Ֆրանսահայ հանրահայտ երգիչ, կոմպոզիտոր, դերասան և,առհասարակ, աշխարհի ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկը՝ Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում 1924 թվականին…
-Ի՞նչ անուն եք տալիս նրան, – ասում է մանկաբարձուհին՝ գրկելով լաց եղող երեխային:
-Շահնուր, – անսահման քնքշությամբ շշնջում է երեխայի մայրը:
-Շահ… ի՞նչ, – աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:
-Շահնուր,- կրկնում է մայրը:
«Հ» տառն այդպեսէլ չկարողանալով արտասանել և գտնելով, որ Շահնուր անունը այնքան էլ հեռու չէ Շառլ անունից, մանկաբարձուհին փոքրիկին տալիս է Շառլ անունը:
Այսպես լույս աշխարհ է գալիս Եղեռնի օրերին Արևմտյան Հայաստանից գաղթած ու Ֆրանսիայում հաստատված Միքայել և Քնար Ազնավուրյանների միակ տղան, որ տարիներ հետո պետք է համարվի դարի մեծագույն արվեստագետը: Թեև ընտանիքի անդամները այդ մասին դեռ չէին գուշակում, բայց սիրում էին փոքրիկին անսահման սիրով: Ամենից լավ Ազնավուրը հիշում է իր քույր Աիդային, որի միակ նվիրական իղձը Շառլին չաղացնելն էր:
«Աիդան այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս՝ կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի: Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը ու հարցնում.
-Ի՞նչ է կուլ տվել:
Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրն եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել, որ ստամոքսը աղաց չէ», – գրում է հետագայում Ազնավուրը:
Թեև Ազնավուրյանների ընտանիքը հարուստ չէր, բայց դա նրանց համար էական չէր, չէ՞ որ ընտանիքը համերաշխ էր: «Եթե մինչև օրս աշխույժ եմ, լավատես, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական», – խոստովանում է Ազնավուրը: Նրա հայրն ու մայրը դերասան և երգիչ էին և ցանկացած դժվարություն հաղթահարում էին երգի և կատակների օգնությամբ: Թեև նրանք աշխատասեր ու տաղանդավոր էին, բայց մեծ հաջողությունների չհասան այդ ոլորտում: Բայց հենց նրանցից սովորեց Ազնավուրը, հասկացավ և իրենը դարձրեց նրանց չիրականացված բոլոր երազներն ու հույսերը:
9 տարեկանում նա սկսեց հաճախել թատերական խմբակ և սիրահարվեց թատրոնին: Հետո տեսավ առաջին ֆիլմը և պաշտեց նաև կինոն: Դերասան դառնալու երազնանք արդեն հաստատ էր: Համարձակություն հավաքելով՝ նա նամակ գրեց «Փոքրիկների թատրոն» և ի զարմանս իրեն՝ ընդունվեց: Այդպես սկսվեց նրա դերասանական կարիերան, փոքրիկ դերեր մեկը մյուսի հետևից, բայց Շառլը դեռ երկար ժամանակ մնաց ստվերում. փոքրիկ, նիհարիկ և մեծ քթով տղան մեծ դերերի համար հարմար չէր:
Շառլ Ազնավուրի կարիերայի առաջին տարիները լի էին պարտություններով ու դժվարություններով, բայց հարիկը, մայրիկն ու Աիդան նրա կողքին էին և թույլ չէի տալիս հուսահատվել: Ազնավուրը երկար պայքարեց, մինչև նրան նկատեցին իսկական աստղերը: Ծանոթանալով ու ընկերանալով երիտասարդ կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, Ազնավուր սկսեց նրա հետ ելույթ ունենալ տարբեր ակումբներում: Նրանք սկսեցին հաջողություն վայելել, իսկ երգերը մեծ տարածում գտան: Ազնավուրի և Ռոշի երգերից մեկը լսեց նաև աշխարհահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը և պատվիրեց իր համար երգեր գրել: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը գլխիվայր շրջեց Ազնավուրի կյանքը: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի էր, և շուտով սկսեց հանդես գալ որպես երգիչ-մենակատար՝ զուգահեռ շարունակելով նաև դերասանի կարիերան: Մինչև այսօր Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմում, ստացել հարյուրավոր մրցանակներ ու մեդալներ:
Շառլ Ազնավուրը միշտ դեմ էր ազգանունների կրճատմանն ու փոփոխմանը, սակայն ինչ աներ, երբ իր կարիերայի սկզբում նրա ազգանունը բոլորը արտասանում էին թարս ու շիտակ՝ Աբնավուր, Անզատուր և այլն: Եվ համերգային առաջին պաստառների վրա գրվեց Շառլ Ազնավուր անունը:
Ազնավուրը միշտ մնաց հավատարիմ իր արմատներին և մեծագույն ներդրում ունեցավ հայ մշակույթը ողջ աշխարհին ներկայացնելու գործում: Հայաստանին նա նվիրեց «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն» երգերը, դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարեց Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988թ.-ի Սիպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո նա հիմնադրեց «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Շառլ Ազնավուրը 2009թ.-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈՒՆԵՍԿՈ-ում:
2018 թ. հոկտեմբերի 1-ին Ազնավուրը մահացավ իր տանը: Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարեւոր դեմքերից մեկը»: «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- ասաց նա։
Ազնավուրի մասին կարելի է անդադար խոսել, անվերջ հիանալ նրա հրաշալի երգերով և, անշուշտ, հպարտանալ մեծագույն արվեստագետի հայրենակիցը լինելու համար…
Անահիտ Ալեքսանյան