ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՀԵՔԻԱԹ


4 shares

Երբ ուսուցիչները հերթական շարադրությունն են հանձնարարում, շատ երեխաների դեմքն այնպիսի արտահայտություն է ստանում, ասես հենց նոր թթու լիմոն են կերել:

Բայց շարադրություն գրելը, փոքրիկ պատմություն հորինելը կարող են շատ ուրախ զբաղմունք դառնալ, եթե այդ ամենին մոտենաս հաճույքով: Այդ դեպքում քո փոքրիկ աշխատանքները կարող են դպրոցական նստարանից էլ ավելի վեր բարձրանալ ու դառնալ պատմվածքներ ու հեքիաթներ, որոնք հետաքրքրությամբ կկարդա ոչ միայն քո ուսուցչուհին, այլև շատ այլ ընթերցողներ: Եթե այդ միտքը քեզ դուր եկավ, ապա ոչինչ չի խանգարում քեզ փորձել: Այս խորհուրդներն էլ կարծում ենք քեզ պետք կգան:

Ամենից առաջ մեզ հարկավոր է առաջին և կարևորագույն բաղադրիչը՝ անկեղծությունը: Եթե ուզում ես, որ քո պատմությունը հաճույքով ընթերցեն, հուզվեն ու անգամ լաց լինեն, միայն մեկ ճանապարհ ունես՝ անկեղծությունը: Երբեք մի ամաչիր անկեղծ լինել: Ընթերցողը դա անպայման կգնահատի:

Գրիր միայն այն, ինչին ինքդ հավատում ես: Եթե հեքիաթ ես գրում, ապա մտովի հայտնվիր հեքիաթի մեջ ու հավատա, որ արքայադստեր համբույրից գորտը կարող է արքայազն դառնալ, որ Ձմեռ պապիկը կարող է «լռվել» ծխնելույզի մեջ, որ երկնքից իսկապես երեք խնձոր է ընկնում ու ինչ-որ մեկը հաջողացնում է բռնել այն ու ուտել, և այլն, և այլն… Հեքիաթներ ստեղծող մարդիկ հավատում են հրաշքների, չէ՞ որ հեքիաթներն էլ հենց փոքրիկ հրաշքներ են:

Բայց եթե չգիտես, թե որտեղից է պետք սկսել, ապա հարկավոր է նախ ծանոթանալ այն ամենի հետ, ինչ մարդիկ ստեղծել են քեզնից առաջ: Հիշիր, որքան շատ գրքեր դու ընթերցես, այնքան շատ գիտելիքներ ձեռք կբերես, այնքան կզարգանա քո մտածելակերպը ու այնքան ավելի լավ կճանաչես աշխարհը: Կտեսնես, թե մինչև ուր կարող է հասցնել հեքիաթագիրներին իրենց երևակայությունը…

Եվ քանի դեռ դու ընթերցում ես նրանց գրքերը, քո երևակայությունն  էլ հեղինակի հետ թռչում է հեռու-հեռուներ, հայտնաբերում նոր հեքիաթային աշխարհներ… Երբեմն գրքերը քեզ կարող են այնպես ոգեշնչել, որ ինքդ անմիջապես թուղթ ու գրիչ վերցնես ու գրես մի հետաքրքիր պատմություն:

Teenage girl doing homework
Teenage girl doing homework

Իսկ այստեղ հաջորդ կարևոր խորհուրդն է պետք հիշել, ոչ մի դեպքում չի կարելի կրկնել այն, ինչ արդեն ստեղծված է, դա կոչվում է գրագողություն և շատ դատապարտելի է: Եվ հետո, չէ՞ որ դու այդպես ոչ մի նոր բան չես գրի, ընդամենը կկրկնես և ոչ ոք չի հիանա քո ստեղծագործությամբ:

Գրքեր ընթերցելը քեզ նաև կսովորեցնի, թե ինչպես է հարկավոր գեղեցիկ կառուցել խոսքը և ինչպես գրագետ շարադրել: Հեքիաթների աշխարհ վստահ մուտք գործելու համար դու կարող ես ծանոթանալ այս հրաշալի հեքիաթագիրների հետ՝ Հանս Քրիստիան Անդերսեն, Լուիս Քերոլ, Օսկար Ուայլդ, Ալեքսանդր Միլն, Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Գրիմ եղբայրներ, Շառլ Պերրո… Նրանց հեքիաթները մեկը մեկից լավ են, և եթե դու իսկապես ուզում ես գեղեցիկ գրել ու գրել հեքիաթներ, ապա նրանք քեզ անպայման ցույց կտան ճիշտ ճանապարհը…

Համարձակ եղիր, արա քո գրական առաջին փորձերը ու ցույց տուր մտերիմներիդ: Նրանց քաջալերանքը կարող է օգնել քեզ: Եվ ամենակարևորը չմոռոնաս դրանք ցույց տալ նաև մեզ… Ուղարկիր ստեղծագործություններդ info@mocak.am էլեկտրոնային հասցեին… Սիրով սպասում ենք…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։