ՇՆԻԿԸ


Շնիկը

Նա ծնվեց մի նեղ ու կեղտոտ փողոցի անկյունում: Ընդամենը չորս տարեկան էր, երբ ծնողները լքեցին շնիկին, և նա այս մեծ ու փոքր աշխարհում մնաց միայնակ: Գնալով կյանքը դժվարանում էր: Ճոխ ռեստորանների ու մսի խանութների աղբամանները շրջապատված էին տարեց շների ոհմակներով: Ամենահամարձակները հափշտակում էին եղած-չեղածը, իսկ փոքրերն ու թույլերը բավարարվում էին մնացորդներով:

Ամեն երեկո շնիկը թափառում էր հին ու մռայլ փողոցներում ու նրբանցքներում, մտնում այգիներն ու պարտեզները: Մարդիկ նայում էին ու լուռ անցնում: Ոչ մեկը չէր օգնում կամ ուտելու որևէ բան տալիս: Մութն ընկնելուն պես թափառական շնիկը մտնում էր իր ստվարաթղթե տնակն ու քնում: Արևը ծագելուն պես ամեն ինչ սկսվում էր նորից:

Մի օր էլ շնիկն իր ծանոթ մայթեզրին տարօրինակ, բայց իր համար գեղեցիկ մի բան տեսավ: Հաստատ ուտելիք չէր: Փորձեց հարմարեցնել դնչիկին:

«Ի՜նչ տարօրինակ է. ամեն ինչ մեծ ու գեղեցիկ է երևում»,- մտածեց շնիկը:

Տարօրինակ առարկան դնչիկին՝ շնիկը մտավ ծաղկավաճառի մոտ: Ծաղկավաճառը նայեց նրա ականջներին և ժպտաց:

-Ի՜նչ գեղեցիկ է կյանքը, – ուրախացավ շնիկն ու գնաց մտավ խաղալիքների խանութը: Հետո զբոսնեց քաղաքի մեծ զբոսայգում: Ակնոցի հետևից երկու խոշոր աչքեր նայում էին լողավազանում չարչարվող ձկներին: Նրանք, պատեպատ զարկվելով, ուզում էին ազատվել քարե ավազանի ճանկերից:

Ուրախացած շնիկը քայլում էր, երբ փողոցի մի անկյունից սրինգի հնչյուններ լսեց: Շնիկը դանդաղ մոտեցավ:

-Բարև, շնի՛կ,- ասաց երաժիշտը և ուրախ ավելացրեց, – ուրեմն դու ես գտել իմ ակնոցը: Առավոտյան ես այն կորցրի. գրպանիցս էր ընկել: Կվերադարձնե՞ս: Առանց ակնոցի շատ եմ դժվարանում:

– Ներեցեք, բայց չեմ կարող, որովհետև ակնոցը կյանքս փոխեց: Առաջ ամեն ինչ մռայլ էր ու տխուր, մարդիկ ինձ չէին սիրում, իսկ հիմա ուրիշ է:

Երաժիշտը լսեց նրան, ապա ասաց.

– Լսի՛ր, փոքրի՛կ, եթե դու մենակ ես այս աշխարհում և տխուր ես, արի՛ ընկերանանք: Ընկերությունը լավ բան է. ես հավատացած եմ, որ ընկերոջ հետ աշխարհը կսիրես առանց ակնոցի էլ:

Շնիկը մտածեց, հետո նայեց ծեր երաժիշտին.

-Դե ինչ, վերցրու ակնոցդ, – ասաց ու դժվարությամբ բաժանվեց ակնոցից:

– Ե՛կ, բարեկա՛մս, գնանք: Տանը մեզ են սպասում:

Այդ օրվանից շնիկը տխուր չէր, ապրում էր երջանիկ, որովհետև էլ մենակ չէր, գտել էր իր մեծ բարեկամին ու ընկերոջը, որը սիրեց ու գուրգուրեց նրան:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։