Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկ աստղ: Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:

Տարեցտարի Աստղամանուկն ավելի ու ավելի էր գեղեցկանում, և գյուղի բնակիչները հիանում էին նրանով: Գյուղացիները  թուխ էին և սևահեր, իսկ Աստղամանուկի դեմքը նուրբ էր ու փղոսկրի պես ճերմակ, մազերն էլ ոսկեգանգուր էին: Շուրթերը ալ ծաղկի թերթեր էին, աչքերը` զուլալ առվակի կողքին բուսած մանուշակներ: Բայց Աստղամանուկի գեղեցկությունը դարձավ չարիքի աղբյուր. նա մեծանում էր գոռոզ, դաժան և եսամոլ: Փայտահատի և գյուղի մյուս երեխաներին նա ատում և արհամարհում էր` ասելով, թե նրանք ստոր ծագում ունեն, մինչդեռ ինքը ազնվական է, քանի որ Աստղի ծնունդ է:Մի օր այդ գյուղով մի խեղճ, աղքատ կին էր անցնում: Նա ցնցոտիների մեջ էր, իսկ ոտքերը քարքարոտ ճանապարհից արյունոտվել էին:

Հենց որ Աստղամանուկը տեսավ նրան, ընկերներին ասաց.

– Տեսե°ք: Այս գեղեցիկ, կանաչ սաղարթով ծառի տակª գույնզգույն ծաղիկների մեջ, մի կեղտոտ կին է նստել: Եկեք քշենք նրան, քանի որ տգեղ ու զզվելի է:

Այս ասելով` սկսեց ծաղրել և քարեր նետել նրա վրա: Փայտահատը մոտ վազեց և սկսեց կշտամբել Աստղամանուկին.

– Դու իսկապես քարսիրտ ես: Ի±նչ է արել քեզ այս խեղճ կինը, որ քարկոծում ես:

Այդժամ Աստղամանուկը բարկությունից շառագունեց, ոտքը գետին զարկեց և ասաց.

– Իսկ ո՞վ ես դու, որ ինձ սովորեցում ես, թե ի°նչ անեմ: Ես քո որդին չեմ և պարտավոր չեմ քեզ ենթարկվելու:

– Ճշմարիտ է, – պատասխանեց փայտահատը, – բայց չէ՞ որ ես խղճացի քեզ ու փրկեցի, երբ գտա անտառում:

Այս խոսքերը լսելուն պես թշվառ կինը բարձր ճիչ արձակեց և ուշաթափվեց: Փայտահատն ու նրա կինը խնամեցին աղքատին, ուշքի բերեցին, հաց և ջուր առաջարկեցին, բայց նա հրաժարվեց ուտելուց, միայն խնդրեց, որ փայտահատը մանրամասն պատմի, թե ինչպե°ս է գտել երեխային:

– Դա ուղիղ տասը տարի առաջ էր,- հառաչեց կինը:

– Այո,- արձագանքեց փայտահատը:

– Վզին կրում էր սաթե  մանյակ և փաթաթված էր աստղերով ասեղնագործված ոսկե թիկնոցի մեջ,- շարունակեց կինը:

Փայտահատն իսկույն սնդուկից հանեց և ցույց տվեց մանյակն ու թիկնոցը: Կինը սկսեց հեկեկալ և ասաց.

– Այդ տղան իմ որդին է, որին ես կորցրել եմ անտառում: Նրան գտնելու հույսով ես թափառել եմ աշխարհեաշխարհ:

Սակայն Աստղամանուկը սառնությամբ ու արհամարհանքով ասաց.

– Եթե ճշմարիտ է, որ դու իմ մայրն ես, ապա ավելի լավ կլիներ, չգայիր և չանարգեիր ինձ, որովհետև ես կարծում էի, թե աստղերն են իմ ծնողները և ոչ թե մի մուրացիկ: Կորի°ր այստեղից, որպեսզի քեզ այլևս երբեք չտեսնեմ:

– Ավա՜ղ, որդի՛ս,- գոչեց կինը,- մի՞թե դու ինձ չես համբուրի բաժանումից առաջ: Չէ՞ որ ես շատ եմ տառապել քեզ գտնելու համար:

– Ո՛չ, ո՛չ,- գոռաց Աստղամանուկը: – Ես ավելի շուտ իժ ու դոդոշ կհամբուրեմ, քան քեզ:

Կինը ոտքի ելավ և դառնաղի արցունք թափելով` անհետացավ անտառում: Աստղամանուկը վազեց ընկերների մոտ` խաղալու: Բայց ընկերները սկսեցին ծաղրել նրան.

– Դու գարշելի տեսք ունես, մենք չենք ուզում խաղալ քեզ հետ:

Աստղամանուկը վազեց ջրհորի մոտ, նայեց ջրի մեջ և տեսավ, որ ինքը վերածվել է մի գարշելի ճիվաղի. ամբողջ մարմինը թեփուկապատ էր, իսկ դեմքը դոդոշի էր: Նա նետվեց խոտերի մեջ, դառնորեն լաց եղավ և ասաց ինքն իրեն.

– Անշուշտ,  սա իմ մեղքի հետևանքն է: Չէ՞ որ ես ուրացա մորս, արհամարհեցի և վռնդեցի նրան, գոռոզամիտ եղա և դաժան վարվեցի նրա հետ: Այժմ ես նրան պիտի փնտրեմ աշխարհով մեկ: Եվ մինչև չգտնեմ, չեմ հանգստանա:

Նա վազեց անտառ և սկսեց կանչել մորը, բայց  ապարդյուն: Առավոտից մինչև երեկո փնտրեց և ձայն տվեց մորը, բայց պատասխան չստացավ: Հետո պառկեց ու քնեց տերևների կույտի վրա, և բոլոր թռչուններն ու կենդանիները, որ լավ էին հիշում նրա դաժան արարքները, լքեցին նրան:Առավոտյան Աստղամանուկը ոտքի ելավ, մի քանի դառը պտուղներ պոկեց ծառից ու կերավ, հետո, աղի արտասուք թափելով, ճանապարհը շարունակեց անանցանելի անտառով: Եվ բոլորին, ում պատահում էր, հարցնում էր, թե չե՞ն տեսել իր մորը: Նա հարցրեց խլուրդին: Եվ խլուրդը վրդովված պատասխանեց.

– Դու կուրացրել ես ինձ, հանել ես աչքերս. ինչպե՞ս կարող էի նրան տեսնել:

Աստղամանուկը հարցրեց կանեփահավին: Վերջինս նրան պատասխանեց.

– Քո հաճույքի համար դու իմ թևերի փետուրները հանել ես. ես թռչել չեմ կարողանում:

Աստղամանուկը գլուխը կախեց, լաց եղավ, ներողություն խնդրեց Աստծո բոլոր արարածներից և շարունակեց խորանալ անտառում` փնտրելով մուրացկան կնոջը: Երեք տարի անընդմեջ Աստղամանուկը թափառեց աշխարհով մեկ ու ոչ մի տեղ ո՛չ սեր տեսավ, ո՛չ գութ, ո՛չ կարեկցանք: Դա իր դժնի վարքի պատասխանն էր:

Մի երեկո Աստղամանուկը մոտեցավ գետափնյա քաղաքի դարպասին և փորձեց քաղաք մտնել: Բայց պահապանները փակեցին նրա ճամփան և ներս չթողեցին: Ավելին, սկսեցին ծաղրել և անարգել նրան տգեղ արտաքինի պատճառով: Այդ պահին նրանց կողքով մի այլանդակ ծերուկ էր անցնում, նա բռնեց Աստղամանուկի թևը և տարավ իր հետ: Ծերուկը մի չար կախարդ էր: Նա տղային զնդան նետեց, մի կտոր չոր հաց և մի բաժակ աղի ջուր տվեց: Իսկ առավոտյան նրան ասաց.

 – Գնա՛ անտառ և բե՛ր այնտեղ թաքցրած երեք ոսկեդրամներից մեկը, որը սպիտակ ոսկուց է: Իսկ եթե չբերես, մտրակի հարյուր հարված կուտես փորիդ: Շտապի՛ր,  մայրամուտին քեզ կսպասեմ պարտեզի դռնակի մոտ:

Աստղամանուկը դուրս եկավ քաղաքային դարպասից և գնաց այն անտառը, որի մասին ասել էր կախարդը:Հեռվից անտառը շատ գեղեցիկ էր, և նա ուրախ-ուրախ խորացավ անտառում: Բայց տղան անտառի գեղեցկությունը այդպես էլ չվայելեց. ուր էլ ոտք էր դնում, գետնի տակից փշոտ թփեր էին ելնում ու ծակծկում նրան, իսկ եղինջն այրում էր ոտքերը: Տատասկը դաշույնի պես իր սուր փշերով խրվում էր Աստղամանուկի մարմինը: Իսկ որ ամենակարևորն էր, նա չէր կարողանում գտնել ոսկեդրամը: Արևն արդեն մայր էր մտնում, երբ Աստ-ղամանուկը, դառն արցունք թափելով, բռնեց տունդարձի ճանապարհը. գիտեր, որ այնտեղ իրեն է սպասում կախարդի մտրակը: Երբ նա անտառի եզրին էր հասել, հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսեց. ինչ-որ մեկը տանջվում և օգնություն էր խնդրում: Մոռանալով սեփական վիշտը` Աստղամանուկը վազեց անտառ ու տեսավ որսորդի թակարդն ընկած մի նապաստակ:  Աստղամանուկը խղճաց նապաստակին, նրան ազատ արձակեց և ասաց.

– Ես էլ ընդամենը մի ստրուկ եմ, բայց կարող եմ քեզ ազատություն պարգևել:

Նապաստակը այսպես պատասխանեց նրան.

– Իրոք, դու ինձ ազատություն պարգևեցիր, իսկ ես ի՞նչ կարող եմ անել դրա դիմաց:

– Ես սպիտակ ոսկեդրամ եմ փնտրում, եթե չգտնեմ, տերս ինձ կծեծի:

– Հետևի՛ր ինձ,- ասաց նապաստակը,- ես քեզ կտանեմ այնտեղ, ուր պետք է, քանի որ գիտեմ` որտե°ղ և ինչո°ւ է թաքնված այդ ոսկին:

Աստղամանուկը հետևեց նապաստակին և, ո՞վ զարմանք, մի հսկայական կաղնու փչակում նա տեսավ իր փնտրած ոսկեդրամը: Տղան անչափ ուրախացավ և ասաց նապաստակին.

– Ծառայությանը, որ քեզ մատուցեցի, դու հատուցեցիր բազմապատիկ, իսկ իմ բարությանը պատասխանեցիր հարյուրապատիկ:

– Ո՛չ,- առարկեց նապաստակը,-  ես քեզ վերաբերվեցի այնպես, ինչպես դու ինձ:

Քաղաքի դարպասի մոտ մի բորոտ ծերունի էր նստած: Հենց տեսավ Աստղամանուկին, թափահարեց ձեռքի փայտե ամանը, հնչեցրեց զանգակը և ասաց.

– Մի քիչ փո՛ղ ողորմիր, տղա՛, այլապես ես սովից կմեռնեմ, քանի որ վտարված եմ քաղաքից, և չկա մեկը, որ խղճա ինձ:

Բորոտն այնքան  աղաչեց,  պաղատեց, արցունք թափեց, որ Աստղամանուկը խղճահարվեց և նրան տվեց ոսկեդրամը:

Տղան վերադարձավ կախարդ ծերուկի մոտ:

– Բերեցի՞ր սպիտակ ոսկեդրամը:

– Ո՛չ, չբերեցի,- պատասխանեց Աստղամանուկը:

Այդ ժամանակ կախարդը հարձակվեց տղայի վրա, ծեծեց նրան, առանց հաց ու ջուր տալու նորից զնդան նետեց: Իսկ առավոտյան եկավ և ասաց.

– Եթե այսօր չբերես դեղին ոսկեդրամը, մտրակի երեք հարյուր հարված կստանաս և իմ ստրուկը կմնաս մշտապես:

Եվ Աստղամանուկը ճամփա ընկավ անտառ, ամբողջ օրը փնտրեց դեղին ոսկեդրամը, բայց չկարողացավ գտնել: Իսկ երբ արևը մայր էր մտնում, նստեց գետնին և արտասվեց: Այդ ժամանակ նրան մոտեցավ նապաստակը:

– Հետևի°ր ինձ, – գոչեց նապաստակը և սլացավ անտառով, մինչև որ հասավ մի փոքրիկ լճի: Դեղին ոսկեդրամն ընկած էր լճակի հատակին:

Աստղամանուկը վերցրեց ոսկեդրամը և շտապեց քաղաք: Բորոտը, հենց որ նրան տեսավ, վազեց ընդառաջ և ծնկի գալով աղերսեց.

– Ողորմի՛ր  ինձ, այլապես ես կմեռնեմ:

Աստղամանուկը խղճաց նրան և ոսկեդրամը տվեց տանջալլուկ բորոտին: Այդ օրը ևս կախարդը ծեծեց տղային և առանց հաց ու ջրի գցեց զնդան` ոտքերին ու ձեռքերին շղթա դնելով: Իսկ առավոտյան նա դարձյալ եկավ ու ասաց.

– Եթե այսօր ինձ բերես կարմիր ոսկեդրամը, ես քեզ ազատ կարձակեմ, իսկ եթե ոչ` կսպանեմ:

Աստղամանուկը նորից անտառ գնաց, նորից ոչինչ չգտավ: Իսկ երեկոյան, երբ լալիս էր, նրան մոտեցավ նապաստակը և ցույց տվեց կարմիր ոսկեդրամի տեղը: Այս անգամ էլ քաղաքի դարպասի մոտ նրա ճամփան կտրեց բորոտը, և Աստղամանուկը դարձյալ գթաց նրան ու տվեց կարմիր ոսկեդրամը: Չնայած նրա սրտի վրա մի ծանր բեռ կար. գիտեր` ի՞նչ է սպասում իրեն: Բայց, ո՜վ զարմանք, երբ նա մոտեցավ քաղաքի դարպասին, պահապանները խոնարհվեցին նրա առաջ, պատիվ տվեցին և ասացին.

– Որքա՜ն գեղեցիկ է մեր տերը:

Քաղաքացիների ամբոխը հետևում էր նրան և բարձրաձայն գոչում.

– Աշխարհում նույնքան գեղեցիկ մեկին գտնելն անհնար է:

Աստղամանուկն արտասվեց և ինքն իրեն ասաց. ՙՆրանք հեգնում են ինձ, ծաղրում են թշվառությունս՚: Ի վերջո տղան մարդկանց կուտակման մեջ հայտնվեց մի մեծ հրապարակում, որտեղ գտնվում էր արքայի պալատը: Հանկարծ պալատի դռները բացվեցին, և դուրս վազեցին հոգևորականներ, բարձրաստիճան զորականներ և խոր գլուխ տալով` ասացին.

– Դու մեր արքայի որդին ես ու մեր տերը, որին մենք երկար ենք սպասել:

– Ես մի մուրացիկ կնոջ որդի եմ: Եվ ինչո՞ւ եք ասում, որ ես գեղեցիկ եմ. չէ՞ որ ես գիտեմ, որ այլակերպ եմ:

Այդ ժամանակ ոսկե  սաղավարտով մի զորապետ բարձրացրեց վահանն ու բացականչեց.

– Ինչո±ւ իմ տերը չի հավատում, որ ինքը ամենքից գեղեցիկն է:

Աստղամանուկը նայեց վահանին և տեսավ, որ իր գեղեցկությունը վերադարձել է. դեմքը նույնն է, ինչ առաջ, բայց աչքերում հայտնվել է նախկինում իրեն անծանոթ մի թախիծ: Բոլորը ծնկի եկան նրա առաջ, իսկ գլխավոր հոգևորականն ասաց.

– Մեր տերը թող վերցնի թագն ու գայիսոնը և մեզ թագավոր դառնա:

Բայց Աստղամանուկը նրանց պատասխանեց.

– Ես արժանի չեմ նման պատվի, քանի որ  ուրացել եմ մորս: Այժմ ես փնտրում եմ նրան, որպեսզի մեղա գամ և թողություն խնդրեմ և հանգիստ չեմ առնի, մինչև չգտնեմ նրան:

Այս խոսքերն ասելով` նա շրջվեց, որ գնա: Մեկ էլ ամբոխի մեջ նա տեսավ իր մուրացկան մորը, իսկ նրա կողքին` բորոտին: Ուրախության մի ճիչ դուրս թռավ Աստղամանուկի շուրթերից: Նա նետվեց դեպի մայրը, ծնկի իջավ, գրկեց նրա ոտքերը, արցունքներով ողողեց ու համբուրեց ոտքերի վերքերը:

– Ոտքի՛ ել, – ասաց կինը:

 – Ոտքի՛ ել, – կրկնեց բորոտը:

Աստղամանուկը, դանդաղ ուղղվելով, ոտքի ելավ, հետո բարձրացրեց գլուխը և իր առջև տեսավ թագավորին և թագուհուն: Եվ թագուհին ասաց.

– Ահա քո հայրը, որին դու օգնության հասար, երբ նա կարիքի մեջ էր:

Իսկ արքան այսպես ասաց.

– Ահա քո մայրը, որի ոտքերը դու արտասուքով ողողեցիր:

Նրանք Աստղամանուկին իրենց գիրկն առան, համբուրեցին, ապա տարան պալատ, շքեղ հագուստներ հագցրին, գլխին թագ դրեցին, գայիսոնը ձեռքը տվին, և նա թագավոր դարձավ: Աստղամանուկը արդար և գթառատ էր ամենքի հանդեպ: Նա չմոռացավ փայտահատին և նրա կնոջը. նրանց թանկագին ընծաներ ուղարկեց, իսկ նրանց զավակներին պատիվների արժանացրեց: Աստղամանուկը ոչ ոքի թույլ չէր տալիս թռչունների և գազանների հետ դաժանաբար վարվել, աղքատներին հաց էր տալիս, մերկերին` հագցնում: Եվ նրա երկրում թագավորում էին խաղաղությունը, առատությունը և սերը:

2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

2 + 5 =