ԵՐԿՐԻ ԺԱՄԸ


Երկրի ժամը

Երկիր մոլորակն ապրում էր շատ հանգիստ ու փայլում էր մաքրությամբ… մինչև մարդկության ի հայտ գալը: Ինչու՞. դե որովհետև մենք հայտնվեցինք, թե չէ, սկսեցինք աղտոտել, աղմկել ու փչացնել ամեն ինչ: Նույնիսկ 2003 թվականի հետազոտությունից հետո գիտնականները եկան այն եզրակացության, որ բնակչության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա այնքան է աճել, որ 2050 թվականին մարդկությանը ևս մեկ մոլորակ պետք կգա իրենց պահանջները հոգալու համար:

Մեզնից և ոչ ոք երբեք չի մտածում խե՜ղճ Երկիր մոլորակի մասին, բայց չէ՞ որ հենց նա է մեր առաջին ու անչա՜փ մեծ տունը: Իսկ տունը պետք է մաքրել, խնայել ու սիրել: 2007 թվականին հենց այս գաղափարի շուրջ համախմբվեցին Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի բնակիչները: Նրանք որոշեցին մեկ ժամով անջատել ամբողջ քաղաքի լույսերը՝ այն հռչակելով Երկրի ժամ: Այդպիսով նրանք գոնե մի քիչ կնպաստեին Երկրի առողջությանը: Ընդամենը մեկ տարի անց նրանց միացավ ևս 100 միլիոն մարդ 35 երկրից: Այս ամենից հետո այն ավելի ու ավելի լայն տարածում գտավ և, օրինակ, 2011 թվականին այս բնապահպանական ակցիային միացավ ավելի քան 2 միլիարդ մարդ՝135 երկրից:

Երկրի ժամը դարձավ համաշխարհային բնապահպանական մի ակցիա, որն անկացվում է ամեն տարի մարտ ամսվա վերջին կամ նախավերջին շաբաթ օրը: Այս տարի՝ 2013-ին, այն անցկացվելու է մարտի 23-ին: Հենց այսօր ամբողջ աշխարհը ժամը 20:30-ից սկսած մեկ ժամով անջատելու է լույսերն ու էներգիա խլող ցանկացած բան (սառնարան, հեռուստացույց և այլն)՝ նշելով Երկրի ժամը: Անջատելով լույսերը գոնե մեկ ժամով՝ մենք կպաշտպանենք մեր շրջակա միջավայրը՝ այդպես պաշտպանելով նաև ինքներս մեզ:

Իմիջայլոց, այսօրվա տվյալներով, Երկրի ժամը մարդկանց պատմության մեջ ամենալայն տարածում գտած ակցիան է:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։