ԱՅՍՕՐ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է


Մինաս Ավետիսյան

1928 թվականին, հենց այս օրը, լույս աշխարհ եկավ մարդ-արվեստը: Այո, ես ցանկացա նրան այդպես կոչել… Դարբին Ավոյի և կարսեցի քահանայի դուստր Սոֆոյի շնորհիվ է, որ մենք ունեցանք Մինաս Ավետիսյանին, ով այս տարի կդառնար 84 տարեկան և կշարունակեր զարմացնել իր նորարարական արվեստով…

Նրա համադասարանցի Շուրա Տոնոյանը պատմում է. ‹‹Տունը, ուր 1928 թվականին ծնվել է Մինասը, գյուղում հայտնի է որպես Ավո Կարապետենց տուն:

Նրանց ընտանիքն ապրել է այդտեղ մինչև 1988 թիվը: Այժմ այն լքված է ու չի խնամվում, սակայն մեզ համար սրբավայր է համարվում, չէ՞ որ այն Մյասնիկին ու մեր մանկությունն է հիշեցնում››: Մինաս Ավետիսյանին իր մտերիմներն այդպես էին անվանում, թե ինչու, պարզ չէ…

Մինաս Ավետիսյան

Ջաջուռում միշտ ավելի մեծ շուքով են տոնում նրա տարեդարձը, որովհետև դա Մինասի ծննդավայրն է եղել: Ջաջուռի աշխարհը նրա ամենամեծ մուսան էր, նա այն տեսնում էր բազմերանգ, պայծառ գույներով և այդպես էլ պատկերում:

Դեռ պատանի հասակից հետաքրքրվել է Սարյանի արվեստով և բախտ ունեցել 18 տարեկանում ծանոթանալ նրա հետ: Հետո ավելի կատարելագործվել և զարգացել է՝ ծանոթանալով հայկական մանրանկարչությանն ու իտալական վերածննդի նկարչությանը:

Ուսանել է Փանոս Փերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետո՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Րեպինի անվան գեղարվեստի ակադեմիա: Իր կյանքի երկար տարիները նվիրելով ուսմանը՝ Մինասն անցել է գործի՝ հետաքրքրվելով և անդրադառնալով նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն և այլն: Երևի հենց այդ հետաքրքրասիրության շնորհիվ էլ իր նկարներում օգտագործվող գույները կտրուկ հակադիր են:

Մինաս Ավետիսյան

Նրա հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի, որի ընթացքում էլ ստեղծվել են մոտ 500 մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, մեկ տասնյակից ավելի թատերական ու բալետային ձևավորումներ… Սակայն 1972 թվականին Մինասի արվեստանոցում հրդեհ  բռնկվեց՝ այրելով այնտեղ գտնվող մոտ 300 աշխատանք: Բայց հուսահատությունը նրան չհաղթեց, որովհետև այդ ժամանակ իր կողքին էին  նկարչուհի կինը՝ Գայանեն և երկու որդիները՝ Արմանն ու Նարեկը, ով ևս նկարիչ է:

Իսկ այ 1975 թվականին ընտանիքը չկարողացավ ոչնչով օգնել Մինասին. նա ավտովթարի ենթարկվեց և գիտակցության չգալով՝ մահացավ:

Մահից տարիներ հետո՝ 1982-ին հայրենի գյուղում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը: Որը, սակայն,  1988 թվի երկրաշաժից ամբողջությամբ ավերվելով՝ վերաբացվեց 2005-ին: Եվ այսօր մենք հնարավորոթյուն ունենք այցելել այնտեղ և ծանոթանալ Մինասի բնավորությանը… Նրա կտավները հենց նրա բնավորությունն  են…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

log in

reset password

Back to
log in