ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


18 shares
Հովհաննես Թումանյան

Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Եղիշե Չարենց

Չկա որևէ հայ երեխա, որ չճանաչի հայ մեծագույն բանաստեղծին: Առաջին բանաստեղծությունները, որ մենք սկսում ենք արտասանել՝ դեռ կարդալ չիմանալով Հովհաննես Թումանյանի մանկական հրաշալի բանաստեղծություններն են: Թումանյանին մենք շարունակելու ենք կարդալ, նաև երբ դառնանք պատանի, երիտասարդ կամ հասուն մարդ: Հովհաննես Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և հենց դրա համար էլ ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, սովորեցնում շատ ու շատ բաներ չարի և բարու, մարդկայինի ու աստվածայինի մասին:

Անգամ Թումանյանի մանկական ստեղծագործություններում թվացյալ պարզության տակ թաքնված են մեծ իմաստներ՝ «Սուտլիկ Որսկանը», «Չարի վերջը», «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը», «Բզեզի դպրոցը», «Կիկոսի մահը» և այլն: Շուտով դու կծանոթանաս Թումանյանի նաև այլ ստեղծագործություններին, բայց մինչև այդ արի ծանոթանանք նրա մանկությանն ու պատանեկությանը, մեծ բանաստեղծի կենսագրությանը, չէ՞ որ նա հայ ժողովրդին է նվիրել ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև իր ողջ կյանքը:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռու Դսեղ գյուղում: Նա եղել է ընտանիքի անդրանիկ երեխան և շատ է սիրվել դեռ փոքր տարիքից: Նրան կոչել էին ի պատիվ պապիկի, ով ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել էր մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Իսկ Թումանյանի հայրը գյուղի քահանան էր՝ Տեր-Թադևոսը: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր և մեծ դեր է կատարել հայրենի գյուղում կրթության և լուսավորության տարածման գործում:

Թումանյանի մոր անունը Սոնա էր: Նա բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում՝ համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:

Փոքրիկ Հովհաննեսը թեև վտիտ, բայց աշխույժ ու չարաճճի երեխա է եղել: Նա ապրել է գեղջուկ մանկան բոլոր հետաքրքրություններով: Անհոգ և ուրախ օրեր, հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղ՝ չքնաղ բնության մեջ, հեքիաթների կախարդիչ աշխարհ: Այսպես է անցել մանուկների առօրյան: Երբեմն Հովհաննեսը արածեցնելու էր տանում իրենց եզներին, բայց ներշնչված բնության գեղեցկություններով՝ մոռանում էր ամեն ինչ, մնում իր մտքերի հետ, իսկ անասունները արածելով գնում հեռանում էին նրանից ու կորչում: Շատ ուշ, երբ մութն ընկնում էր, սթափվում էր նա իր երազներից, հիշում եզներին ու դատարկ վազում տուն…

Նրա մեջ սերը դեպի բնությունը, դեպի խաղերն ու ազատ թափառումը շատ ուժեղ է եղել: նա միշտ նախընտրել է բնության մեջ ազատ կյանքն ու երազանքը, ազատ ժամանցն ու զբոսանքը իր ընկերների հետ: «Մի խումբ երեխաներ էինք: Գյուղացի երեխաներ: Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն, ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ինչքան էինք խաղում: Ու ո՜նց էինք իրար սիրում, ոնց էինք իրար սովորել: Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում»:

Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: 1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլուի (այժմ՝ Ստեփանավան) նորաբաց դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:

Երկրորդ դասարանից Թումանյանը սկսում է ինքնուրույն ոտանավորներ գրել: Ապագա բանաստեղծը սիրահարվում է դպրոցի տեսուչի  դստերը` Վերգինեին, որի այն խոսքին. «չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր» ոտանավորով (1881 թ.):

Հոգուս հատոր
Սրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի

Մի պատանի
Սերը սրտում
Դաս է սերտում։

1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Սկսվում է Թումանյանի ստեղծագործական վերելքը: 1886թ.-ին գրում է «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականները», 1887թ.-ին՝ «Գութանի երգը», «Հին օրհնություն» բանաստեղծությունները և «Մարոն» պոեմը: 1890թ.-ին տպագրվում է Թումանյանի առաջին գիրքը, 1892թ.-ին՝ երկրորդը: Շուտով Թումանյանը դառնում է հայ գրական կյանքի կենտրոնական դեմքը:

1899 թ.-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և շատ այլ հայտնի արվեստագետներ:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը:  1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին:

Թումանյանի վերջին զրույցներում, որ գրի է առել դուստրը՝ Նվարդ Թումանյանը, ամենից խորունկ հնչում է ստեղծագործելու անհագ ցանկությունը. «Խանգարեցին, չթողեցին մարդ նստի, իր գործով կենա: Ի՜նչ եմ գրել մինչև հիմա- մի քանի տող բան , էն էլ վռազ, ոտի վրա… Գարունքի հետ, որ աչքերս բացվեն, ինչե՜ր եմ թափելու, հեքիաթների, լեգենդների հեղեղ»: Բայց հարուստ հոգու այն գանձերը, բարությունն ու սերը, որ նա իր հանճարեղ արվեստով նվիրեց աշխարհին, արդեն դարձան «անհաս Արարատը մեր նոր քերթության», և ինքը համազգային ու համամարդկային բարձունքների հասավ և համաշխարհային նոր ճանաչում բերեց հայ գրականությանը:

«Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն:
Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձրունքից այն կողմ չի անցել…»:

Ավետիք Իսահակյան


Like it? Share with your friends!

18 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։