Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԴԱՍԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌՈՒՅԳ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


3 shares

Ճիշտ է դասերն արդեն սկսվել են, բայց մենք դեռ չենք կարողանում ընտելանալ դրան: Առավոտյան այդքան վաղ արթնանալն արդեն հոգնածության պատճառ է դառնում, էլ չեմ ասում, թե որքան դժվար է դասի ժամանակ ենթարկվել ուսուցչի պահանջներին և լուռ ու անշարժ նստել մինչև դասի ավարտը: Համաձայն եմ, այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ դեռ շատ շոգ է: Բայց կան որոշ կանոններ, որոնց հետևելով դու կկարողանաս ավելի առույգ ու սթափ լինել դասի ժամանակ:

Եթե ուզում ես դպրոցական օրն անցկացնել հեշտ և արդյունավետ, պետք է դրան պատրսատվես բավականին վաղ: Դպրոցից տուն գալուց, հագուստը փոխելուց, լվացվելուց և ճաշելուց հետո շտապիր կատարել տնային վարժությունները: Երբեք մի հետաձգիր դա, չէ՞ որ որքան շուտ ավարտես դրանք, այնքան ավելի երկար ժամանակ կունենաս խաղալու և քո սիրելի գործով զբաղվելու համար:

Կարևոր է նաև ժամանակին քնելը: Լիարժեք հանգստի համար հարկավոր է քնել 8 – 9 ժամ, այդ դեպքում կկարողանաս ուժերդ հավաքել ու հաջորդ օրն առույգ անցկացնել: Այնպես որ, երկար մի նստիր հեռուստացույցի կամ համակարգչի առջև, ժամանակին պառկիր քնելու, և խոստացիր, որ այդ ամենը կանես առանց կամակորության:

Դասամիջոցին դասը կրկնելն այնքան էլ ճիշտ չէ. լավ կլինի՝ այդ ընթացքում դուրս գաս դասարանից, ընկերներիդ հետ միասին քննարկես դասը, եթե թույլ կտան, նաև կարող ես մի քանի րոպեով բակ դուրս գալ. թարմ օդն արթնացնում է ուղեղն ու օգնում է ավելի հեշտ և արագ մտածել:

Երբ զանգը հնչում է, հանգիստ նստիր քո նստարանին. դասի ժամին մեջքդ ուղիղ պահիր, ուսերդ էլ ձիգ: Երբեք ամբողջ մարմնով չհենվես սեղանին. դա ոչ միայն քաղաքավարության կանոններից դուրս է, այլ նաև վնասում է կեցվածքը, բացի այդ՝ այդպիսի կեցվածքով դու ավելի շուտ կհոգնես և քո քունը կամաց – կամաց կտանի:

Չմոռանաս ժամանակին վերականգնել ուժերդ: Հիշիր՝ դրա համար շատ կարևոր է նաև սնվելը: Այնպես որ դասամիջոցին գնա նաև դպրոցական ճաշարան և սնվիր՝ չմոռանալով արագ ավարտել այն և վերադառնալ դասարան:

Եվ, որ ամենակարևորն է, բարձր պահիր տրամադրությունդ: Առավոտյան արթնացիր և ժպտա, ու ողջ օրդ այդպես ժպիտով էլ կանցկացնես: Մաղթում եմ քեզ հաճելի և արդյունավետ ուսումնական տարի:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։