Մոտենում է աշխարհի ամենակարևոր ու ամենաուրախ տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Եվ մենք էլ պետք է պատրաստվենք դիմավորել այն, ինչպես որ հարկն է: Սուրբ Զատիկի ամենահետաքրքիր պատրաստությունը, իհարկե, ձու ներկելն ու զարդարելն է: Ուրեմն արի այս անգամ այդ պարտականությունը մայրիկների հետ միասին վերցնենք մեզ վրա: Ես էլ, իհարկե, ձեզ հետ եմ ու նոր, ինքնատիպ տարբերակներ կառաջարկեմ ձեզ: Խոստանում եմ՝ Սուրբ Զատիկին քո զարդարած սեղանը պարզապես անկրկնելի կլինի:
Դե ինչ, սկսեցինք: Տարբերակ 1-ին՝ Զատիկի ձվեր՝ փոքրիկ հովիվների տեսքով:
Ինչ է հարկավոր մեզ
Եփած ձվեր
Ձվի կեղև
Ֆլոմաստերներ
Վրձին
Կլեյստեր
Ինչպես ենք պատրաստում
Նախ տեսնենք, թե ինչպես են պատրաստում կլեյստերը: Կլեյստերը մածուցիկ նյութ է, որն օգտագործում են տարբեր նյութեր սոսնձելու համար: Վերցրեք մեկ ճաշի գդալ ալյուր, լցրեք այն 200 մլ ջրի մեջ, լավ խառնեք և եռացրեք 5 րոպե: Թողեք մի փոքր սառչի: Ահա և մեր կլեյստերը պատրաստ է:
Հիմա սկսենք զարդարել: Ձվի կեղևները մանրացրեք, ապա վերցրեք եփած ձվերը, վրձնիկով ձվի մի կեսին կլեյստերի հաստ շերտ քսեք: Հենց այդ կողմով էլ ձուն իջեցրեք մանրացրած կեղևի մեջ: Կեղևի փշուրները կկպչեն ձվի վրա և նրա համար գլխարկի դեր կկատարեն: 20 րոպեից կլեյստերն ամբողջությամբ կչորանա: Այդ ժամանակ էլ վերցրեք ֆլոմաստերները և նկարեք ձվի աչուկները, քիթը և բերանը:
Ահա այսքանը, մեր զատիկի ձուն պատրաստ է: Դու արդեն կարող ես սկսել պատրաստությունները, իսկ ես շտապեմ նոր մտքերի հետևից:
Անահիտ Ալեքսանյան