Փոքրիկին դպրոց ճանապարհելու համար հարկավոր է ոչ միայն գեղեցիկ հագցնել նրան ու հավաքել դպրոցական պայուսակը, այլև երեխային նախապատրաստել հոգեբանորեն: Չէ՞ որ նա հայտնվելու է իր համար միանգամայն նոր աշխարհում: Ամեն ինչ այստեղ նոր է, նոր ընկերներ, նոր իրեր, նոր կանոններ և այս ամենի հետ, իհարկե, նոր դժվարություններ ու խնդիրներ, որոնք նա ստիպված է հաղթահարել: Որպեսզի այս ամենը նրա համար շատ բարդ և ցավոտ չլինի, Դուք կարող եք տրամադրել նրան, ինչպես որ հարկն է: Ահա այն հիմնական խնդիրները, որոնց երեխան բախվելու է դպրոցում:
ՕՐՎԱ ՌԵԺԻՄԸ
Ամենադժվար փորձություններից մեկը երեխայի համար օրվա խիստ ռեժիմն է: Ռեժիմի փոփոխությանը նույնիսկ մեծահասակներն են դժվար ընտելանում, երեխաների համար դա առավել դժվար է: Մինչև դասերի սկսվելը փորձեք երեխային սովորեցնել ավելի վաղ արթնանալ: Հաշվարկեք, թե որքան ժամանակ է պահանջվելու դպրոց հասնելու, նախաճաշի և հագնվելու համար և հենց այսօրվանից երեխային արթնացրեք այնքան վաղ, որ նա հասցնի անել այդ ամենը: Իհարկե, նա հենց սկզբից ժպիտը դեմքին չի արթնանա, բայց Դուք կարող եք բացատրել նրան, որ որքան շուտ արթնանա, այնքան շատ բան կհասցնի անել օրվա ընթացքում: Իսկ երեխային արթնացնելիս մի ընդունեք տխուր և խղճահարված դեմքի արտահայտություն: Երեխային կթվա, թե դպրոց գնալն իսկապես ողբերգություն է, որը ձգվելու է ամբողջ 12 տարի: Արթնացրեք նրան ժպիտով, ջերմ խոսքերով և լավատեսորեն տրամադրելով:
Քանի դեռ դասերը չեն սկսվել, սովորեցրեք երեխային նախաճաշել և ճաշել այն ժամերին, երբ նա պետք է ճաշի օրեր անց՝ երկար դասամիջոցին և դասերից հետո: Դրա շնորհիվ երեխան չի տանջվի քաղցից դասերի ընթացքում և կկենտրոնանա ներկայացվող նյութի վրա: Նրան որևէ առաջադրանք տալիս փորձեք սովորեցնել, որ ժամանակն անսահմանափակ չէ: Չէ՞ որ դպրոցում իր առաջադրանքները կատարելու համար նրան հատկացվելու է միայն 40-45 րոպե: Օրինակ, երեխային ծեփամածիկ տվեք, խնդրեք, որ նա Ձեզ համար արջուկ պատրաստի և մի գեղեցիկ բան նկարի թղթի վրա և այս ամենի համար որոշակի ժամանակ տվեք նրան:
Հարկավոր է երեխային բացատրել նաև դասամիջոցի նշանակությունը: 10-15 րոպեի ընթացքում նա պետք է հասցնի պատրաստվել հաջորդ դասին, պայուսակից հանի գրքերն ու տետրերը, անհրաժեշտ պարագաները, հասցնի վազել պետքարան և այլն, և այլն: Երեխան պետք է կարողանա կողմնորոշվել, թե որն է ավելի կարևոր այդ պահին, իսկ անկարևորը թողնի, օրինակ, մյուս դասամիջոցին:
Հաջորդ խնդիրը տնային առաջադրանքներն են: Երեխան պետք է պատասխանատու զգա, որ, ենթադրենք, հաջորդ օրը այսինչ ժամին պետք է պատրաստ ներկայացնի այսինչ առաջադրանքը: Նրան ընտելացնելու համար կարող եք փոքրիկ առաջադրանքներ տալ մինչև դասերի սկսվելը: Օրինակ, խնդրենք որ մինչև վաղը մի փոքրիկ քառատող սովորի ու վաղն առավոտյան արտասանի այն Ձեզ համար: Եվ, իհարկե, մի մոռացեք ոգևորել և խրախուսել երեխային լավ արված աշխատանքի համար: Երբեք մի խոստացեք նյութական պարգևատրում, հակառակ դեպքում ուսումը նա կընկալի որպես Ձեզնից նվեր ստանալու միջոց:
ՆՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ
Նոր միջավայրին հարմարվելու լավագույն տարբերակը մանկապարտեզից կամ բակից ծանոթ ընկերն է, սակայն եթե երեխան այդպիսի դասընկեր չունի, ապա հուշեք նրան, որ պետք է հաճախ ծանոթանալ իր հասակակիցների հետ: Թող երեխաները միմյանց հյուր գնան, մասնակցեն մանկական տոնակատարությունների ու միջոցառումների: Այսպիսի հատկանիշների ձևավորման համար հրաշալի վայր է մանկապարտեզը: Այստեղ երեխան հասկանում է, թե ինչ է սոցիալական միջավայրը և ձեռք բերած հմտություններն իր հետ տանում է դպրոց:
ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ
Առաջին ուսուցչուհին երկրորդ մայրիկն է, այնպես որ դպրոցն ընտրելիս պետք է մեծ ուշադրությամբ ընտրել նաև առաջին ուսուցչուհուն: Մի լավ ուսումնասիրեք նրան, հետևեք, թե ինչպես են նրան վերաբերվում մյուս աշակերտները: Երեխաները նրանից պետք է ոչ թե վախենան և քարացած կանգնեն իրենց տեղում, այլ պետք է ձգտեն մոտ լինել ուսուցչուհուն, ուշադիր և հետաքրքրությամբ լսեն նրան, ուրախանան նրան տեսնելիս: Խոսեք Ձեր երեխայի ուսուցչուհու հետ, հասկացեք նրա վերաբերմունքը երեխաների հանդեպ առհասարակ: Զգուշացեք, եթե նա խոստանում է Ձեր երեխային հանճար ու գիտնական դարձնել, չէ՞ որ նա դեռ չի ճանաչում երեխային: Բարեբախտաբար շատ դպրոցներում այժմ մանկական հոգեբաններ կան, ովքեր կօգնեն Ձեզ և երեխայի առաջին ուսուցչուհուն ճիշտ մոտեցում ընտրել երեխայի հանդեպ:
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախ հոգ տարեք երեխայի ֆիզիկական պատրաստվածության մասին: Սովորեցրեք նրան առավոտյան մարզվել, ընկերակցեք նրան այդ ընթացքում, այդպես ավելի ուրախ կլինի: Հատկապես ուշադրություն դարձրեք մեջքին, չէ՞ որ նա ստիպված է լինելու ուղիղ նստել մի քանի ժամ շարունակ: Ապա ստուգեք երեխայի տեսողությունը, անպայման այցելեք բժշկի: Նա հավանաբար վիտամիններ կնշանակի երեխայի համար:
Հղկեք երեխայի արտասանությունը, միասին շուտասելուկներ ու բանաստեղծություններ սովորեք: Սովորեցրեք երեխային այբուբենը, թվերը, թող նա սովորի հաշվել, գումարել և հանել մինչև տասը: Այս ամենի համար Ձեզ կօգնեն խաղալիքները, խորանարդիկները և կոնստրուկտորները, որոնց վրա թվեր ու տառեր են գրված: Փոքրիկի սենյակում մեծ պաստառ փակցրեք՝ գունավոր տառերով ու թվերով: Իհարկե, այս նախապատրաստական աշխատանքները պետք չէ չարաշահել, հակառակ դեպքում երեխայի համար դպրոցի առաջին տարին կարող է ձանձրալի թվալ, եթե ամեն ինչ արդեն իմանա:
Սովորեցրեք երեխային ինքնուրույն լինել: Թող նա ինքնուրույն հավաքի իր սենյակը, դասավորի պայուսակը, կազմի տետրերն ու գրքերը, լրացնի իր անունն ու ազգանունը: Այս ամենը նրան դեռ շատ պետք կգա: Շատ կարևոր է երեխային ներկայացնել նաև կարգապահության կարևորությունը: Չէ՞ որ շատ հաճախ ուսուցիչները գնահատական են նշանակում նաև կարգապահության համար, իսկ երբեմն էլ կանչում են տնօրենի մոտ:
ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ
Որպեսզի դպրոց գնալը երեխայի համար նաև հաճելի լինի, դասերից մի քանի օր առաջ շրջեք նրա հետ խանութներով: Անհրաժեշտ պարագաներ՝ տետրեր, գրենական պիտույքներ, նոթատետրեր, գրիչներ ու մատիտներ գնելիս գույնի և նկարի ընտրությունը թողեք երեխային: Իսկ Դուք ստուգեք որակը, անվտանգությունն ու ֆունկցիաները: Միասին ընտրեք նաև երեխայի հագուստը:
Մինչև դասերի սկսվելը փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեք դեպի երեխայի ապագա դպրոց: Իհարկե, երեխան պետք է լավ սովորի դպրոցում ու չծուլանա, սակայն ոչ մի դեպքում պետք չէ նրան պարտադրել գերազանցիկ լինել: Սովորելու ընթացքում նա կհասկանա, թե որ առարկաներն են սիրելի իր համար, իսկ որոնք այնքան էլ հետաքրքիր չեն:
Եվ հիշեք, երեխային Ձեր ամենամեծ օգնությունը կլինեն Ձեր սերն ու հոգատարությունը: Նա պետք է հասկանա, որ միայն ինքը չէ պատրաստվում դպրոցին, Դուք նրա հետ միասին կիսում եք նրա հոգսերը և օգնում հաղթահարել բոլոր-բոլոր դժվարությունները:
Անահիտ Ալեքսանյան