչու՞ նրանք ունեն, իսկ մենք՝ ոչ:
Պարզվում է` պոչը շատ կարևոր դեր է խաղում նրանց կյանքում: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: Իսկ հիմա խոսենք օրինակներով:
Ինչպես գիտենք, սկյուռիկներն ապրում են անտառում, նրանք բարձրանում են ծառերի վրա, մի ճյուղից ցատկում մյուսը: Եվ նրանց փամփլիկ պոչերը ծառայում են իբրև օդապարիկ:
Իսկ կովերն ու ձիերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին:
Որոշ կենդանիներին էլ պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, սամույրը, աղվեսը և էլի շատ ու շատ կենդանիներ:
Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում աջ:
Ճկուն և սրաճանկ լինելը կատվի համար դեռևս բավական չէ հարձակում գործելու համար: Անհրաժեշտ է նաև պոչը:
Կան կենդանիներ էլ, որոնք պոչի մեջ մեծ քանակությամբ ճարպի պաշար ունեն: Օրինակ լեմուրները, որոնք ապրում են Մադագասկարում: Նրանք այդ ճարպերը օգտագործում են չոր եղանակի ժամանակ:
Կապիկներին էլ իրենց պոչն օգնում է սնունդ գտնելու գործում: Պոչով կախվում են ճյուղից և գլիվայր ձգվում դեպի բանանները:
Բայց ամենահետաքրիրը այն է, որ կենդանիները պոչի շարժումներով կարող են «խոսել»: Օրինակ, երբ շներն անսահման ուրախ են, սկսում են արագ-արագ շարժել պոչը: Իսկ երբ վախենում են, սեղմում են մարմնին: Եթե նրա պոչը մի փոքր վերև է բարձրացած և մի կողմից մյուսն է գնում, ապա նա ասում է. «Ես քեզ ձեռք չեմ տա, բայց և դու ինձ ձեռք մի տուր»:
Կարծում եմ` դու էլ համոզվեցիր, որ պոչը նրանց համար անհրաժեշտություն է:
Անի Ավագյան