ՓՈՔՐԻԿ ՄՈՆԵՆ


Փոքրիկ Մոնեն

Նկարել շատերն են սիրում: Մեկի մոտ դա ստացվում է լավ, մյուսի մոտ այնքան էլ չէ: Իսկ որոշ փոքրիկներ կարողանում են նկարել ճիշտ այնպես, ինչպես տաղանդավոր և փորձառու նկարիչները: Այդպիսի մի տաղանդավոր տղա ապրում է Անգլիայի Նորֆոլկ քաղաքում: Նրան կոչում են Կիրոն Ուիլյամսոն: Կիրոնն այժմ 9 տարեկան է:

Փոքրիկ Մոնեն

Երբ նա դեռ 5 տարեկան էր, ծնողները մի անգամ նրա համար նկարչական ալբոմ գնեցին, հենց այնպես, խզբզելու համար: Միայն թե Կիրոնը ոչ թե խզբզեց, այլ հրաշալի բնապատկերներ նկարեց ալբոմի էջերին ու զարմացրեց բոլորին: Սկզբում Կիրոնն այնքան էլ չէր սիրում նկարել, բոլոր երեխաների պես ուզում էր վազվզել ու խաղալ բակում:

Փոքրիկ Մոնեն

Բայց ամեն ինչ փոխվեց մի օր, երբ Կիրոնն ընտանիքի հետ ուղևորության մեկնեց Կորնուոլ քաղաքը: Այստեղ նա տեսավ ծովափին կանգնած նավակները: Դրանք այնքան դուր եկան Կիրոնին, որ նա կրկին սկսեց նկարել: Այդ օրվանից նա ավելի ու ավելի շատ էր նկարում: Հիմա նա արթնանում է առավոտյան ժամը 6-ին, նկարում է, հետո գնում է դպրոց և վերադառնալուն պես կրկին սկսում նկարել: Նա նկարում է ջրաներկով, ակրիլով և յուղաներկով:

Փոքրիկ Մոնեն

Այժմ Կիրոնի նկարները վաճառվում են ցուցահանդեսներում և աճուրդներում մի քանի հազար դոլարով: Իսկ մեկ շաբաթվա ընթացքում Կիրոնը հասցնում է նկարել – 5-6 նկար: Այդ նկարներից մի քանիսն էլ ներկայացնում ենք նաև քեզ:Թեև Կիրոնի հրաշալի տաղանդը բնածին էր, բայց  նրա կյանքում մեծ դեր են խաղացել նաև ուսուցիչները՝ նկարիչներ Բրայան Ռայդերը և Տոնի Գարները:

Փոքրիկ Մոնեն

Փոքրիկ Կիրոնի նկարների ոճը հիշեցնում է իմպրեսիոնիզմ կոչվող գեղարվեստական ոճը: Այս ուղղության նկարիչները նկարում էին այն, ինչ տեսնում էին իրենց շուրջը և այն, ինչ շատ ուժգին տպավորում էր նրանց: Այս ուղղության հիմնադիրներից մեկը նշանավոր ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն էր, և հենց նրա անունով էլ այժմ կոչում են Կիրոնին՝ փոքրիկ Մոնե:

Փոքրիկ Մոնեն

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։