ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ


56 shares

«Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծություններով կարելի է հասկանալ իրական պոեզիան, բարության պոեզիան»:

Լևոն Անանյան

Լիպարիտ Սարգսյանը շա՜տ սիրված բանաստեղծ-արձակագիր է, ով հայտնի է մանուկների համար գրված մի շարք ստեղծագործություններով: Ծնվել է 1938 թվականին Գուգարք շրջանի Վահագնի գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտի  պատմալեզվագրական ֆակուլտետը: 1977 թվականին սկսել է աշխատել  «Սովետական գրող» հրատարակչությունում: Դեռևս վաղ տարիքից նա հետաքրքված է եղել գրականությամբ և շա՜տ է սիրել ընթերցել, ինչն էլ, երևի մեծ ազդեցություն է ունեցել գրող դառնալու հարցում:

Լոռվա Վահագնի գյուղից թղթակցում էր թերթերին դեռևս միջին դասարաններում սովորելու տարիներին: Իսկ 7-րդ դասարանում արդեն սկսել են տպագրվել նրա առաջին բանաստեղծությունները: «Նրա գրականությունը բարի է, մեղմ ու հանդուրժող, փայփայող ու միշտ ներող»,– բնութագրում է նրա ստեղծագործությունը բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: Եվ իսկապես Լիպարիտ Սարգսյանի ստեղծագործություններն  աչքի են ընկնում յուրահատուկ ձեռագրով և անսահմա՜ն բարությամբ: Նա գրում է հայրենի բնության և մարդու բարեկամության մասին:

«Ես երիտասարդ տարիքում գրում էի, սակայն եղավ մի պահ, որ ընդմիջեցի, իսկ շարունակեցի նոր ոգևորությամբ գրել, երբ արդեն երեխաներ, ապա նաև թոռնիկներ ունեցա: Երևի բանաստեղծություներիս մեծ մասը երեխաներիս ու թոռներիս ծլվլոցից եմ վերցնում»,- մի առիթով նշել է Լիպարիտ Սարգսյանը:

Ինքը լավ հայր և պապիկ լինելով՝ երբեք չի մոռացել ծնողների մասին: Վերջերս մի հոդված է գրել «Կանչ» թերթի համար, որտեղ հիշում է.  «Երբ ես փոքր տղա էի ու հորս դաշտում օգնելուց հետո նրա հետ գործից հոգնած, չարչարված վերադառնում էի, փորձեցի նստել մի տեղ հանգստանալու համար: Դեռ չէի նստել, երբ հայրս ինձ ասաց.
-Վե՛ր կաց, վե՛ր կաց:
Ասացի՝ ի՞նչ է եղել:
Եվ տեսա` հեռվից մեր գյուղի ուսուցիչներից մեկն է գալիս:
Հայրս, որ մեծ գրագիտության տեր մարդ չէր, բանվոր մարդ էր, ասաց.
-Հիշի՛ր, տղաս, ուսուցչին պետք է միշտ ոտքի կանգնած դիմավորել…»:

«Մեր հասարակությունը պետք է լավ զավակներ շատ ունենա: Մենք փոքր տարածքի ժողովուրդ ենք, և հպարտանալու ոչ մի մեծ բան չունենք. ո՛չ զենք, ո՛չ տարածքներ, ո՛չ արտադրության միջոցներ, մենք ուրախանում և հպարտանում ենք մեր մտքի հզորությամբ, իսկ մտքի հզորությունը ծնվում է դպրոցներում»,- հենց այս համոզմունքով էլ մանկագիրը հաճախ է դպրոցներ այցելում և շփվում աշակերտների հետ, չէ՞ որ նա շա՜տ բան ունի տալու նրանց: Դե իսկ աշակերտներն էլ միշտ մեծ ոգևորությամբ սպասում և դիմավորում են նրան:

Լիպարիտ Սարգսյանը միշտ էլ շատ է կարևորել կրթությունը: Նա անհանգստանում է, որ միջին տարիքի երեխաների համար բավականաչափ գրականություն չկա: Իսկ ինքն ամեն ինչ անում է այդ բացը լրացնելու համար: Միայն թե  այսօր դժվար է նոր գրքեր հրատարակելը: Իսկ ահա խորհրդային տարիներին մեկը մյուսի հետևից հրատարակվում էին իր ժողովածուները. «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983) և այլն:

Մանկական գրականության համար կատարած իր ահա այս մեծ աշխատանքի համար Լիպարիտ Սարգսյանը նաև պարգևատրվել է հուշամեդալով և մինչև այսօր  վայելում է մանուկների մե՜ծ սերն ու հարգանքը …

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

56 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։