ՇՈԿՈԼԱԴԵ ՌԵԿՈՐԴՆԵՐ


Շոկոլադե ռեկորդներ

Շոկոլադը մեր ամենասիրելի քաղցրավենիքներից մեկն է, չնայած որ մայրիկին ոչ միշտ է ուրախացնում մեր քաղցրակեր լինելը, չէ՞ որ դա մի փոքր էլ մեր ատամներին է վնաս: Բայց մենք, միևնույն է, ուտում ենք շոկոլադ այնքան որքան ուզում ենք ու չենք հագենում: Հատուկ բոլոր քաղցրակերների համար ներկայացնում ենք աշխարհի ռեկորդակիր շոկոլադները:

2004թ.ի փետրվարի 13-ին՝ Իսպանիայում, պատրաստել են ամենամեծ շոկոլադե սիրտը՝ Սիրահարների օրվա առթիվ: Այն պատրաստված էր 7 տոննա շոկոլադից:

Շոկոլադե սալիկ

2006թ.-ին՝ Նյու Յորքում, Ալեն Ռոբի անունով մի մարդ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով ամենաբարձր շոկոլադն աշխարհում: Այն ուներ 6,6 մետր բարձրություն, և առաջին անգամ հանրությանը ներայացվեց Նյու-Յորքի խանութներից մեկում: Աշխարհի ամենաբարձր շոկոլադը պատրաստվել է 30 ժամում, և պատրաստման համար անհրաժեշտ է եղել 1000 կգ շոկոլադ:

2008թ.-ի մարտի 8-ին Պորտուգալիայում, կանանց տոնի առթիվ սահմանել են մի նոր ռեկորդ, պատրաստելով աշխարհում ամենամեծ շոկոլադե ձուն: Նրա բարձրությունը 14,79 մետր է: Մինչ այս ռեկորդը սահմանելը, ամենամեծ շոկոլադե ձու պատրաստել էին Բելգիայում՝ 2005թ.-ի մարտի 25-ին: Ձուն պատրաստված է եղել 1950 կգ շոկոլադից, այն ուներ 8,32 մետր բարձրություն, իսկ պատրաստման գործընթացը տևել էր 525 ժամ:

Շոկոլադե ձու

2010թ.-ի մարտի 15-ին Իտալիայում պատրաստել են աշխարհում ամենաերկար շոկոլադե սալիկը: Այն ուներ 11,57 մետր բարձրություն, որը գերազանցել էր նախորդ ռեկորդը՝ 6,98 մետրը:

«Knipschildt Chocolatier» ընկերությունը ստեղծել է աշխարհում ամենաթանկ շոկոլադը, այն պատրաստվել է բացառապես մուգ շոկոլադից՝ առանց հավելումների: Պարզապես վատն այն է, որ այս շոկոլադը՝ ի տարբերություն մյուսների, երկար չի կարող պահպանվել, պատճառը բնական հումքից պատրաստված լինելն է: Շոկոլադը համտեսելու համար 455 գրամի դիմաց հարկավոր է վճարել  2600 դոլար:

2007թ.ին՝ Լաս Վեգասում, պատրաստվել է աշխարհի ամենաբարձր շոկոլադե շատրվանը, որը գրանցվել է նաև Գինեսի գրքում: Այն ունեցել է 8 մետր բարձրություն: Այս ռեկորդը Ժանա Ֆիլիպա Մորին իրականացրել է երկու տարում, շոկոլադե շատրվանի պատրաստման համար անհրաժեշտ է եղել  150 մետր չժանգոտվող խողովակ:

Շոկոլադե սալիկ

2010թ.-ի սեպտեմբերի 11-ին, արդեն մեզ մոտ՝ Հայաստանում, «Գրանդ Քենդի» ընկերությունը պատրաստեց աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը, որը գրանցվեց նաև Գինեսի գրքում: Պատրաստման համար անհրաժեշտ է եղել 4 օր: Ամենամեծ շոկոլադե սալիկը 4,41 տոննա էր կշռում, նրա երկարությունը 5,6 մետր էր, լայնությունը՝ 2,75, իսկ բարձրությունը՝ 25 սմ:

2010թ.ին Հարավային Աֆրիկայում նկարիչ Գարի Ջոնսոնը գրանցել է նոր ռեկորդ՝ աշխարհում ամենամեծ շոկոլադե նապաստակ ստեղծելու համար: 3,82 մետր բարձրություն և 2721 կգ կշիռ ունեցող շոկոլադե նապաստակը գերազանցել է նախորդ ռեկորդային շոկոլադե նապաստակին, որը պատրաստվել էր Բրազիլիայում և ուներ 3,4 մետր բարձրություն և 2800 կգ կշիռ:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։