facebook

ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՄԱՅՐԻԿԻՆ. ՄԱՐՏԻ 8


Երբ ցանկանում ես ուրախացնել մեկին, ապա դրա համար միջոցներ հաստատ կգտնվեն: Երբ քեզ համար սիրելի մարդուն անակնկալ մատուցելու մասին ես մտածում, հրաշալի գաղափարները իրենք իրենց գալիս ու լցվում են գլուխդ: Իսկ ե՞ս: Ես ընդամենը հուշում եմ ու օգնում եմ այդ լավ մտքերին լավ տեղավորվել գլխումդ: Ահա և մի նոր միտք մարտի 8-ին մեր սիրելի մայրիկներին անակնկալ մատուցելու համար:

Բոլոր մայրիկներն էլ ծաղիկներ սիրում են: Մարտի 8-ին նա հաստատ ծաղկեփունջ նվեր կստանա, իսկ դու, ինչպես միշտ, պետք է շատ օրիգինալ գտնվես ու զարմացնես մայրիկին: Հենց դրա համար էլ քեզ այս կախարդական ծաղկեփունջն եմ առաջարկում պատրաստել:

Flowers hand made (1)

Իրականում այն պատրաստելը շատ հեշտ է: Վերցնում ենք գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ և դակիչ ու արագ անցնում գործի, չէ՞ որ մարտի 8-ին համարյա բան չի մնացել: Կանաչ թուղթը ծալում ենք այնպես, ինչպես նկարում ու երիզներ կտրատում 1-1.5 սմ լայնությամբ՝ առանց դրանք ամբողջապես թղթից առանձնացնելու: Ապա ոլորում ենք թուղթը շրջանաձև և ներքևի ծայրն ամրացնում դակիչով: Հիմա կարող ես տարածել երիզները և փնջի տեսք տալ: Դե իսկ վերջում մնում է ծաղկեցնել փունջը: Այլ գունավոր թղթերից ծաղիկներ կտրատիր ու սոսնձիր երիզների վրա:

Ահա և վերջ: Լավ թաքցրու անակնկալդ, որպեսզի այն անակնկալ մնա մինչև վերջ: Իսկ երբ մայրիկը տեսնի այն, կհասկանա, որ քո նվերն իրականում աշխարհի ամենալավ ծաղկեփունջն է:

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՄԱՅՐԻԿԻՆ. ՄԱՐՏԻ 8