ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ


2 shares
Օլիմպիական արջուկ

1980 թվականին 22-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու էին Ռուսաստանում: Խաղերին այնտեղ դեռ մի քանի տարի առաջ էին պատրաստվում ու որոշեցին ստեղծել խաղերի խորհրդանիշ կենդանու կերպար: Այն պետք է մարմնավորեր մասնակիցների ուժն ու հզորությունը և միաժամանակ լիներ բարի ու հյուրընկալ՝ տանտերերի պես:

Հեռուստադիտողներին առաջարկվեց որոշել, թե ինչ կենդանու նրանք կցանկանային տեսնել այդ դերում: Ներկայացված տարբերակներն էին՝ հյուսիսային եղջերուն, ծովառյուծը, կզաքիսը, եղնիկը և արջը: Մեծամասնությունն ընտեց «արջ» տարբերակը: Մնում էր միայն պատկերել այդ արջին այնպես, որ սիրվեր բոլորի կողմից և արժանի լիներ Օլիմպիական խաղերի խորհրդանիշ համարվելուն:

Հայտարարվեց Օլիմպիական արջին նկարելու մրցույթ: Հանձնաժողովն ավելի քան 40 000 հայտ ստացավ, սակայն նրանցից ոչ մեկն էլ այն արջուկը չէր, որին փնտրում էին իրենք: Դա իսկական ռուսական արջուկ պետք է լիներ, չլիներ ագրեսիվ, բայց կարողանար պաշտպանել իրեն, երբ հարկ լիներ:

Հենց այս հատկանիշներով արջուկ փորձեց պատկերել նկարիչ Վիկտոր Չիժիկովը: Նա իր արջուկին ժպտացող պատկերեց, դրա համար նրա մռութիկը ներկեց սպիտակ գույնով, չնայած բնության մեջ այդպիսի արջեր գոյություն չունեն: Իսկ Կենդանաբանական այգու աշխատակիցները որոշեցին, որ այս արջուկն ուղիղ 3 ամսական է: Արջուկին կոչեցին Միշա, որը ավանդական անուն է ռուսական արջուկների, ինչպես նաև Միխայիլ անունով տղամարդկանց համար համար: Միշան ընտրվեց միաձայն…

Նա անմիջապես մեծ ճանաչում գտավ, նրան սիրեցին բոլորը՝ թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Նկարիչ Չիժիկովին գրում էին ողջ աշխարհից: Սվիդվենա քաղաքի դպրոցականների հետ, օրինակ, Չիժիկովը նամակագրական կապ պահպանեց 5 տարի, մինչև երեխաներն ավարտեցին դպրոցը: Նկարիչը նրանց տարբեր գրքեր էր ուղարկում, Միշայի նոր նկարները և այլն: Նկարչին ԱՄՆ-ից գրել էր նաև մի փոքրիկ աղջիկ՝ Ջենիֆեր անունով: Ջենիֆերը հավաքել էր 10 դոլար և ուղարկել դրանք Չիժիկովին՝ խնդրելով իրեն ուղարկել արջուկի նկարը:

Այսպիսի հաջողված կերպար ստեղծելու համար Վիկտոր Չիժիկովը կարող էր միլիոնատեր դառնալ. ըստ հեղինակային իրավունքների մասին օրենքի՝ նա պետք է ստանար Միշա արջուկի պատկերով յուրաքանչյուր խաղալիքի, նկարի, ծրարի վաճառքից ստացված գումարի մի մասը: Սակայն երբ նա գնաց իր հոնորարը ստանալու, Օլիմպիական հանձնաժողովի անդամները սեղմեցին նրա ձեռքն ու հայտնեցին, որ սիրով պատրաստ են վճարել նրան 250 ռուբլի: Երբ Չիժիկովը փորձեց առարկել, նրան հայտնեցին, որ ճիշտ այդքան հոնորար է նախատեսված 20×30 չափի նկարի համար, իսկ հեղինակային իրավունքներ Չիժիկովը չունի. նկարի հեղինակը խորհրդային ժողովուրդն է, ով ընտրել է այս նկարը քվեարկության արդյունքում:

Օլիմպիական արջուկ

Նկարչին ստիպեցին ստորագրել փաստաթուղթ, որով ինքը հրաժարվում էր նկարի հանդեպ բոլոր հեղինակային իրավունքներից, վճարեցին 2000 ռուբլի և հրաժեշտ տվեցին: Իսկ Օլիմպիական խաղերի ժամանակ երկրպագուները արցունքներն աչքերին ճանապարհ դրեցին իրենց սիրելի արջուկին դեպի «խորհրդավոր անտառ»: Միշան դարձավ ազգային հերոս:

Խաղերի ժամանակ Միշան պետք է փուչիկներով վեր բարձրանար ու թռչեր: Այն ժամանակ դա շատ դժվար էր իրականացնել, և մի ինժեներ՝ Տռուսով ազգանունով, առաջարկեց, որ Միշայի հագուստի մեջ մարդ մտնի և իրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նա հանդես եկավ որպես կամավոր, հագավ հսկայական հագուստը և փուչիկների հետ օդ բարձրացավ: Տռուսովին այլևս չտեսան: Ոմանք ասում են, թե նա մահացավ, իսկ ոմանք էլ՝ թե փախուստի դիմեց արտասահման:

Երկար ու դժվար փորձերից հետո Միշան այնուամենայնիվ օդ բարձրացավ խաղերի ժամանակ, միայն թե հետո նրան այդպես էլ չկարողացան գտնել: Նրա խորհրդավոր վայրէջքի մասին մինչև հիմա էլ լեգենդներ են պտտվում: Անցել է ավելի քան 30 տարի, բայց բարեհոգի ու անչափ հմայիչ Միշային բոլորը մինչև այսօր մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Միայն թե ցավոք ոչ ոքի մտքով անգամ չի անցնում վերադարձնել Միշայի «հայրիկին»՝ նկարիչ Վիկտոր Չիժիկովին հեղինակային իրավունքները: Այ այդ ժամանակ էլ Միշան երևի վայրէջք կկատարի…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։